Մադս Միկելսենի մասնակցությամբ «Եվս մեկը» դանիական տրագիկոմեդիան նվաճել է Եվրոպական կինոակադեմիայի չորս մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար: Արարողությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան ինչպես Բեռլինում, այնպես էլ առցանց ձևաչափով:
Ֆիլմի բեմադրիչ Թոմաս Վինթերբերգը մրցանակներ է ստացել ռեժիսուրայի և սցենարի համար՝ վերջինը բաժանելով Թոբիաս Լինդհոլմի հետ: Միկելսենը մրցանակ է ստացել «Տղամարդու լավագույն դերի» համար: Տարվա դերասանուհի ակադեմիկոսները ճանաչել են գերմանուհի Պաուլա Բիրին «Ունդին» ֆիլմում կատարած դերի համար:
«Եվս մեկը» պատմում է չորս դասախոս-ընկերների մասին, որոնք որոշել են գիտափորձ անցկացնել. ամեն օր նրանք որոշ քանակությամբ ալկոհոլ են խմում, որպեսզի լրացնեն կրեատիվ էներգիայի պակասը: Աստիճանաբար նրանց կյանքը վերածվում է ալկո-մարաթոնի, որից դուրս գալը հեշտ չի լինի:
Ֆիլմը պետք է մասնակցեր Կաննի փառատոնին, սակայն դրա անցկացումը չեղարկվել է համաճարակի պատճառով: Դանիան պաշտոնապես ընտրել է «Եվս մեկը» որպես «Օսկարի» լավագույն միջազգային ֆիլմի և այլ մրցանակների իր թեկնածու: Ֆիլմը Հայաստանում ցուցադրվել էր նոյեմբերի 12-ից: