Ինչպես տեղեկացնում է «Էրկեն կիշեր» ժապավենի պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը ֆիլմը ընդգրկվել է Ռուսաստանի ամենամյա «Նիկա» կինոմրցանակաբաշխության կարճ ցուցակում՝ «ԱՊՀ, Վրաստան և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին է ներկայացնում երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:
Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:
Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։
Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Բացի Հայաստանից անվանակարգում տեղ են գտել Ղրղզստանի, Էստոնիայի, Վրաստանի և Ղազախստանի ֆիլմերը: Ռուսական ազգային կինեմատոգրաֆիական «Նիկա» մրցանակի 33-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի մարտի 30-ին: