Ֆիլմ ընտրելիս սովորաբար նայում ենք ժանրին, դերասաններին, թրեյլերին, երբեմն՝ քննադատների կամ ընկերների գնահատականներին։ Բայց այսօր ֆիլմի մասին նախապես բավական շատ բան կարող է ասել նաև նրա անվան կողքին դրված փոքրիկ նշումը՝ «Ը», «ԾՈՒ», «12ԾՈՒ», «15», «18» կամ «21»։
Հայաստանում ֆիլմերի դասակարգման սեփական համակարգն արդեն ամբողջությամբ ձևավորված է։ Այն մի կողմից պետք է օգնի ծնողներին կողմնորոշվել երեխայի համար ֆիլմ ընտրելիս, մյուս կողմից՝ հանդիսատեսին նախապես տեղեկացնի, թե ինչ բնույթի և ինչ ինտենսիվության բովանդակության հետ է նա գործ ունենալու։ Եվ այստեղ կարևոր է հենց «տեղեկացնել» բառը․ հայկական համակարգը կառուցված է ոչ միայն սահմանափակումների, այլ մեծ չափով նաև ընտրության համար անհրաժեշտ տեղեկություն տալու տրամաբանությամբ։
Ի դեպ, տարիքային նշումները Հայաստանի հանդիսատեսի համար նոր երևույթ չեն։ Դրանք կինոթատրոններում սկսել էին սովորական դառնալ շատ ավելի վաղ, քան Հայաստանը կունենար սեփական իրավական դասակարգիչը։ 2010-ականների կեսերին հայկական կինոշուկայում արդեն լայնորեն շրջանառվում էին ռուսական համակարգին բնորոշ «12+», «16+», «18+» ձևաչափերը։ Օրինակ՝ 2015 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված «Դիվահարը» ներկայացվում էր «16+» նշումով, իսկ 2016 թվականի հունվարին նույն կինոթատրոնում «Շերլոք. Գարշելի հարսնացուն» ևս հրապարակայնորեն ներկայացվում էր որպես «16+» ֆիլմ։
Դա մեծապես կապված էր նաև շուկայի ձևավորված պրակտիկայի հետ․ արտասահմանյան ֆիլմերի հետ Հայաստան էին հասնում արդեն պատրաստ դիստրիբյուցիոն նյութեր և դրանց վրա օգտագործվող տարիքային նշումները։ Կինոթատրոնները գործնականում պահպանում էին այդ նշումները, իսկ հանդիսատեսը աստիճանաբար սովորում էր դրանց։ Ծնողների համար «այս ֆիլմը քանի՞ տարեկանից է» հարցը դարձավ նույնքան բնական, որքան ֆիլմի տևողության կամ լեզվի մասին հարցը։
Սակայն այստեղ կար մի էական տարբերություն․ այդ նշումները գոյություն ունեին որպես շուկայական սովորույթ, ոչ թե որպես Հայաստանի սեփական իրավական դասակարգում։ «16+»-ը կարող էր ցուցադրվել հայկական կինոթատրոնի ազդագրում, բայց հայկական օրենսդրությունը դեռ չէր սահմանում, թե ինչ է նշանակում հենց այդ «16+»-ը և ինչ չափորոշիչներով է այն որոշվում։
Իրավական շրջադարձը տեղի ունեցավ 2021 թվականին։ Հունիսի 30-ին ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը առաջին անգամ Հայաստանի կինեմատոգրաֆիական օրենսդրության մեջ ամրագրեց «դասակարգում» հասկացությունը՝ այն սահմանելով որպես ֆիլմերի տարբերակում ըստ դիտողների տարիքային սահմանափակման չափորոշիչների։ Օրենքն ուժի մեջ մտավ 2021 թվականի հուլիսի 26-ին, սակայն դրա մի շարք դրույթներ պետք է գործեին համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո։
Այդ հաջորդ քայլը եղավ 2024 թվականին։ Կառավարության հունվարի 18-ի N 92-Ն որոշումը, որն ուժի մեջ մտավ մարտի 20-ին, սահմանեց վարձութային վկայականի տրամադրման, ֆիլմերի դասակարգման և տարիքային նշումների կիրառման ընթացակարգը։ Հենց այստեղ իրավական շրջանառության մեջ մտան այսօր արդեն գործող վեց կատեգորիաները՝ «Ը», «ԾՈՒ», «12ԾՈՒ», «15», «18» և «21»։
Բայց դեռ մնում էր հիմնական հարցը՝ իսկ ինչո՞ւ մի ֆիլմը պետք է լինի «12ԾՈՒ», մյուսը՝ «15», իսկ երրորդը՝ «18»։
Դրա պատասխանը համակարգը ստացավ 2025 թվականի մարտի 24-ին, երբ ԿԳՄՍ նախարարի N 08-Լ հրամանով հաստատվեցին ֆիլմերի դասակարգման բովանդակային չափորոշիչները։ Այսպիսով, եթե 2021 թվականին օրենքը սահմանեց դասակարգման պահանջը, իսկ 2024-ին ստեղծվեց դրա ընթացակարգային մեխանիզմը, ապա 2025 թվականից արդեն հնարավոր դարձավ խոսել ամբողջական ազգային դասակարգիչի մասին՝ սեփական կատեգորիաներով և դրանց բովանդակային չափանիշներով։
Եվ ինչպե՞ս է այն աշխատում։
Սկզբից կարևոր է հասկանալ, որ ֆիլմի դասակարգումը պարզապես էկրանին հայհոյանքների, կրակոցների կամ համբույրների քանակը հաշվելը չէ։ Գնահատվում են ֆիլմի թեման, ժանրը, բովանդակությունը և գեղարվեստական լուծումները, տարբեր տարիքի երեխաների կողմից այդ տեղեկատվության ընկալման առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց առողջությանը կամ զարգացմանը հնարավոր վնասի հավանականությունը։
Այսինքն՝ հաշվի է առնվում նաև համատեքստը։ Մահվան տեսարանը մանկական անիմացիայում, ռազմական դրամայում և սարսափ ֆիլմում կարող է ունենալ բոլորովին տարբեր ուժգնություն։ Նույնը վերաբերում է բռնությանը, սեռական թեմաներին, թմրամիջոցների հիշատակմանը կամ կոպիտ բառապաշարին։
Ամենացածր աստիճանը «Ը»-ն է՝ «Ընդհանուր»։ Այն նախատեսված է ցանկացած տարիքի հանդիսատեսի համար։ Սա այն կատեգորիան է, որը ծնողին հնարավորություն է տալիս հասկանալու՝ ֆիլմը կարելի է ընտրել նաև փոքր երեխայի հետ դիտելու համար։
«ԾՈՒ»-ն նշանակում է, որ ֆիլմը խորհուրդ է տրվում դիտել ծնողների ուղեկցությամբ և նախատեսված է 8 և ավելի տարեկանների համար։ Այստեղ արդեն կարող են հանդիպել ավելի բարդ թեմաներ՝ հիվանդություն, դժբախտ պատահար, աղետ, մահ կամ որոշ հակաիրավական գործողություններ, բայց դրանց ներկայացումը չպետք է երեխայի մոտ ուժեղ վախ, սարսափ կամ խուճապ առաջացնի։
Այս կատեգորիայի գաղափարը բավական հետաքրքիր է։ Այն ծնողին չի ասում՝ «երեխային արգելված է այս ֆիլմը»։ Այն ասում է՝ «ֆիլմում կարող է լինել մի բան, որը երեխային բացատրելու կարիք կունենա»։ Այս իմաստով ծնողական ուղեկցությունը ոչ միայն վերահսկողություն է, այլ նաև մասնակցություն երեխայի դիտման փորձին։
«12ԾՈՒ»-ն նախատեսված է 12 և ավելի տարեկանների համար, իսկ ավելի փոքրերին խորհուրդ է տրվում այն դիտել ծնողի ուղեկցությամբ։ Այստեղ արդեն կարող են լինել բռնության ոչ նատուրալիստական դրվագներ, ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների կամ մոլեխաղերի թեմաներ, ինչպես նաև սեռական հարաբերությունների ոչ բացահայտ պատկերումներ։ Կարևոր պայմաններից մեկն այն է, որ վտանգավոր կամ հակասոցիալական վարքը չարդարացվի կամ չներկայացվի որպես ընդօրինակման արժանի։
«15»-ը հաջորդ աստիճանն է։ Այստեղ ֆիլմը կարող է արդեն աշխատել ավելի ծանր նյութի հետ՝ բռնություն, մահ, դժբախտ պատահարներ, կախվածություն առաջացնող նյութեր, սեռական հարաբերություններ, առանձին կոպիտ արտահայտություններ։ Բայց չափորոշիչները դեռ սահման են պահպանում բացահայտության և նատուրալիստական ներկայացման հարցում։
Այդ պատճառով «15»-ը պարզապես թիվ չէ։ Այն հանդիսատեսին փաստացի ասում է, որ ֆիլմը մտնում է ավելի հասուն թեմատիկ տարածք, որտեղ թրեյլերը կամ կարճ նկարագրությունը միշտ չէ, որ բավարար են բովանդակության իրական ինտենսիվությունը հասկանալու համար։
«18»-ը նախատեսված է 18 և ավելի տարեկանների համար։ Այստեղ կարող են լինել արդեն ավելի բացահայտ բռնություն, սեռական գործողություններ, թմրամիջոցների օգտագործման կամ ուժեղ սարսափի տեսարաններ։ Միևնույն ժամանակ իրական սեռական ակտը թողնված է այս կատեգորիայից դուրս։
Հենց «18»-ի ձևակերպումն է, սակայն, գործող չափորոշիչների այն հատվածներից մեկը, որը հետագայում գուցե արժե ավելի հստակեցնել։ Փաստաթուղթը հղում է անում նաև նախորդ կատեգորիաներում առկա սահմանափակումներին, բայց այս աստիճանի բովանդակային սահմանը նկարագրված է ավելի ընդհանուր, քան, օրինակ, «15»-ի դեպքում։ Գործնական կիրառման համար օգտակար կլիներ ավելի հստակ տարբերակել, թե երբ բռնության, սարսափի կամ սեռական բովանդակության ինտենսիվությունը ֆիլմը «15»-ից տեղափոխում է «18»։ Սա արդեն ոչ թե համակարգի գաղափարի, այլ նրա հետագա ճշգրտման հարց է։
Իսկ «21»-ը համակարգի առանձնահատուկ կատեգորիան է։ Այն սահմանափակ դասակարգում է բացահայտ սեռական բովանդակության համար, այդ թվում՝ իրական սեռական ակտի ցուցադրման դեպքում։ Եվ այստեղ է հայկական համակարգի կարևոր իրավական տարբերություններից մեկը․ «21»-ի դեպքում արդեն օգտագործվում է ուղիղ «արգելված է» ձևակերպումը։
Եթե նայենք կառավարության սահմանած կատեգորիաների լեզվին, տարբերությունն ակնհայտ է։ «ԾՈՒ»-ի դեպքում ֆիլմը խորհուրդ է տրվում դիտել ծնողների ուղեկցությամբ։ «12ԾՈՒ»-ի դեպքում մինչև 12 տարեկաններին ևս խորհուրդ է տրվում ծնողական ուղեկցություն։ «15»-ը և «18»-ը ձևակերպված են որպես համապատասխան տարիքային խմբի համար «նախատեսված» ֆիլմեր։ Եվ միայն «21»-ն է՝ «արգելված է 21 տարին չլրացած անձանց համար»։
Սա հայկական համակարգին որոշակիորեն ավելի խորհրդատվական բնույթ է տալիս։ Այն մինչև իր ամենաբարձր աստիճանը հիմնականում փորձում է տեղեկացնել հանդիսատեսին և ծնողին, այլ ոչ թե յուրաքանչյուր թվի հետ ավտոմատ կառուցել կոշտ արգելք։
Համեմատության համար՝ Ռուսաստանում մոտեցումն ավելի սահմանափակող է։ Այնտեղ 0+, 6+, 12+, 16+ և 18+ համակարգը վերաբերում է ընդհանրապես «տեղեկատվական արտադրանքին», իսկ 18+ կատեգորիան օրենքով սահմանվում է որպես երեխաների համար արգելված տեղեկատվական արտադրանք։ Այսինքն՝ այնտեղ 18-ը ոչ միայն խորհուրդ կամ նպատակային լսարանի նշում է, այլ իրավական սահման։
Ղազախստանում ևս գործում է ավելի կոշտ կիրառման օրինակ․ «21+» ֆիլմերը կինոթատրոններում կարող են ցուցադրվել միայն ժամը 22:00-ից մինչև 06:00-ն, իսկ հեռուստատեսությամբ 18+ և 21+ ֆիլմերի համար սահմանված են առանձին ժամային սահմանափակումներ։
Այս համեմատության մեջ հայկական մոդելի առավելությունը հենց ընտրության նկատմամբ վերաբերմունքն է։ Այն փորձում է տարբերակել երեք իրավիճակ՝ երբ բովանդակությունը հարմար է բոլորին, երբ ծնողին պետք է խորհուրդ կամ կողմնորոշիչ, և երբ իսկապես անհրաժեշտ է ուղիղ արգելք։
Բայց այստեղ էլ համակարգը դեռ ավարտված ճանապարհ չէ։
Այսօր Հայաստանում ֆիլմերի կինոթատերային դասակարգումը և հեռուստատեսային բովանդակության կարգավորումը գործում են տարբեր տրամաբանություններով։ Ֆիլմը, օրինակ, կարող է կինովարձույթում ստանալ «18» դասակարգում, սակայն եթե հետագայում այն հայտնվում է հայկական հեռուստաեթերում, այդ «18»-ը ինքնաբերաբար չի դառնում հեռուստատեսային իրավական կարգավիճակ։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը առանձին կարգավորում է էրոտիկ բնույթի հաղորդումները, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող նյութերը և անչափահասների զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները։ Նման բովանդակությունը, առանց տեխնիկական հասանելիության սահմանափակման, կարող է եթեր հեռարձակվել ժամը 24:00-ից մինչև 06:00-ն։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն էլ ունի այդ բովանդակությունը որոշելու սեփական չափորոշիչները։
Այսինքն՝ նույն ֆիլմը այսօր Հայաստանում փաստացի ընկնում է երկու տարբեր կարգավորման տրամաբանությունների տակ՝ մեկ անգամ որպես կինովարձույթի ֆիլմ, մյուս անգամ՝ որպես հեռուստատեսային բովանդակություն։
Սա որոշակի անհամաչափություն է ստեղծում։ Ֆիլմը, ի վերջո, մնում է նույն տեղեկատվական արտադրանքը՝ անկախ նրանից՝ մենք այն դիտում ենք կինոթատրոնում, հեռուստացույցով, թե առցանց հարթակում։ Հետևաբար ապագայում տրամաբանական քննարկման թեմա կարող է լինել ոչ թե նոր սահմանափակումներ ավելացնելը, այլ արդեն գոյություն ունեցող համակարգերն ավելի լավ միմյանց կապելը։
Այստեղ Ռուսաստանի օրինակը հետաքրքիր է ոչ այնքան իր խստությամբ, որքան կառուցվածքով։ Ռուսական օրենքը դասակարգում է հենց «տեղեկատվական արտադրանքը»՝ տպագիր, տեսալսողական, մեդիա և այլ ձևերով, իսկ հետո արդեն տարածման տարբեր միջավայրերի համար կարող են գործել լրացուցիչ կանոններ։ Այս մոտեցման առավելությունն այն է, որ ստեղծագործությունն ունի մեկ հիմնական տարիքային կարգավիճակ, և այն ամեն անգամ նորից չի «վերագնահատվում» միայն այն պատճառով, որ կինոթատրոնից տեղափոխվել է հեռուստատեսություն։
Հայաստանում հնարավոր հաջորդ քայլը նույնպես կարող էր լինել նման համադրումը՝ պահպանելով ներկայիս ֆիլմային դասակարգիչը, բայց այն կապելով հեռուստատեսության և առցանց տարածման կանոնների հետ։ Այդ դեպքում «15» ֆիլմը կմնար «15» նաև հեռուստատեսությունում, պարզապես օրենքը կարող էր սահմանել՝ այդ կատեգորիան ինչ ժամերին կամ ինչ տեխնիկական պայմաններով կարելի է հեռարձակել։
Սա հատկապես կարևոր է նաև այն պատճառով, որ ժամանակակից հանդիսատեսի համար կինոթատրոնը, հեռուստատեսությունը և առցանց հարթակը այլևս երեք ամբողջովին առանձին աշխարհներ չեն։ Նույն ֆիլմը մի քանի ամսվա ընթացքում կարող է անցնել դրանց բոլորով։ Հանդիսատեսի համար շատ ավելի հասկանալի է, երբ նույն նշումը նույն բանն է նշանակում ամեն տեղ։
Չնայած այդ բաց հարցերին, սեփական դասակարգիչ ունենալը Հայաստանի համար էական առաջընթաց է։ Տարիներ շարունակ հանդիսատեսը տեսնում էր տարիքային նշումներ, որոնք հիմնականում ձևավորվել էին այլ շուկաների կանոններով։ Այժմ ֆիլմը պետք է գնահատվի հենց Հայաստանի համար սահմանված չափորոշիչներով։
Ավելին՝ դասակարգիչը նախատեսված չէ պարզապես վարձութային վկայականում պահելու համար։ Գործող կարգով նշումը պետք է հայտնվի ֆիլմի մասին ազդագրերում և հայտարարություններում, տոմսերի կամ հրավիրատոմսերի վրա և հենց ֆիլմի ցուցադրումից առաջ։ Էկրանին այն պետք է գտնվի կենտրոնում առնվազն տասը վայրկյան, իսկ նշանի չափը պետք է կազմի էկրանի մակերեսի առնվազն հինգ տոկոսը։
Դա փոքր տեխնիկական պահանջ է, բայց հենց դրանից է կախված ամբողջ համակարգի իմաստը։ Եթե դասակարգիչը տեսնում է միայն պետական մարմինը, այն վարչական գրառում է։ Եթե այն տեսնում է հանդիսատեսը մինչև ֆիլմ ընտրելը, այն դառնում է ծառայություն հանդիսատեսին։
Եվ գուցե այստեղ է ամբողջ համակարգի գլխավոր գաղափարը։
Տարիքային դասակարգումը չպետք է ընկալել որպես ֆիլմի վրա փակցված «վտանգավոր է» պիտակ։ «18» ֆիլմը վատ ֆիլմ չէ, ինչպես «Ը»-ն լավ ֆիլմի հավաստագիր չէ։ Դրանք տարբեր բովանդակություն ունեցող ստեղծագործությունների համար տարբեր լսարաններ գտնելու գործիքներ են։
Ծնողը ստանում է լրացուցիչ տեղեկություն երեխայի համար որոշում կայացնելու համար։ Հանդիսատեսը նախապես հասկանում է, թե ինչ ինտենսիվության բովանդակություն է իրեն սպասվում։ Կինոթատրոնն ու դիստրիբյուտորը ստանում են միասնական լեզու։ Իսկ հայկական կինոշուկան, որը երկար ժամանակ օգտագործում էր ուրիշ համակարգերից եկած տարիքային նշումները, վերջապես ունի սեփական չափորոշիչները։
Այս իմաստով «Ը»-ից մինչև «21» ճանապարհը ոչ այնքան արգելքների սանդղակ է, որքան նախապես տրված պատասխան մի պարզ հարցի՝ ո՞ւմ համար է այս ֆիլմը և ինչի՞ պետք է պատրաստ լինի այն դիտող մարդը։















