ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված ԵՏՄ շրջանակում «Կինո և տեսաֆիլմերի արտադրության և տարածման հետ կապված ծառայությունների, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն է ստացել կառավարության հուլիսի 24-ի նիստի ժամանակ։
Հիմնավորման մեջ նշված է, որ համաձայնագրի նպատակն է ստեղծել կողմերի միջև վարչական համագործակցության լրացուցիչ գործիք՝ Եվրասիական տնտեսական միության կինո- և տեսաֆիլմերի արտադրության և տարածման, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը ապահովելու նպատակով, որը կնպաստի նաև սպառողների, հանրության և պետությունների իրավունքների և օրինական շահերի խախտման կանխարգելմանը:
Այս փաստաթուղթը սահմանում է, թե ինչպես են ԵՏՄ անդամ պետությունները համակարգելու և փոխանակելու տեղեկատվություն կինոարտադրության, ֆիլմերի ցուցադրման, ինչպես նաև վարձույթային վկայականներ ստացած դասակարգված ֆիլմերի և ընկերությունների վերաբերյալ։
Համաձայնագրի կողմեր կհանդիսանան ԵՏՄ անդամ պետությունների մշակույթի ոլորտում լիազորված համապատասխան գերատեսչությունները՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը:
Համաձայնագրի նախագծի տեսքստը հայերեն հասանելի չէ, ռուսերեն տարբերակի հետ հնարավոր է ծանոթանալ այստեղ: Փաստաթուղթը ներկայացվելու է Ազգային ժողով:






































