Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը պաշտոնապես ընտրվել է Ջեյմս Բոնդի դերում՝ դառնալով 007 գործակալին մարմնավորող յոթերորդ դերասանը։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարվել է ֆրանշիզայի պաշտոնական սոցիալական էջերում։
Հայտարարությանը նախորդել էր դերակատարի ընտրության երկարատև գործընթացը։ Փաթինսոնը հինգ հիմնական հավակնորդներից մեկն էր։ Դերի համար դիտարկվում էին նաև Ջոշ Օ’Քոնորը, Քալում Թերները, Ջեք Լոուդենը և Նիկոլաս Հոլթը։
Հայտարարությունից առաջ Ջեյմս Բոնդի պաշտոնական էջերից հեռացվել էին նախորդ հրապարակումները, որից հետո հայտնվել էր «Ինքնությունը հաստատված է» (Identity confirmed) գրառումը։
Փաթինսոնը կնկարահանվի ֆրանշիզայի 26-րդ ֆիլմում, որի ռեժիսորը Դենի Վիլնյովն է։ Սցենարի հեղինակը «Սուր հովարներ» (Peaky Blinders) սերիալի ստեղծող Սթիվեն Նայթն է, իսկ պրոդյուսերները՝ Էմի Պասկալը և Դեյվիդ Հեյմանը։ Ֆիլմը կդառնա առաջինը, որը կարտադրվի Amazon MGM Studios-ի ստեղծագործական վերահսկողության ներքո։
Դերասանը կփոխարինի Դենիել Քրեյգին, որը Ջեյմս Բոնդին մարմնավորել է հինգ ֆիլմում՝ 2006 թվականի «Կազինո Ռոյալից» մինչև 2021 թվականի «Մահանալու ժամանակ չկա»։
Ռոբերտ Փաթինսոնը հայտնի է «Մթնշաղ» ֆիլմաշարից, «Բեթմեն» և այլ ֆիլմերից։ Նա նախկինում աշխատել է Դենի Վիլնյովի հետ «Դյունա. Մաս երրորդ» ֆիլմում։ Նոր Ջեյմս Բոնդի ֆիլմի պաշտոնական անվանումն ու թողարկման ամսաթիվը դեռ չեն հրապարակվել։
















