ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի բացառում 2026 թվականի հուլիսին հաստատված կինոմրցույթների կանոնակարգի նոր փոփոխությունները։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է «ԿինոՊրես»-ի հարցմանն ի պատասխան։ Հնարավոր վերանայման մասին պարզաբանումը տրվել է այն պայմաններում, երբ նախորդ երկու տարիներին մրցութային կանոնների մշակման համար ստեղծվել են երկու աշխատանքային խմբեր, իսկ կինոգործիչները բազմիցս բարձրաձայնել են կարգավորումների վերաբերյալ իրենց մտահոգությունները։
«ԿինոՊրես»-ը նախարարությունից հետաքրքրվել էր, թե արդյոք նախատեսվում է փոփոխել գործող կանոնակարգը՝ ֆինանսավորման գործընթացի, մասնավորապես՝ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև պայմանագրերի կնքման համար հստակ ժամկետներ սահմանելու նպատակով։
«Մրցութային գործընթացի արդյունքում ի հայտ եկած գործնական խնդիրներով պայմանավորված՝ հնարավոր է հետագայում կանոնակարգում նախատեսել որոշակի փոփոխություններ և լրացումներ»,— հայտնել է նախարարությունը՝ նշելով, որ նոր կանոնակարգը մրցույթների շրջանակում կիրառվում է առաջին անգամ։
Կինոմրցույթների կազմակերպման և անցկացման կանոնների վերանայման գործընթացը սկսվել էր դեռևս 2024 թվականին։ Ապրիլի 29-ին հաստատվել էր «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգը, իսկ հունիսի 13-ին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգ մշակելու նպատակով։
2025 թվականի փետրվարին նախարարությունը նոր փաստաթղթի նախագիծը ներկայացրել էր հանրային քննարկման։ Սակայն ապրիլի 18-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի N 57-Լ հրամանով հաստատվեց մեկ այլ մրցութային կանոնակարգ, որով փոխարինվեց 2024 թվականի ապրիլի 29-ի փաստաթուղթը։
Նոր կանոնակարգի ընդունումն ուղեկցվեց մասնագիտական համայնքի դժգոհությամբ։ Հայաստանի կինոգործիչների միությունը մարտին և ապրիլին հայտարարություններով մտահոգություն հայտնեց փաստաթղթի մշակման ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ կինոգործիչների ներկայացրած առաջարկություններից և դիտողություններից շատերը չեն ներառվել վերջնական տարբերակում։
Ապրիլի 30-ին Կինոյի տանը տեղի ունեցավ ոլորտի ներկայացուցիչների հանդիպում, որից հետո բաց նամակ ուղղվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Հուլիսի 24-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի N 115-Լ հրամանով ստեղծվեց ևս մեկ աշխատանքային խումբ։ Դրա կազմում ընդգրկվեցին Հիմնադրամի ներկայացուցիչներ, կինոռեժիսորներ, պրոդյուսերներ և ոլորտային կազմակերպությունների ղեկավարներ։ Հուլիսի 28-ին կայացած առաջին նիստում քննարկվեցին «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի հնարավոր փոփոխությունները, ոլորտի իրավակարգավորումներն ու մրցութային ընթացակարգերի բարեփոխումները։
2026 թվականի հուլիսի 1-ին ԿԳՄՍ նախարարի N 32-Ն հրամանով վերջապես հաստատվեց պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգը, որն ուժի մեջ մտավ հուլիսի 17-ին։ Դրա հիման վրա օգոստոսի 3-ին հայտարարվեցին լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի 2026.1 և 2026.2 մրցույթները։
Սակայն արդեն առաջին մրցութային փուլի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կրկին դժգոհություններ հնչեցին։ Մրցույթներում չընդգրկված մի շարք հայտատուներ վիճարկեցին Հիմնադրամի որոշումների հիմնավորվածությունը և սկսեցին քննարկել իրավական ճանապարհով դրանց բողոքարկման հնարավորությունը։
Նոյեմբերի 7-ին «ԿինոՊրես»-ը հաղորդել էր, որ կինոգործիչների մի մասը կասկածի տակ է դնում հայտերի ուսումնասիրման ընթացքում կանոնակարգի պահանջների միատեսակ կիրառումը։
Այս պայմաններում նախարարությունը հնարավոր է համարում նոր փոփոխությունների կատարումը, սակայն չի հստակեցրել, թե կանոնակարգի որ դրույթները կարող են վերանայվել, արդյոք նախատեսվում է սահմանել ֆինանսավորման պայմանագրերի կնքման հստակ ժամկետներ և երբ կարող է նախաձեռնվել համապատասխան փոփոխությունների նախագիծը։
















