«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխության առաջին փաթեթը Ազգային ժողով էր ներկայացվել դեռևս 2023 թվականի մարտի 9-ին:
Փոփոխության հիմնական նպատակն է ներդրումների մասնակի վերադարձի՝ Cash Rebate համակարգի արդյունավետության ապահովումը: Համակարգը իրենից ներկայացնում է կինոարտադրության պրոցեսում ծախսված կանխիկ գումարի որոշ հատվածի վերադարձ:
Առաջին ընթերցումը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 28-ին: ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 13-ի N 412-Ա որոշմամբ հարակից զեկուցող էր նշանակվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Երկրորդ ընթերցումը պետք է կայանար հունիսի 6-ին, սակայն համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ օրենքի նախագծի քննարկումը մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: «Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը լրացուցիչ քննարկումների կարիք ունի, … որովհետև այնտեղ նաև արտոնության կարիք կա, որը ոչ միայն ԿԳՄՍ տիրույթում է, այլ նաև Ֆինանսների նախարարության հետ անհրաժեշտություն կա քննարկելու», – նշում էր նիստը վարող Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Այժմ երկրորդ ընթերցումը անցկացվելու է սեպտեմբերի 6-ին, 14:30: Երկրորդ ընթերցման համար պատրաստված տարբերակը առայժմ ներկայացված չէ: Առկա տարբերակի հետ հնարավոր է ծանոթանալ ԱԺ կայքում: