Ամերիկյան կինոարդյունաբերությունը բացառապես դրական է ընդունել ԱՄՆ Սենատում ձեռք բերված համաձայնությունը կինոթատրոններին եւ նրանց աշխատակիցներին, ինչպես նաեւ գործունեության բազմաթիվ այլ ոլորտներին աջակցություն տրամադրելու մասին, որոնք հարկադրված են դադարեցնել աշխատանքը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Իր պաշտոնական հայտարարության մեջ Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիան ասել է, որ կինոթատրոնները կարող են այժմ վստահությամբ սպասել բացմանը եւ նորից սկսել ծառայել իրենց տարածքային համայնքներին, երբ ճգնաժամը անցնի:
Որոշ մանրամասներ դեռ պետք է մշակվեն եւ հաստատվեն, սակայն համաձայնագրի ընդհանուր դրույթներն արդեն հսկայական աջակցություն են տրամադրում կինոթատրոններին եւ նրանց աշխատակիցներին: Ստեղծվում է 454 միլիարդ դոլարի չափով փոխառությունների պետական երաշխիքների հատուկ հիմնադրամ: Այն կինոթատրոններին եւ այլ բիզնեսին կտրամադրի կապիտալի հասանելիություն՝ մշտական ծախսերը վճարելու համար, մինչեւ որ նրանք չկարողանան եկամուտ ստանալ իրենց սովորական գործողությունների միջոցով:
Փոքր բիզնեսի կառավարման ընդլայնված ծրագրերը համանման հնարավորություններ կտան փոքր բիզնեսին, որին պատկանում է կինոթատրոնների եւ դրանց տիրապետող ընկերությունների ճնշող մեծամասնությունը: Որոշ կատեգորիաների ծախսերը ենթակա կլինեն տրամադրված վարկերի դուրսգրմանը:
Կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ տարբեր հարկային արտոնությունների եւ թուլացումների հատուկ ծրագիրը: Մինչեւ չորս ամիս ուղղակի աջակցություն տրամադրվում է ընդլայնված գործազրկության նպաստների միջոցով, որը տարածվում է նաև ոչ լրիվ դրույքով աշխատողների վրա: Աշխատել շարունակող աշխատակիցներին տրամադրվում են ընդլայնված հարկային նվազեցումները:
Այդ աջակցությամբ կինոթատրոնները կկարողանան վերապրել ճգնաժամը եւ վստահ լինել աշխատանքը վերսկսելու իրենց ունակության մեջ: Նույնը կարող են անել պատրաստված եւ իրենց գործունեությանը կենսականորեն անհրաժեշտ աշխատողները, ովքեր կվերադառնան իրենց աշխատատեղերը այն պահին, երբ կինոթատրոնները կրկին բացվեն: Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիան շնորհակալություն է հայտնում Կոնգրեսին, նախագահի վարչակազմին եւ բոլոր նրանց, ովքեր աջակցել են մշակույթի եւ հասարակական կյանքի համար այդքան կարեւոր ինդուստրիայի պաշտպանությանը: Այն անհամբերությամբ սպասում է Ներկայացուցիչների պալատում արտակարգ միջոցառումների ծրագրի արագ անցմանը եւ նախագահի ստորագրությանը:
Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիայի հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ: