Անկեղծ ասենք, A24 ընկերության «Նյութապաշտները» ֆիլմի պաստառներն ու սոցցանցերում հնչող աղմուկը խոստանում էին հերթական թեթևասիրտ ռոմանտիկ կատակերգություն՝ գայթակղիչ հոլիվուդյան աստղերով, որոնք, թվում էր, եկել են պարզապես զվարճանալու նկարահանման հրապարակում ու մեկ անգամ էլ գեղեցիկ երևալու համար: Սակայն արդեն դիտումից հետո ակնհայտ դարձավ, որ մեկուկես ժամվա ընթացքում հանդիսատեսը հանդիպում է խոր, նուրբ ու ջերմ մի պատմության, որը շոյում է հոգին ու ստիպում մտածել։
Սա այն դեպքերից է, երբ գայթակղիչ գովազդը քեզ տանում է կինոդահլիճ մի սովորական երկուշաբթի երեկո, ու պարզվում է, որ էկրանին քեզ սպասում է մտերմիկ ու մտածված մի գործ։ Հասկանալի է, թե ինչու այսքան հանդիսատես էր եկել՝ վայելելու այս ֆիլմը։

Սյուժեն ու կերպարները
Ֆիլմի կենտրոնում Լյուսին է՝ միջին տարիքի մի մասնագետ, ով աշխատում է «Adore» ընկերությունում որպես մեթչմեյքեր, ժողովրդական լեզվով ասած՝ «խնամախոսուհի»։ Նրա աշխատանքն է գտնել համապատասխան զուգընկերներ հաճախորդների համար՝ խառնվելով նրանց կյանքերին ու պատմություններին, փորձում հաշվի առնել ամեն դետալ, ամեն փոքրիկ ցանկություն ու պահանջ։ Գլխավոր հերոսուհին դարձել է հարաբերությունների շուկայի վարպետ, սակայն ներսում մշտապես ապրում է մի անորոշություն, հարցադրում, արդյո՞ք այդ ամենն իրական զգացմունքների մասին է, թե՞ պարզապես հաշվարկված գործարք։ Նա մշտապես մտածում է անձի սեփական ինքնարժեքի մասին:
Ֆիլմի ընթացքը ցուցադրում է Լյուսիի հոգեբանական անցումները, երբ նա բախվում է առաջին լուրջ մասնագիտական ճգնաժամին, մեկ այլ հերոսուհու սրտի հարցերով շփոթությանը։ Սա ստիպում է նրան վերագնահատել իր դերը, մտածել հարաբերությունների բուն էության մասին։
Ռեժիսոր Սելին Սոնը, լինելով նախկին մեթչմեյքեր, հիանալի գիտի այս աշխարհի ներքին մեխանիզմներն ու նրբերանգները։ Այդ անձնական փորձն օգնում է սցենարը դարձնել համոզիչ ու բնական, հեռու արհեստականությունից։
Կերպարների բազմաշերտությունը
Երեք գլխավոր հերոսներն էլ վառ, իրական ու անկեղծ են ներկայացված. նրանք ոչ թե «հոլիվուդյան» կաղապարներ են, այլ ապրող, շնչող մարդիկ՝ իրենց անցյալով, մոլորություններով ու ներքին կասկածներով։ Դակոտա Ջոնսոնը հիանալիորեն կերտում է Լյուսիի կերպարը՝ ընդգծելով նրա ներքին պայքարը՝ նյութապաշտության ու սիրո միջև։ Դակոտան երևի միակ մարդն է ում քյաքուլը սազում է: Սակայն պետք է խոստովանել, որ հաճախակի էկրանին տեսնում ենք պարզապես «Մոխրագույնի հիսուն երանգների» Անասթեյշային: Քրիս Էվանսն ու Պեդրո Պասկալն էլ վստահ են իրենց դերերում, մեկը՝ մի քիչ ինֆանտիլ ու անվստահ, մյուսն՝ նյութապես ապահով, բայց զգացմունքային բացերով։

Անմոռանալի պահերն ու մթնոլորտը
Առանձին հիշարժան տեսարաններից մեկը հարսանիքի պարն է, որտեղ օպերատորական աշխատանքը մեզ սահուն տանում է հանդիսասրահի բոլոր կողմերով, ընդգրկում տարբեր զույգերի, տարբեր ազգությունների, հասակի, տարիքի ու կողմնորոշման մարդկանց։ Կադրի մեջ կարևորը ոչ թե արտաքինը կամ սոցիալական կարգավիճակն է, այլ զգացմունքների անխառն գեղեցկությունը։
Հատուկ հաճույք է պատճառում նաև ֆիլմի դանդաղ ու հանգիստ ռիթմը, որն օգնում է նկատել մանրուքները՝ հայացքներ, լռություններ, դադարի ուժն ու նուրբ խաղը։ Ֆիլմը նկարահանված է Kodak ժապավենի վրա, ու դա շոշափելի ջերմություն ու գույն է հաղորդում պատկերին, լրացնելով հուզական հարուստ երաժշտական ձևավորումը, որն էլ ավելի է խորացնում bittersweet տրամադրությունը։

Եզրափակելով
«Նյութապաշտները» սիրո ու ինքնաճանաչման մասին անկեղծ, զգայուն ու մտածված ֆիլմ է։ Այն ստիպում է հասկանալ, որ իրական հարաբերությունները շատ ավելին են, քան հաշվարկն ու պահանջների ցանկը. դրանք պահանջում են հոգատարություն, համբերություն ու շատ հաճախ՝ պատրաստակամություն բացվել դիմացինի առաջ։ Ֆիլմն ապացուցում է, որ երբեմն արժե դանդաղեցնել ընթացքը, գնահատել ներկան ու ընդունել այդ անորոշ, բայց քաղցր գործարքը, որի անունն է սեր։































