Հուլիսի 17-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը հյուրընկալեց աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսորներ Ամիր Նադերիին և Ջաֆար Փանահիին, որոնք Հայաստան են ժամանել՝ որպես պատվավոր հյուրեր մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային 22-րդ կինոփառատոնին։ Հանդիպումը տեղի ունեցավ հիմնադրամի կենտրոնական գրասենյակում՝ մշակութային փոխանակման և ոլորտային համագործակցության ձևաչափով։
Միջոցառմանը մասնակցում էին նաև փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը, «Daricheh Cinema»-ի հիմնադիր Առմին Միլադը, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ ներկայացուցիչներ։


Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը իր ողջույնի խոսքում հատուկ անդրադարձավ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմին՝ ընդգծելով այն արվեստի խորությունը և ճշմարտացիությունը, որն առավելագույնս ներգործում է հանդիսատեսի վրա։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կինոյի հնարավորություններն ու պատասխանատվությունը՝ որպես հումանիտար լեզու, որը կարող է կառուցել կամուրջներ տարբեր ժողովուրդների ու մշակույթների միջև։ Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային համագործակցության նոր ուղիների, համատեղ արտադրությունների և կրթական նախաձեռնությունների ձևավորման հեռանկարներին՝ ուղղված նոր սերնդի կինոգործիչների համախմբմանը։


Որպես մշակութային երկխոսության խորհրդանիշ՝ Դավիթ Բանուչյանը պատվավոր հյուրերին հանձնեց հայկական ծիրանափող։
Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է դեպի ոլորտային միջազգային հարաբերությունների խորացում՝ նպատակ ունենալով ստեղծել նոր կապեր, ամրապնդել մասնագիտական երկխոսությունը և նպաստել համատեղ առաջընթացին։










































