Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան (ՖԱՀՖ) և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հիմնել են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը, որի առաջին հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Կահիրեի միջազգային կինոփառատոնի շրջանակում։
Նոր մրցանակը նախատեսված է կին ռեժիսորների հեղինակային լիամետրաժ կինոնախագծերի զարգացմանն ու միջազգային առաջխաղացմանն աջակցելու համար։ Առաջին դափնեկիրը կընտրվի Cairo Film Connection-ի 12-րդ թողարկմանը մասնակցող կին ռեժիսորների նախագծերից։
«Մրցանակի նպատակն է խթանել կին ռեժիսորների ստեղծագործական նախաձեռնությունները և նպաստել նրանց հեղինակային լիամետրաժ ֆիլմերի նախագծերի զարգացմանն ու առաջխաղացմանը», — նշվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։
«Ոսկե վարդ» մրցանակը ներառում է բրոնզաձույլ արձանիկ և դրամական պարգև, որի չափը չի հրապարակվել։ Արձանիկի հեղինակն է EVANI ապրանքանիշի հիմնադիր Արման Պողոսյանը։ Մրցանակի միջազգային շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին՝ Կաննի կինոշուկայի շրջանակում։
Նոյեմբերի 15–20-ը ՖԱՀՖ-ի պատվիրակությունը կմասնակցի Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի Cairo Industry Days ծրագրին՝ առաջին անգամ ներկայանալով սեփական տաղավարով։ Նոյեմբերի 17-ին նախատեսված շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն նաև «Վերա» և «Փաշա․ արևելքի հայը» միջազգային լիամետրաժ կինոնախագծերը, ինչպես նաև Cinema Alliance նախաձեռնությունը, որի նպատակն է օտարերկրյա կինոարտադրողներին Հայաստանի նկարահանման և հետարտադրական ծառայություններից օգտվելու միասնական հարթակ առաջարկել։
Ֆեդերացիան նաև նախապատրաստում է համագործակցության հուշագիր Cairo Film Connection-ի հետ՝ հայկական կինոնախագծերի միջազգային ներկայացման, համարտադրողների և ֆինանսավորման աղբյուրների ներգրավման նպատակով։
Կահիրեում ՖԱՀՖ-ը կներկայացնեն խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը, ԱՄՆ-ում Ֆեդերացիայի դեսպան Նորա Արմանին և միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը։
















