Առաջատար անկախ դիստրիբյուտորներն ու գործակալությունները միավորվում են այլընտրանքային վիրտուալ կինոշուկայի ստեղծման համար, եթե Կաննի կինոփառատոնն ու Marché du Film շուկան չեղյալ հայտարարվեն կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նախաձեռնությունը գլխավորում է հոլիվուդյան CAA գործակալությունը: Վիրտուալ կինոշուկային մասնակցելու համարմիացել են 30West, AGC Studios, Altitude, Anton, Cornerstone, Endeavor Content, FilmNation, IMR, Lionsgate International, Miramax, Mister Smith, Protagonist, Rocket Science, Sierra/Affinity, Solstice Studios, STX Entertainment, Voltage Pictures եւ Wild Bunch ընկերությունները, այսինքն շուկայի բոլոր հիմնական անկախ խաղացողները: Ցուցակը վերջնական չէ:
Վիրտուալ կինոշուկան կանցնի միայն իրական շուկայի չեղարկման դեպքում: Այն նախատեսված է անցկացնել մայիսի սկզբին: Սպասվում է, որ այստեղ կկազմակերպվեն ֆիլմերի համակարգված ցուցադրություններ, վաճառողների, գնորդների, աստղերի եւ նախագծերի շնորհանդեսներ: Նախատեսվում են տեսակոնֆերանսներ, ինչպես նաեւ պրոմո-բովանդակության եւ գովազդային հոլովակների ցուցադրություններ: Ընդ որում՝ վիրտուալ շուկայի աշխատանքին մասնակցելու համար ոչ մի մուտքավճար չի նախատեսվում: Այստեղ կարող են կազմակերպվել ֆիլմերի ցուցադրություններ, որոնք կընտրվեն չեղյալ հայտարարված փառատոնին մասնակցելու համար:
Նման վիրտուալ շուկայի գաղափարը կարող է ապահովագրել արդյունաբերությունը այն դեպքում, եթե կորոնավիրուսի հետ կապված խնդիրը հետագայում էլ չլուծվի: Ընդ որում, նրա գաղափարախոսները նշում են, որ ոչ մի դեպքում չեն պատրաստվում փոխարինել իրական շուկան, եթե այն կայանա: Կաննի փառատոնն ու Marché du Film-ի կազմակերպիչները հույս ունեն, որ այդպես էլ կլինի: Փառատոնի կազմակերպիչները պետք է վերջնական որոշում կայացնեն այս հարցի վերաբերյալ ապրիլի կեսերին:
Ընդ որում, ակնհայտ է, որ ֆորս-մաժորի դեպքում կազմակերպիչներն իրենք կառաջարկեն շուկան տեղափոխել օնլայն տիրույթ: Սակայն այս վիրտուալ կինոշուկան, ենթադրաբար, կներառի գրանցման վճարը: Նման ձեւաչափով, օրինակ, որոշվել է SeriesMania սերիալների փառատոնն անցկացնել: Մասնակցությունը թվային ֆորումին, որը փոխարինում է չեղյալ հայտարարված փառատոնը, արժե €90 ($100):