Հայաստանի կինոյի հիմնադրամի 2026 թվականի պետական ֆինանսավորման մրցույթում չընդգրկված մի շարք հայտատուներ պատրաստվում են վիճարկել Հիմնադրամի որոշումները և քննարկում են համատեղ իրավական քայլեր։ Նախաձեռնության ակտիվ մասնակիցներից Րաֆֆի Մովսիսյանը հայտարարել է, որ եթե անգամ մեկ հայտ, իր գնահատմամբ, անօրինական ճանապարհով դուրս մնա մրցույթից, ապա մրցույթը «տեղի չի ունենալու»։
«Կինոյի հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթը տեղի չի ունենալու, և ես դա հրապարակային եմ խոստանում, եթե նույնիսկ մեկ հայտ մնա, որն անօրինական ճանապարհով դուրս կթողնվի մրցույթին մասնակցելուց»,— գրել է Մովսիսյանը՝ նաև կոչ անելով կինոգործիչների իրավունքների պաշտպանության կառույցներին հրապարակայնորեն ներկայացնել իրենց քայլերը։
Հիմնադրամի աշխատանքի վերաբերյալ հարցերը քիչ չեն՝ մրցութային ժամկետներից մինչև որոշումների հիմնավորումն ու կանոնակարգի միատեսակ կիրառումը։ Սակայն այս հակամարտությունը դժվար է ներկայացնել որպես հերթական դեպք, երբ պետական կառույցը միակողմանի կանոններ է սահմանել մասնագիտական համայնքի համար։
Վերջին մեկուկես տարում հենց կինոգործիչներն են պահանջել ավելի մեծ մասնակցություն մրցութային համակարգի ձևավորմանը, իսկ Հիմնադրամը այդ պահանջին արձագանքել է՝ ստեղծելով աշխատանքի առանձին հարթակ։
2025 թվականի սկզբին պետական ֆինանսավորման մրցույթների նոր կանոնակարգի նախագիծը դրվեց հանրային քննարկման։ Մարտին Րաֆֆի Մովսիսյանը մի քանի տասնյակ կինոգործիչների անունից e-draft հարթակում ներկայացրեց առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ գնահատման փուլերի, միավորային համակարգի, ֆինանսավորման սկզբունքների, կառավարման լիազորությունների և այլ դրույթների վերաբերյալ։ Առաջարկությունների հեղինակների թվում էին նաև Կարինե Սիմոնյանն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Ապրիլի 30-ին Կինոգործիչների միությունում ավելի քան 50 մասնագետների մասնակցությամբ հանդիպում անցկացվեց, իսկ հաջորդ օրը հրապարակվեց բաց նամակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Ստորագրողները պահանջում էին մրցութային կանոնները մշակել մասնագիտական համայնքի իրական մասնակցությամբ և պատրաստակամություն էին հայտնում ներգրավվելու հետագա աշխատանքներին։ Նրանց թվում էին Մովսիսյանը, Սիմոնյանը, Արմինե Անդան և բազմաթիվ այլ կինոգործիչներ։
Հիմնադրամը դրանից հետո ստեղծեց իրավակարգավորումների և ընթացակարգային բարեփոխումների աշխատանքային խումբ։ 2025 թվականի հուլիսի 24-ին տնօրենի հրամանով ձևավորված խմբում Հիմնադրամի տնօրենի, իրավաբանի և ստորաբաժանումների ղեկավարների հետ ընդգրկվեցին Արտյոմ Բաղդասարյանը, Արմինե Անդան, Տիգրան Առաքելյանը, Րաֆֆի Մովսիսյանը, Զառա Ջյանը, Կարինե Սիմոնյանը, Հովհաննես Գալստյանը և Թամարա Ստեփանյանը։ Քննարկվելու էին ոչ միայն օրենքի փոփոխությունները, այլև ոլորտի ընթացակարգային խնդիրներն ու կառավարման բարեփոխումները։
Սակայն համագործակցությունը շուտով վերածվեց նոր հակադրության։
Առաջին նիստից հետո խմբի մի շարք մասնագիտական անդամներ վիճարկեցին Հիմնադրամի՝ հանդիպման վերաբերյալ հրապարակած նկարագրությունը։ Օգոստոսին նույն շրջանակի ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատեցին արդեն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունները, իսկ օգոստոսի 18-ին նախատեսված երկրորդ նիստը չկայացավ։ Հիմնադրամի հաղորդմամբ՝ մասնագիտական անդամների մի մասը չէր ներկայացել, այդ թվում՝ Մովսիսյանը, Անդան և Սիմոնյանը։
Մեկուկես տարի անց ոլորտը կրկին դիմում է ծանոթ գործիքների՝ դժգոհություն, համախմբում, նախաձեռնող խումբ, հրապարակային ճնշում և հնարավոր դատական գործընթաց։
Նման հաջորդականությունը հիմքում անձնական կամ մասնավոր շահե՞ր են։ Հանրային նյութերից միշտ չէ, որ պարզ է՝ ինչն է դառնում հերթական համախմբման անմիջական պատճառը և ինչու նախորդ քննարկումները չեն վերածվում հաջորդ ճգնաժամը կանխող մշտական մեխանիզմների։ Բայց կրկնվող ձևաչափն արդեն ակնհայտ է։
Հենց այստեղ էլ առաջանում է հիմնական հարցը՝ ի՞նչ արդյունք տվեց այն մասնակցությունը, որի համար ոլորտը պայքարում էր։
2026 թվականի գործող մրցութային կանոնակարգը հաստատել է ԿԳՄՍ նախարարը՝ հուլիսի 1-ի N 32-Ն հրամանով։ Կանոնակարգը մանրամասն կարգավորում է հայտերի ընդունումը, ուսումնասիրությունը, թերությունների շտկումը, փորձագիտական գնահատումն ու ֆինանսավորման հաստատումը։ Սակայն այն չի նախատեսում արագ առանձին ընթացակարգ, որով հայտատուն կարող է մինչև մրցույթի հաջորդ փուլը վիճարկել աշխատանքային խմբի՝ հայտը չընդգրկելու որոշումը։
«ԿինոՊրեսը» այս բացի մասին գրել էր դեռ 2025 թվականի կանոնների վերլուծության ժամանակ։ Վերջին մեկուկես տարվա հրապարակային մասնագիտական առաջարկներում ևս մենք չենք գտել արագ ներմրցութային բողոքարկման առանձին մեխանիզմ ստեղծելու պահանջ։ Վերջնական հաստատված համակարգում այդ մեխանիզմը չկա։
Այժմ դրա բացակայությունը լրացվում է հենց այն գործիքներով, որոնք արդյունավետ կանոնակարգը պետք է հնարավորինս ավելորդ դարձներ՝ նախաձեռնող խմբով, հրապարակային վերջնագրերով և դատարան դիմելու հեռանկարով։
Այս պայմաններում ամբողջ պատասխանատվությունը միայն Հիմնադրամին վերագրելը դժվար է։ Այն պարտավոր է պատասխանել սեփական որոշումների համար և պահպանել նախարարի հաստատած կանոնակարգը, բայց նաև կատարել է մասնագիտական համայնքի հիմնական պահանջներից մեկը՝ ոլորտի ներկայացուցիչներին տեղ տալով քննարկումների սեղանի շուրջ։
Եթե դրանից հետո համակարգում պահպանվել են հիմնարար բացեր, պետք է գնահատել նաև այդ մասնագիտական մասնակցության արդյունքը և որակը։ Առավել ևս, որ փոքր կինոհամակարգի ներսում դերերը հաճախ հատվում են։ Ակնառու օրինակներից է 2026 թվականի մրցույթի բաժինների մասնակցությունը:
2025 թվականի աշխատանքային խմբի անդամ Կարինե Սիմոնյանն այժմ ընդգրկված է կարճամետրաժ կինոնախագծերի 2026.2 մրցույթի փորձագիտական հանձնախմբում՝ որպես պրոդյուսեր Հայաստանից։ Միաժամանակ նա ներգրավված է նույն տարվա մրցույթ անցած նախագծերում․ 2026.1 լիամետրաժ մրցույթում ընդգրկված «Խաննա»-ի պրոդյուսերներից է, իսկ «Վերհիշելով ներկան» նախագիծը ներկայացրել է նրա ղեկավարած ընկերությունը՝ Սիմոնյանի պրոդյուսերությամբ։
Րաֆֆի Մովսիսյանը ևս ընթացիկ մրցույթի արտաքին դիտորդ չէ։ «Խաննա»-ում նա սցենարի հեղինակներից և ռեժիսորներից է, իսկ 2026.2 կարճամետրաժ մրցույթում ընդգրկված «Արևի կարոտ» վավերագրական ֆիլմում՝ ռեժիսորներից մեկը։
Արմինե Անդայի մասնակցությամբ նույնպես մի քանի նախագիծ անցել է գնահատման փուլ՝ «Հայտնված աշխարհի լեգենդը»՝ 2026.1 լիամետրաժ մրցույթում, «Գաղտնիքների գիշերը» և «Մեծերն ու փոքրերը»՝ 2026.2 կարճամետրաժ մրցույթում։
Հայաստանի կինոոլորտը փոքր է, մասնագիտական ռեսուրսը՝ սահմանափակ, և այն մեծապես ստիպված է «եփվել սեփական հյութում»։ Նույն պրոդյուսերները, ռեժիսորներն ու մասնագետները հերթագայվում են հայտատուի, աշխատանքային խմբի անդամի, փորձագետի, գիլդիայի ներկայացուցչի և հանրային քննադատի դերերում։
Հենց այդ պատճառով համակարգը պետք է հնարավորինս քիչ կախված լինի մարդկանց փոխադարձ վստահությունից և հնարավորինս շատ՝ ոլորտի «ռեֆերի» նախարարության նախապես ինքնուրույն սահմանված ու կանխատեսելի ընթացակարգերից։
Նոյեմբերի 14–15-ին այս հարցերը կարող են տեղափոխվել արդեն հրապարակային մասնագիտական հարթակ։ Երևանում Հայաստանի կինոյի հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսավորմամբ անցկացվելու է «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը՝ ոլորտային քննարկումներով և հայկական կինոյի 2026–2030 թվականների ճանապարհային քարտեզի մշակման օրակարգով։ Այնտեղ կրկին հանդիպելու են նաև վերջին տարիներին կարգավորումների քննարկումներին ներգրավված մասնագետները։
Ուստի քննարկման առարկան կարող է լինել ոչ միայն հերթական դժգոհությունը Հիմնադրամից, այլ կոնկրետ լուծումը․ պե՞տք է ստեղծել մրցույթից հայտը չընդգրկելու որոշման արագ վերանայման մեխանիզմ, ո՞վ պետք է այն իրականացնի, ի՞նչ ժամկետում և ինչպե՞ս պետք է հրապարակվեն աշխատանքային խմբի որոշումների հիմնավորումներն ու մրցութային ժամկետների կասեցումները։
Նոյեմբերի 14–15-ին կերևա՝ այս հարցերը կտեղափոխվե՞ն հրապարակային քննարկման, թե հերթական վեճը կրկին կլուծվի նամակներով, առանձին հանդիպումներով և ներսում ձեռք բերված պայմանավորվածություններով։
Վերջին մեկուկես տարվա փորձն արդեն բավարար է ոչ թե հերթական նախաձեռնող խումբ ստեղծելու, այլ նման խմբերի անհրաժեշտությունը նվազեցնող ընթացակարգ մշակելու համար։
















