Երևանում վերաբացվել է կենտրոնում գործող «Նաիրի» կինոթատրոնը, որը վերջին անգամ հանդիսատես է ընդունել 2021 թվականին։
Վերաբացումը ուղեկցվում է տեխնիկական արդիականացմամբ և նոր ծառայությունների ներդրմամբ։ Կինոթատրոնը համալրվել է ժամանակակից պրոյեկցիոն՝ Christie CP2411-RBe 2K լազերային պրոեկտորով և Dolby CP 950 ձայնային համակարգերով՝ ուղղված բարձրորակ կինոդիտման փորձի ապահովմանը։ Մասնավորապես, կիրառվում է նոր սերնդի ձայնային լուծումներ, լազերային պրոյեկցիա և բարձր ճշգրտության էկրան, որոնք միասին ապահովում են պատկերի հստակություն և տարածական ձայնային ընկալում։
Դահլիճը նախատեսված է շուրջ 195 հանդիսատեսի համար և առաջարկում է ինչպես սովորական նստատեղեր, այնպես էլ առանձնացված VIP հատված՝ բարձրակարգ սպասարկմամբ։ Նստատեղերը նախագծված են էրգոնոմիկ սկզբունքներով՝ ապահովելով հարմարավետ դիտում։ Կինոթատրոնը գործում է ամեն օր՝ 09:30-ից մինչև 24:00։
Տոմսերի արժեքը տատանվում է 1500-ից մինչև 4000 դրամի սահմաններում՝ կախված նստատեղի տեսակից և ցուցադրությունից։ VIP հատվածում սպասարկման համար գործում է լրացուցիչ վճար՝ 12000 դրամ։
Բացի տեխնիկական վերազինումից, կինոթատրոնը ներկայացնում է նաև նոր մոտեցումներ՝ ներառյալ առցանց ամրագրումների հնարավորություն, ընդլայնված սննդի և ըմպելիքների ընտրանի, ինչպես նաև ծրագրային քաղաքականություն, որը ներառում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ֆիլմեր։ Ներկայումս ցուցադրվում են «Կրկին փորձիր», «Գալիս եմ փնտրելու 2» և «Նախագիծ «Աշխարհի վերջ»» ֆիլմերը։
«Նաիրի» կինոթատրոնի վերաբացումը կարևոր իրադարձություն է Երևանի կինոմշակութային կյանքի համար՝ հաշվի առնելով քաղաքի կենտրոնում ժամանակակից կինոդիտման տարածքների սահմանափակ քանակը։ Այն կարող է նպաստել ինչպես հանդիսատեսի վերադարձին կինոթատրոններ, այնպես էլ տեղական ֆիլմերի ցուցադրության հարթակների ընդլայնմանը։
«Նաիրի» կինոթատրոնը Երևանի ամենահին կինոթատրոններից է, կառուցվել է խորհրդային շրջանում՝ 1920-50-ական թվականներին գտնվել է Ամիրյան փողոցում, այնուհետև տեղափոխվել է Մաշտոցի պողոտա 1950-ականներին (1952–1954 թթ.)։ 2024 թվականին շենքը ստացավ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Տարիների ընթացքում կինոթատրոնը վերանորոգվել և արդիականացվել է՝ պահպանելով իր դերը որպես քաղաքի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Այն նշանակալի դեր է ունեցել հայկական կինոյի տարածման և հանդիսատեսի ձևավորման գործում։







































