Հռոմի իր տանը կյանքի 97-րդ տարում վախճանվել է թատրոնի եւ կինոյի անվանի իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին, հայտնել են հիմնադրամի ներկայացուցիչները, որը կրում է մաեստրոի անունը:
«Մի քանի րոպե առաջ հանգիստ կանգ առավ Ֆրանկո Ձեֆիրելլիի սիրտը: Նա մահացավ երկարատև հիվանդությունից հետո: Հուղարկավորության վայրի եւ ամսաթվի մասին տեղեկատվությունը կհաջորդի: Մաեստրոն կհանգրվանի Ֆլորենցիայի Porte Sante գերեզմանատանը», – ասված է Հիմնադրամի կայքում զետեղված հաղորդագրության մեջ
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 17-ին Հռոմի քաղաքապետարանում Կապիտոլիումի բլրի վրա, իսկ այնտեղից ռեժիսորին կտեղափոխեն հարազատ Ֆլորենցիա:
Ֆրանկո Ձեֆիրելլին ծնվել է Ֆլորենցիայում 1923 թ. փետրվարի 12-ին: Սկզբում սովորել է ճարտարապետի վրա, սակայն ուսումը ընդհատել Է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ Ջեֆիրելլին իտալական Դիմադրության շարժման պարտիզան էր, իսկ հետո՝ շոտլանդական գվարդիայի թարգմանիչ:
Կինոյում նա նորամուտը նշել է 1957 թվականին «Քեմփինգ» կարճամետրաժ ֆիլմով: Նրան ժողովրդականությունը բերել են Շեքսպիրի էկրանավորումները՝ «Անսանձի սանձահարումը» (1967) եւ «Ռոմեո եւ Ջուլիետ» (1968): «Ռոմեո եւ Ջուլիետ» ֆիլմի համար Ձեֆիրելլիին առաջադրվել էին «Օսկարի» որպես լավագույն ռեժիսոր, ֆիլմը ստացել է մրցանակ հագուստների լավագույն դիզայն եւ լավագույն օպերատորական աշխատանքի համար: