Հուլիսի 20-ից Չինաստանի կինոթատրոնները, որոնք գտնվում են վտանգի ցածր մակարդակ ունեցող գոտիներում, կկարողանան վերսկսել աշխատանքը: Այս մասին հուլիսի 15-ին հայտնել է Deadline պարբերականը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին: Չինական կինովարձույթի շուկան, որն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, հունվարի վերջից սառված վիճակում է: Ըստ կանխատեսումների՝ 2020 թվականին այդ երկիրը բաց կթողնի առնվազն 4 մլրդ դոլար դրամարկղային մուտք:
Չինաստանում հանրային կինոցուցադրության վերսկսումը տեղի կունենա աստիճանաբար: Սկզբում կինոթատրոնները կգործարկեն տեղական արտադրության հին ֆիլմերի, ինչպես նաև ամերիկյան որոշ նկարների կրկնակի վարձույթ, ինչպիսին է Հարրի Փոթերի մասին ֆրանշիզան: Այնուհետև հանդիսատեսը կարող է դիտել համեմատաբար նոր արտասահմանյան ժապավեններ, ինչպիսիք են «1917», «Ford ընդդեմ Ferrari» կամ «Ընդմիշտ վատ տղաները», ինչպես նաև դիտել թարմ չինական արտադրության նկարներ:
Բոլոր կինոթատրոնները կգործեն պաշտոնական ցուցումներին համապատասխան, որոնք կինոդիտումների կազմակերպիչներին պարտավորեցնում են կառավարել մարդկային հոսքերը, մշտապես փորձարկել աշխատակիցներին, ախտահանել տարածքները, ինչպես նաև պատրաստ պահել սարքավորումներն ու նյութերը անհետաձգելի բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում:
Այս հաղորդագրությունից հետո Շանհայի կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ ստուգատեսը տեղի կունենա հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը՝ կրճատված տարբերակով: Միջոցառումը տեղի կունենա առանց արտասահմանցի հյուրերի, միջազգային ժյուրիի և մրցույթի՝ կարճեցված ֆիլմերի գալա-ծրագրի ձևաչափով: