«Թևանիկը», «Վերջին բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր, արցախցի Ջիվան Ավետիսյանը օնլայն պատերազմներից չի վախենում, ասում է՝ իրական պատերազմը սեփական աչքերով է տեսել: Արցախի մասին նրա 3-րդ ֆիլմը՝ «Դրախտի դարպասը», հայտնվել է ադրբեջանցիների թիրախում: Նրանք բողոքի նամակներ են ուղարկել գերմանացի, լիտվացի և ֆրանսիացի համապրոդյուսերներին:
«Այս ֆիլմի գլխավոր մեխերից մեկն այն է, որ այն նկարահանել են Ադրբեջանի օկուպացված տարածքներում՝ Ղարաբաղում»- ասված է ադրբեջանական կայքում զետեղված նյութի մեջ:
Ֆիլմի համարտադրողներն են լիտվացի Կեստուտիս Դրազդաուսկասը, գերմանացի Մարկո Գիլլեսը և ֆրանսիացի Անգելիկա Շուլերը։
Ադրբեջանցիները կարծում են, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի օտարերկրացի պրոդյուսերները այնքան էլ լավ ծանոթ չեն Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդրին և իբրև հայերը վերջիններիս սխալ պատմություն են ներկայացրել, այդ իսկ պատճառով էլ որոշել են պրոդյուսերներին բաց նամակ հղել «պատմության իրական նկարագրություններով»:
Հիշեցնենք, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արցախում: Ֆիլմում դեպքերը ծավալվում են 2016 թվականին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում:
Հավելենք, որ լիտվացի գործընկերոջ հետ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն առաջին անգամ չէ, որ աշխատում է: Մինչ այս նրանք միասին նկարահանել են «Թևանիկ» ու «Վերջին բնակիչը» ֆիլմերը։