Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։ Մինչև նոյեմբերի 26-ն անցկացվող «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականություն է դարձել Telefilm Canada-ի հետ համագործակցությամբ։
«Ոսկե ծիրան»-ն առաջին անգամ է համագործակցում Telefilm Canada-ի հետ, և վերջինս աջակցել է կանադական նորագույն բացառիկ ֆիլմերի ցուցադրություն իրականացնել հայ հանդիսատեսի համար, ինչպես նաև իրականացնել օնլայն նախաձեռնություններ։
«Հայացք՝ Կանադա» ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Պատվավոր հյուրը» ֆիլմի ցուցադրությունը։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Էգոյանի ֆիլմը նաև լավագույններից էր Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի երևանյան պրեմիերան նվիրված էր ռեժիսորի 60-ամյակին, ով, ի դեպ, 10 տարուց ավելի «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահն էր և այժմ փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամն է։
«Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կցուցադրվեն նաև Թորոնթոյի ՄԿՓ-ում Լավագույն կանադական խաղարկային ֆիլմ և Լավագույն ֆիլմ «Կանադական էկրան» մրցանակներին արժանացած Սոֆի Դըռասպի «Անտիգոնե» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն կանադական ֆիլմ մրցանակին արժանացած Կլոդ Դըմերսի «Մի կին՝ մայրս» կինոնկարը, Մոնրեալի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ում լավագույն ազգային լիամետրաժ ֆիլմի համար ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած Դընի Կոտեի «Ուիլքոքսը», հայ-կանադական համատեղ արտադրության Կարինե Թորոսյանի «Այստեղ և այնտեղ» ֆիլմը։
Կինոցուցադրությունները կկայանան մինչև նոյեմբերի 26-ը «Կինոպարկ» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում։ «Հայացք՝ Կանադա» ծրագրի շրջանակում կկայանա նաև օնլայն զրույց Դընի Կոտեի հետ, որը կհեռարձակվի փառատոնի պաշտոնական էջում։ Հայ հանրությունը ճանաչում է Կոտեի ֆիլմերը, քանի որ դրանցից առնվազն երեքը ցուցադրվել են «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում։ Տեղի կունենա նաև մեկ այլ առցանց միջոցառում։ Կկազմակերպվի պանելային քննարկում՝ «Կանադական կինոն համավարակի ընթացքում և հետո» խորագրով, որին հանդես կգան Ատոմ Էգոյանը, Սոֆի Դըռասպը, Կլոդ Դըմերսը, ինչպես նաև ներկայացուցիչ Telefilm Canada-ից։