Հունիսի 17-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի այցը «Հայֆիլմ» կինոստուդիա նոր լուսանցք բացեց Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացրած զարգացման ծրագրի վերաբերյալ։ Նկարներից մեկում երևացող սլայդն բացահայտեց դատա կենտրոնի գաղափարը:
Հնարավոր է՝ ձեզ էլ հետաքրքրեց՝ ի՞նչ է իրականում այդ սլայդում ներկայացված։ ԿԻՆՈՊՐԵՍ-ը վերծանել է ամբողջ տեքստը և փորձել հասկանալ՝ արդյո՞ք այս նախագիծն իսկապես կապ ունի կինոյի և Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ։ Կարճ պատասխանը՝ ոչ ամբողջությամբ։ Իսկ երկար պատասխանը՝ ավելի մտահոգիչ է։

ՍԼԱՅԴԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
«Հայֆիլմ» կինոքաղաքում դատա կենտրոնի ստեղծումը ոչ միայն կինոարդյունաբերության անհրաժեշտություն է, այլև ազգային մշակութային ժառանգության պահպանության և Հայաստանի թվային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարական քայլ:
Այն կապահովի տեխնոլոգիական ինքնուրույնություն, կբարձրացնի մրցակցային առավելությունները և կնպաստի երկրի տեխնոլոգիական ու մշակութային ներուժի զարգացմանը:
1. Ժամանակակից կինոարտադրության տեխնոլոգիական պահանչները
Ժամանակակից կինեմատոգրաֆիան անբաժանելիորեն կապված է վիզուալ էֆեկտների (VFX), համակարգչային գրաֆիկայի (CGI) և անիմացիայի հետ: Այս ոլորտները պահանջում են ծավալուն հաշվարկային ռեսուրսներ և տվյալների պահպանման հզոր համակարգեր: «Հայֆիլմ» կինոքաղաքում դատա կենտրոնի ստեղծումը կապահովի՝
- Տեղական անիմացիոն և պոստպրոդուկցիայի ստուդիաների զարգացում
- Միջազգային արտադրություններին տեխնիկական ծառայությունների մատուցում
- Նոր մասնագիտական աշխատատեղետի ստեղծում բարձր տեխնոլոգիական ոլորտում
2. Ազգային կինոառեստրի ենթակառուցվածքային կարիքները
Հայաստանի Կինոյի Հիմնադրամը կառավարում է ազգային կինոռեեստր, որը պարունակում է՝
- Հայկական կինեմատոգրաֆիայի ամբողջական արխիվ
- Օրենսդրական և իրավական փաստաթղթեր
- Տեխնիկական մետատվյալներ և կատալոգավորման համակարգ
Այս տվյալների կենտրոնացված պահպանումը պահանջում է մասնագիտական ենթակառուցվածք՝ երաշխավորելու տվյալների անվտանգությունը, մշտական հասանելիությունը և համակարգի կայունությունը:
3. Մշակութային ժառանգության թվայնացում և պահպանություն
Հայկական կինոժառանգության թվայնացումն ու վերականգնումը ազգային կարևորության գործ է: Կինոնյութերի, որպես մշակութային արժեքների, պահպանությունը պահանջում է՝
- Բարձր տեխնիկական ստանդարտներ
- Երկարաժամկետ պահպանման ռազմավարություն
- Մատչելիության և օգտագործման անվտանգ ընթացակարգեր
4. Հայաստանի թվային ենթակառուցվածքի զարգացում
Հանրապետության թվայնացման գործընթացում դատա կենտրոնի դերը բազմաբնույթ է՝
- Պետական մարմինների թվային ծառայությունների աջակցութուն
- Մշակութային հաստատությունների տվյալների պահպանում
- Կրթական համակարգի թվային բովանդակության հիմք
- Հանրային ծառայությունների մատչելիության բարելավում
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
Սլայդում նշվում է, որ «Հայֆիլմ» կինոքաղաքում դատա կենտրոնը կծառայի ոչ միայն կինոարտադրությանը, այլև՝ պետական մարմինների թվային ծառայությունների աջակցությանը, մշակութային հաստատությունների տվյալների պահպանմանը, կրթական բովանդակության ստեղծմանը և հանրային ծառայությունների մատչելիության բարելավմանը։ Սա արդեն շատ ավելին է, քան պարզապես կինոյի հետ առնչվող ենթակառուցվածք, ինչպես նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի լիազորություն: Այս ամենը հիմնավորվում է կինոռեեստրի կառավարումով:
Ըստ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2127-Ն որոշման՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի լիազորությունները հստակ սահմանվում են՝ ապահովել կինոռեեստրի ստեղծումը և դրա հետագա վարումը, կազմակերպել ազգային ֆիլմերի փաստաթղթերի մշտական պահպանումը և համագործակցել Հայաստանի ազգային արխիվի հետ։ Ոչ մի տեղ չի նշվում, որ հիմնադրամը պետք է աջակցի պետական մարմինների թվայնացմանը կամ կրթական բովանդակության ստեղծմանը։
Նշված որոշման համաձայն՝ կինոռեեստրի նպատակը ֆիլմերի վերաբերյալ մետատվյալների հավաքագրումն ու համակարգված գրանցումն է, ոչ թե ամբողջական կինոժառանգության պահպանումը: Այդ գործառույթը վերապահված է բացառապես Հայաստանի ազգային արխիվին։
Մեկ այլ կարևոր խեղաթյուրում սլայդում այն հայտարարությունն է, թե Հայաստանի կինոյի հիմնադրամը կառավարում է ոչ միայն ազգային կինոռեեստր, որը պարունակում է՝ «Հայկական կինեմատոգրաֆիայի ամբողջական արխիվ»։
Սակայն իրականում՝
- Կինոռեեստրն իրավական առումով պարզ գրանցման համակարգ է, որը ներառում է ֆիլմի անունը, հեղինակները, տարիքը, վարձույթի մասին տվյալներ և այլ մետատվյալներ։
- Արխիվային գործառույթը «Արխիվային գործի մասին» օրենքով վստահված է միայն Հայաստանի ազգային արխիվին, և դեռևս ոչ մի որոշում Հայաստանի կինոյի հիմնադրամին նման մանդատ չի տալիս։
- Կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղը դեռևս կցված չէ Հայաստանի կինոյի հիմնադրամին:
Նշվում է, որ կինոռեեստրը պարունակում է օրեսնդրական և իրավական փաստաթղթեր՝ այս գործառույթը արդեն 20 տարի իրականացնում է Արդարադատության նախարարության Հայաստանի իրավական տեղեկատվական ԱՌԼԻՍ համակարգը։
Սլայդում հնչող ձևակերպումները՝ «ամբողջական արխիվ», «կրթական բովանդակության հիմք», «պետական թվային ծառայությունների աջակցություն» և այլն, զգալիորեն գերազանցում են ոլորտային հիմնադրամի գործառույթների շրջանակը՝ ըստ իր կանոնադրական ու իրավական կարգավիճակի։
Հիմնադրամը ստանձնում է դերեր, որոնք վերաբերում են այլ պետական մարմինների՝ ինչպիսին են Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացում (ԲՏԱ նախարարություն), կրթության համակարգի թվային բովանդակության հիմք (ԿԳՄՍ-ի ենթակայությամբ գործող «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և «Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) կամ հանրային ծառայության ոլորտները (ԲՏԱ նախարարություն, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով), որոնք կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով։ Սա իրավասությունների խախտման և պատասխանատվության բաշխման լուրջ հարց է:
Թերևս անհասկանալի է թվում սլայդում տեղ գտած 3-րդ կետը, որով կարևորվում է մշակութային ժառանգության թվայնացում և պահպանումը, սակայն նշվում է, որ կինոնյութերի, որպես մշակութային արժեքների, պահպանությունը պահանջում է «Բարձր տեխնիկական ստանդարտներ», «Երկարաժամկետ պահպանման ռազմավարություն», «Մատչելիության և օգտագործման անվտանգ ընթացակարգեր»: Նախևառաջ «մշակութային ժառանգությունով» զբաղվում է ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչությունը իր ենթակա կառույցներով, քանի որ այն ավելի լայն իմաստ է պարունակում քան մեկ ոլորտի ժառանգության պահպանությունը: Այս երեք «պահանջները» Հայաստանի կինոյի հիմնադրամի, որպես ոլորտային կառույցի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության անմիջական լիազորության շրջանակում են: Առանձին ուշադրություն կարելի է դարձնել այն հանգամանքին, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծման համարյա առաջին տարեդարձի շրջանակում բացակայում է կինոժառանգության երկարաժամկետ պահպանման ռազմավարությունը, որի մշակումը բխում է հիմնադրամի կանոնադրությունից: Ստանդարտները մշակվում են և հաստատվում են ոլորտային կառույցների և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հետ համատեղ, ռազմավարությունը և ընթացակարգերը մշակում են միայն ոլորտային կառույցները և ենթակա կազմակերպությունները:
Սա ամբողջական տեսասահիկի միայն մեկ սլայդ է, որը արդեն պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայությամբ գործող մարմինների գործառույթների զգալի տոկոս: Սակայն ոլորտային առումով Հայաստանի կինոյի հիմնադրամը դեռևս որևէ զգալի բարելավում չի իրականացնել:
Այս պահին Հայաստանի կինոյի հիմնադրամի լիազորությունները սահմանված են միմիայն «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով, մասնագիտական հանրույթը պետք է ապահովի հասարակական վերահսկողություն՝ կինոյի ոլորտում նման կենտրոնացված նախագծերի իրականացման դեպքում։







































