Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (МоМА) նոյեմբերի 3-ին առաջին անգամ ցուցադրվելու է հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» (1928թ․) ֆիլմը՝ 35մմ ժապավենային տարբերակով։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը МоМА-ի հետ համագործակցության արդյունքում, ցուցադրության նպատակով թանգարանին է տրամադրել իր արխիվում պահվող ֆիլմի պոզիտիվ ժապավենի պատճենը։
Հատկանշական է այն, որ սա հայկական երկրորդ ֆիլմն է, որ ցուցադրվելու է աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկում։ Առաջինը՝ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) 4K վերականգնված ֆիլմի նոր 35մմ ժապավենային տարբերակն էր, որը ցուցադրվել է 2021թ․ հունվարին և վերջինիս մեկ օրինակը պահպանության է հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին։