Այսօր՝ օգոստոսի 12-ին մեկնարկեց «Կինոարվեստի մասին» հանրային քննարկումը: Շուրջ 8-ամսյա ծավալուն աշխատանքներից՝ նյութի և առ այսօր առկա նախագծերի նախնական ուսումնասիրություններ, ֆոկուս-խմբային մի քանի տասնյակ հանդիպումներ, տարբեր ձևաչափերով բազմաթիվ մասնագիտական քննարկումներ, միջազգային փորձագիտական գնահատումներ (այս պահին՝ դեռևս Լեհաստան, Գերմանիա) և այլն, ««Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի»՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, հատուկ այս օրինագծի ստեղծման համար ձևավորված իրավաբանական ընկերությունների և փորձագետների աշխատանքային խմբի կողմից մշակվող օրենքի նախագծի առաջին տարբերակը դնում են հանրայնի լայն քննարկման:
Մասնագիտական լուրջ ու սկզբունքային բանավեճերի արդյունքում նախագիծը ստացել է «ՀՀ օրենքը կինոարվեստի մասին» անվանումը:
Նախագիծը վերջնական տարբերակ չէ և դիտողություններն ու առաջարկությունները շատ կարևոր են նախագծի երկրորդ և վերջնական տարբերակներն ունենալու համար: Նախագծի որոշ դրույթներում (օրինակ՝ տոկոսային հարաբերակցություններ և այլն) նույնիսկ նշված չեն աշխատանքային խմբի կողմից ընդունված համամասնությունները, որպեսզի քննարկումներն ընթանան առանց նախնական պատկեր ստեղծելու:
Կոչ ենք անում հանգամանորեն ուսումնասիրել նախագծի բոլոր դրույթները, խորամուխ լինել այն փիլիսոփայության մեջ, որը որդեգրել է աշխատանքային խումբը և լինել ակտիվ, նախանձախնդիր, նախագծին մոտենալ շահագրգռորեն: Վստահ եղեք, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտողությունները մանրակրկիտ քննարկվելու են:
Բոլոր առաջարկություններն ու դիտողություններն անել կամ ուղղակիորեն նախագծի վրա՝ մեկնաբանությունների համար նախատեսված ձևով, կամ ուղարկել գրավոր՝ այն էլեկտրոնային հասցեին, որից ստացել եք՝ armcinemalaw2019@gmail.com, կոնկրետ նշելով հոդվածը, դրույթը, տողը և կոնկրետ տալով Ձեր ձևակերպումը:
Առաջարկություններն ուղարկելու վերջնական ժամկետ է սահմանվում մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 18:00-ն ներառյալ:
«Կինոարվեստի մասին ՀՀ օրենքի» նախագծի առաջին տարբերակը քննարկման, դիտողությունների և առաջարկությունների համար ներկայացված է նաև ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Քննարկելով բոլոր ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, Նախագիծը կներկայացվի նաև շնորհանդեսների ընթացքում, իսկ աշնանը սպասվող մի քանի նոր միջազգային փորձագիտական դիտարկումներից, վերջնական քննարկումներից ու ամփոփումից հետո այն Ազգային Ժողով կներկայացվի հնարավորինս ավարտուն և համաձայնեցված տեսքով: