Նոյեմբերի 25-ից Առաջին ալիքի եթերում մեկնարկեց Հանրայինի նոր «Թողություն» սերիալը: Նախագծի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել ռեժիսոր և պրոդյուսեր Հովաննես Գալստյանի և Կինոկենտրոնի միջև սրված հարաբերությունների պատճառով: Նույն այդ աղմուկի ժամանակ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունը հետաքրքրված է նախագծով և կաջակցի, որպիսի այն դառնա ոչ միայն ֆիլմ այլ նաև հեռուստասերիալ:
Պատմության կենտրոնում է 44-ամյա խորեոգրաֆ, Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բեմադրիչ Գաբրիելը, ով իրականացնում է «Մետամորֆոզ» բալետային ներկայացումը՝ Ֆրանց Կաֆկայի վիպակի մոտիվներով: Պրեմիերայից հինգ ամիս առաջ պարուհու հետ տարաձայնությունը վերածվում է ամբիցիաների բախման: Գաբրիելը հեռացնում է նրան: Վիրավորված պրիման Գաբրիելի դեմ է միավորում թատրոնի նորանշանակ տնօրենին, ներկայացման հովանավորին և Գաբրիելի կոլեգաներին՝ բեմադրիչի կյանքը վերածելով դժոխքի:
16 մասից բաղկացած «Թողություն» նոր հեռուստասերիալը վարպետության դաս է տալիս հռուստատեսության ասպարեզում գործող «հանճարներին»: Կարծես թե երկար խոսելու կարիք չկա, հարկավոր է ընդամենը միացնել աղմուկ բարձրացրած «Վերջին ուսուցիչը» և «Թողությունը» և հասկանալի կդառնա, թե որքանով է անորակ առաջինը:
«Թողությունը» իր էությամբ առավելություն է, այն նկարահանված է կինոմոտեցումով, թողարկվում է ճիշտ չափաբաժինով, ծանրակշիր երկխոսությունները, նույնիսկ խոսակցական հայերենը գրագետ է ներկայացվում և «պրոշները լցրած» գեղեցկուհին զրուցում է նորմալ: Ընտրված թեման շատ զգայուն է և ակնհայտ է, որ ուրիշները խուսափում են նման բարդ թեմաներից, լոկացիաներից, որովհետև ուժ չունեն:
Քանի որ ուշադրության կենտրոնում «Վերջին ուսուցիչն» էր ու նորեկ «Թողությունը» չեի կարող չհամեմատել: «Թողությունը» չունի այն րոպեյանոց լռությունը, իրար վրա նայելու սովորությունը, որով տառապում են կերպարները: Ահավոր նարնջագույն հարդարումը, որը գուցե մի վախտ աշխատում էր, բայց այսօր տգեղ է նայվում, նամանավանդ, երբ հետո գույնային ուղղում են կատարում: «Թողությունը» իր երաժշտությունով չի թելադրում ձեր զգացմունքները, սերիալում օգտագործվում են հատվածներ հայտնի ներկայացումներից և Տիգրան Համասյանի կատարումները:
Հաճախ ենք լսում, որ հայ դերասանները սերիալներում վատ են: Ամեն ինչ գալիս է սցենարից և եթե կերպարը դատարկ է, դերասանը չի կարող նրան կյանքով լցնել: Եթե բեմադրությունը թույլ է, եթե սերիալը նկարահանվում է, ինչա թե եթերը լրացնի՝ այն հաջողության չի հասնի: Այո, այսօր հազարավոր դիտումներ ունեն հայկական սերիալները, բայց ի շնորհիվ տգիտության և անճաշակության: Հույս կա, որ «Թողությունը» կփրկի իրավիճակը, քանի որ սա այն սերիալն է, որին մենք երկար էինք սպասում:
Նախագծի սցենարի հեղինակներ են Հովհաննես Գալստյանը, Մարինե Զաքարյանը, Անահիտ Աղասարյանը: Գլխավոր դերերում են Խորեն Լևոնյանը, Լիլիթ Հակոբյանը, Վիվյեն Բաստաջյանը, Սոս Ջանիբեկյանը: