Վերջերս տեղեկացանք, որ կինոռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Թվիստ» կարճամետրաժ ժապավենը ընդգրկվել է Սարայեվոյի 26-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հենց փառատոնի ժամանակ՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Փառատոնի կայքում նշված է, որ կինոփառատոնի մրցութային ծրագրերում՝ գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ և ուսանողկան, ընդգրկված է 49 ֆիլմ:
Ֆիլմի սինոփսիս
Բնակարանը, որ մարդու համար միաժամանակ և´ բանտ է, և´ հայելի, դառնում է անընդմեջ շարժվող նատյուրմորտ։ Անվերջ պտտվող տեսախցիկը հնարավորություն է տալիս դիտել բնակարանը 360° անկյան տակ՝ զննելով պահպանողական հասարակության մեջ ժամանակակից մի ընտանիքի մաս կազմող փոխհարաբերությունները։
Փառատոնի մասին
Սարայեվոյի փառատոնը հետաքրքիր է մշակութային ասպեկտների, հատկապես Արևելքի եւ Արեւմուտքի միջև փոխհարաբերությունների վրա իր ուշադրության կենտրոնում պահելու համար: Փառատոնը նպատակ ունի հանրությանը ծանոթացնել տարածաշրջանային արտադրանքին: Մրցութային ծրագրերին կարող են մասնակցել ֆիլմեր Ալբանիայից, Հայաստանից, Ավստրիայից, Ադրբեջանից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Կիպրոսից, Վրաստանից, Հունաստանից, Հունգարիայից, Կոսովոյից, Մակեդոնիայից, Մալթայից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովենիայից եւ Թուրքիայից: Ֆիլմի ռեժիսորը և նկարահանող խմբի մեծ մասը պետք է լինեն այդ երկրների ներկայացուցիչները:
Այս տարի Սարայեվոյի փառատոնն ընդհանուր ստացել է 750 հայտ, 130 գեղարվեստական ֆիլմի, 220-ը՝ վավերագրական, 250-ը՝ կարճամետրաժ, 150-ը՝ ուսանողական: Փառատոնն անցկացվելու է օգոստոսի 14-21-ը: