Դեկտեմբերի 3-ին Warner Bros.-ը հայտնել է, որ 2021 թվականի իր բոլոր թողարկումները միաժամանակ կթողարկվեն կինոթատրոններում և HBO Max ծառայությունում, հայտնում է THR-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ստուդիան նման որոշում էր կայացրել «Հրաշք Կին 1984» ֆիլմի նկատմամբ:
Բացի սուպերհերոսական ֆիլմի սիքվելից, կինոընկերությունը ծրագրում է համացանցում թողարկել 17 ֆիլմ, որոնց թվում են «Մատրիցա 4», «Դյունա» և «Mortal Kombat» կինոժապավենները:
Այդ ժապավենները կտեղադրվեն առցանց հարթակում՝ կինոթատրոններում նրանց դուրս գալու օրը: Յուրաքանչյուր դեպքում ինտերնետ վարձույթը կտևի մեկ ամիս: Հարկ է նշել, որ նման սկզբունքը վերաբերում է միայն ԱՄՆ-ին, քանի որ HBO Max-ը չի գործում այլ տարածքներում:
Չնայած կորոնավիրուսային ճգնաժամի շուտափույթ լուծման հավատին և ԱՄՆ-ում կինովարձույթի վերադարձին ավելի կամ պակաս նորմալ կյանքի, Warner Bros.-ը որոշել է, որ իր գոյատևման համար ճիշտ կլինի սկսել նորովի աշխատել՝ հիբրիդային ձևաչափով:
Աղբյուրները հայտնում են, որ նման միջոցառումն ընդունվել է ընկերության ղեկավարության կողմից՝ առանց կինոցուցադրիչների հետ խորհրդակցելու: Իր մտահոգությունն արդեն հայտնել է AMC կինոթատրոնային ցանցի տնօրեն Ադամ Արոնը՝ «Միանշանակ, Warner Media-ն պատրաստվում է նվիրաբերել իր շահութաբերության մի մասը, ինչպես նաև իր կինոգործիչների եւ գործընկերների շահերը, սուբսիդավորելու իր HBO Max ստարտափը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի չունենա մեր հաշվին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ AMC-ն արդեն մեկ այլ հոլիվուդյան մեյջորի՝ Universal ընկերությանը նստեցրել էր բանակցությունների սեղանի շուրջ, երբ վերջինս որոշել էր անտեսել կինոթատրոնային պատուհանը: Արդյունքը եղավ այն համաձայնագիրը, որի համաձայն ստուդիան ստացավ վաղ PVOD-ռելիզի իրավունք՝ հօգուտ կինոցանցերին ինտերնետ-հասույթի մի մասը վճարելու դիմաց: