Հարյուրավոր արցախցիների համար անցած տարվա ամառը տարբերվեց նախորդներից: Արցախում նկարահանվում էր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը: Տարբեր երկրներից, պրոֆեսիոնալ, միջազգային դերասանական ու ստեղծագործական կազմով եկան Արցախ՝ կինո նկարելու: Արցախցիները միշտ երազել էին այդպիսի իրադարձության մասնակիցը լինել: Ֆիլմն էլ Արցախի թեմայով է, նպատակը՝ կինոարվեստի միջոցով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելը, քանի որ ֆիլմի ռեժիսորն էլ՝ Ջիվան Ավետիսյանը, մեծացել է Արցախում:
Իր ծննդավայրի հանդեպ սերն ու նվիրումը ռեժիսորը արտահայտել է դեռևս իր նախորդ՝«Թեւանիկ» եւ «Վերջին բնակիչը» ֆիլմերում: «Թեւանիկ»-ը ցուցադրվել է աշխարհի 20-ից ավելի երկրներում, տարբեր միջազգային կինոփառատոներում արժանացել է Լավագույն օտարալեզու ֆիլմ, Լավագույն օպերատորական աշխատանք, Լավագույն ֆիլմ, Լավագույն սցենար, Հանդիսատեսի համակրանք և այլ մրցանակների:
«Դրախտի դարպասը» իր մասշտաբներով գերազանցում է Արցախի մասին և Արցախում նկարահանված նախորդ ֆիլմերին, բացի այդ, նախորդ ֆիլմերն 90-ականների մասին էին պատմում, իսկ այս մեկը զարգանում է մեր օրերում: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ գերմանացի լրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆիա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Հետո պիտի պարզվի, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիվ հանրահայտ է դարձել: Տարիներ հետո դրախտի դարպասների առաջ Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը:
Այսպիսով, նոր ֆիլմում միաժամանակ լուսաբանվելու է և՜ 1992-94թթ. Արցախյան պատերազմը, և՜ 2016 թվականի Ապրիլյանը: Ֆիլմի գլխավոր դերակատարը դերասան Ռիչարդ Սամելն է («Կազինո Ռոյալ», «Անփառունակ սրիկաները»): Նա մարմնավորել է Ռոբերտ Ստենվալի կերպարը, Սոֆյայի կերպարը մարմնավորել է դերասանուհի Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից: Մյուս գլխավոր դերասանուհին Նաիրա Զաքարյանն է՝ Նյու Յորքից: Ֆիլմում նկարհանված բոլոր խմբակային դերասանները Արցախից էին՝ հարյուրավոր երեխաներ ու մեծահասակներ:
Ֆիլմի ստեղծագործական խումբը հետարտադրական աշխատանքների իրականացման համար, GoFundMe համաֆինանսավորման հարթակում մինչ այսօր շարունակում է համալրել բյուջեն: