Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Regal-ը՝ ԱՄՆ-ի երկրորդ կինոթատրոնային ցանցը, դադարեցրել է իր հարթակների աշխատանքը: Նրանք գործել են կարանտինից դուրս գալուց ընդամենը երկու ամիս անց, գրում է Variety-ն: Կինոցանցի մայր ընկերությունը՝ Բրիտանական Cineworld, նույնպես փակել է իր դահլիճները Միացյալ Թագավորությունում:
Կամավոր լոքդաունին ստիպել է դիմել Ջեյմս Բոնդի մասին նոր՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի հետաձգումը այս հոկտեմբերից 2021 թվականի գարուն: Այժմ կինոթատրոնների մոտակա ֆիլմացանկում բլոկբաստերներ չի մնացել, որոնք կկարողանային զանգվածային լսարան գրավել: Այդ պատճառով ընկերության սեփականատերերը, ինչպես կարծում է աղբյուրը, համարել են, որ պրոյեկտորը անջատելն ավելի էժան կլինի, քան այն գործարկել հանուն կինոսիրողների ոչ մեծ խմբի:
Այս նորության պատճառով Cineworld-ի բաժնետոմսերը անկում են ապրել ավելի քան 40%: Միաժամանակ իրենց գինը սկսել են կորցնել նաև այլ խոշոր կինոցանցերի բաժնետոմսերը՝ AMC՝ ընկել է 11%, Cinemark՝ 13%, IMAX՝ 3%, թեև առայժմ հայտնի չէ, թե այդ ընկերությունները կհետևեն Regal-ի օրինակին, թե ոչ:
Կինոթատրոնները, երկար կարանտինից հետո վերադառնալով աշխատանքին, հույս էին դրել Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» մարտաֆիլմի վրա: Այնուամենայնիվ, ժապավենի վարձույթային արդյունքները կանխատեսումներից ցածր են եղել, ինչն ազդանշան է տալիս կինոթատրոններ այցելելու նկատմամբ հանրության զգուշավոր վերաբերմունքի մասին: Այս ֆոնին սկսել են լուրեր հայտնվել, որ հոլիվուդյան ընկերությունները կրկին սկսել են զանգվածային կերպով տեղափոխել իրենց թողարկումները: