Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը Իտալիայում տեղի կունենա Վենետիկի 76-րդ կինոփառատոնը, որի կազմակերպիչները ներկայացրել են ծրագրում ընտրված եւս երկու ֆիլմ՝ ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Նեյթ Փարքերի «American Skin» ժապավենը և ռեժիսոր-դեբյուտանտ Գրեմ Սքոթի «The Hell and the Hope» վավերագրական կինոնկարը: Երկու ֆիլմերի համար էլ փառատոնում տեղի կունենա համաշխարհային պրեմիերան:
«American Skin» – ը Նեյթ Փարքերի հետ կներկայացնի ռեժիսոր Սփայք Լին: Երկուսն էլ կմասնակցեն ֆիլմի քննարկմանը ցուցադրությունից հետո:
Հայտնի է դարձել նաեւ, որ ամերիկացի ռեժիսոր Թերենս Նենսը, ում («An Oversimplification of Her Beauty», «Swimming in Your Skin Again», «Univitillen») ֆիլմերը ցուցադրվել են Սանդենսում եւ Նյու Յորքի կինոփառատոներում, կմիանա Լուիջի Դե Լաուրենտիսի անվան մրցանակի ժյուրիին: Լուիջի Դե Լաուրենտիսի անվան «Ապագայի Ոսկե առյուծ» մրցանակը տրվում է լավագույն դեբյուտային ֆիլմի համար: Ժյուրիի կազմում են նաեւ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան (Սերբիա, նախագահ), ռեժիսոր Անտոնիետա Դե Լիլյոն (Իտալիա), դերասանուհի Հենդ Սաբրին (Թունիս) և պրոդյուսեր Մայքլ Ջ. Վերները (ԱՄՆ):
Ավելի վաղ հայտնի էին դարձել Վենետիկի 76-րդ կինոփառատոնի ծրագրում ընտրված կինոնկարները: