Ռուսաստանի Դաշնային ժողովը լիագումար նիստում հավանություն է տվել վարձութային վկայականների տրամադրման մասին օրենքում կատարված փոփոխություններին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր KinoPress-ը, ֆիլմում ռուսական ավանդական արժեքները ժխտող նյութերի առկայությունը վարձութային վկայականների հանձնումը մերժելու պայման կդառնա: Օրենքը նաև ՌԴ մշակույթի նախարարությանը կտրամադրի նախկինում տրված վկայականներում միակողմանի փոփոխություններ կատարելու լիազորություն:
Նորամուծությունները սահմանում են նաև պահանջներ առցանց տեսալսողական բովանդակություն ցուցադրողների համար։ Տեսալսողական ծառայությունների և սոցիալական ցանցերի սեփականատերերը պարտավոր են «Ռոսկոմնադզոր»-ի պահանջով մեկ օրվա ընթացքում դադարեցնել ֆիլմի կամ սերիալի տարածումը, եթե այդ բովանդակության վերաբերյալ վարձութային վկայականը հետ է կանչվել կամ տրվել է եզրակացություն, որ այն պարունակում է նյութեր, որոնք վարկաբեկում են ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները։
Բացի այդ, սոցիալական ցանցերի սեփականատերերը պարտավոր կլինեն վերահսկել իրենց հարթակները՝ նման բովանդակությունը հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում վերացնելու նպատակով։
Ընդ որում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օրինագծից հանվել է պահանջը՝ պարտադիր վարձութային վկայականներ ստանալու առցանց կինոթատրոններում ցուցադրվող բովանդակության համար։
ՌԴ նախագահի կողմից օրենքի ստորագրման դեպքում նոր նորմերն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտի 1-ից:
Հիշեցնենք, որ այժմ քննարկման է դրված «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունների փաթեթը, որի շրջանակում առաջարկվում է վերանայել վկայանի՝ ֆիլմի շրջանառություն դնելու իրավունքը հաստատող փաստաթղթի կարգավիճակը և սահմանել, որ վարձութային վկայականը «Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածման և ցուցադրման համար պարտադիր հանդիսացող ազգային մարմնի կողմից տրամադրվող թույլտվություն» է։ Սրանով պահպանվում է Ռուսաստանի Դաշնության ձևաչափը։






































