Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Կատալոնիայի իշխանությունները որոշում են կայացրել տարածաշրջանում՝ մասնավորապես Բարսելոնա քաղաքում, կինոթատրոնների կրկնակի փակման մասին: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Տեղի քաղաքապետարանը որոշել է նման քայլի դիմել, քանի որ ավելի ու ավելի դժվար է վերահսկել վարակի տարածումն այն պատճառով, որ բնակչությունը չի պահպանում դիմակները կրելու եւ սոցիալական հեռավորության ցուցումները: Ավելի վաղ Բարսելոնայում փակել էին լողափային գոտին, քանի որ լավ եղանակի պատճառով այնտեղ մարդաշատ էր:
Բարսելոնան Իսպանիայի կինովարձույթի համար կարևորագույն շուկան է: Այստեղ հավաքվում է երկրի բոլոր դրամարկղային մուտքերի մինչեւ 10%-ը: Կինոթատրոնների փակման որոշումը վնասում է արդյունաբերությանը, որը նոր-նոր է սկսել աստիճանաբար ուշքի գալ լոքդաունից հետո: Բարսելոնի կինոթատրոններն աշխատում են հունիսի 26-ից, սակայն հանդիսատեսը զանգվածաբար սկսել է վերադառնալ միայն հիմա, երբ երկար սպասված պրեմիերաները մեկնարկեցին: Մասնավորապես, հինգշաբթի Իսպանիայում վարձույթ է դուրս եկել «Սքուբի-դու» մուլտֆիլմը եւ առաջին օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 107 հազար եվրո՝ տասնյակ անգամ ավելի, քան նախորդ շաբաթվա թողարկումները: Կինոթատրոնների սեփականատերերի տեղական ասոցիացիայի ներկայացուցիչները հայտարարում են, որ իշխանությունների որոշումը փաստացի պոտենցիալ հանդիսատեսին ասում է, որ կինո գնալը վտանգավոր է, այն դեպքում, երբ կինոթատրոններումախտահանման ուղղությամբ մշտական եւ շատ ծավալուն աշխատանք է կատարվում:
Հետաքրքիր է, որ Կատալոնիայի իշխանությունների որոշումը խիստ հակադրում է Իսպանիայում իշխանության մյուս մարմինների դիրքորոշմանը: Մասնավորապես, մի քանի օր առաջ Իսպանիայի թագավորական զույգը ցուցադրաբար այցելել էր Իսպանիայի կինոթատրոն եւ այդ այցը ներկայացվում էր որպես երկրի կինովարձույթի ոլորտի աջակցության գործողություններ: