2025 թ. դեկտեմբերի 2–5-ը Երևանում անցկացվում է «SolidArt» միջազգային սեմինարը։ Ժամանակակից արվեստին և պետական կառավարմանը նվիրված սեմինարի բացումը ուղեկցվեց պետական կառույցների ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններով, այդ թվում՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Պողոսյանի ելույթով։ Նրա խոսքում ներկայացվեց ակտիվ զարգացող, թափանցիկ և ռազմավարական նպատակադրում ունեցող կառույցի պատկեր՝ մի կառույցի, որը ձևավորում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը, ընդլայնում միջազգային համագործակցությունը, աջակցում է վաստակավոր և երիտասարդ հեղինակներին և իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր։
Սակայն մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս էական անհամապատասխանություն հրապարակային ձևակերպումների, օրենքի պահանջների և ոլորտի իրական վիճակի միջև։
Հայաստանի կինոյի հիմնադրամի լիազորություններ․ օրենքի և հայտարարությունների հակադրություն
Ելույթում հիմնադրամը ներկայացվեց որպես կառույց, որը «ձևավորում է կինոարտադրության զարգացման ռազմավարական տեսլականը» և «իրականացնում է պետական քաղաքականություն»։ Մինչդեռ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը սահմանում է լիազորությունների այլ բաշխում։ Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական քաղաքականությունը մշակում և իրականացնում է լիազոր պետական մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, և ոչ թե Հայաստանի կինոյի հիմնադրամը։
Օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնադրամը պետության կողմից ստեղծված ազգային մարմին է, որի հիմնական գործառույթը պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով մրցույթների կազմակերպումն ու անցկացումն է։ Այսպիսով, հիմնադրամը կատարում է գործառնական և տեխնիկական դերակատարում՝ ապահովելով ծրագրերի իրականացումը ու չի ձևավորելով ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները։
Թափանցիկություն․ օրենքով ամրագրված սկզբունքներ vs իրական գործելակերպ
Ելույթի երկրորդ մասը վերաբերում էր հիմնադրամի գործունեության «բաց», «թափանցիկ» և «արդար» սկզբունքներին։ Օրենքը իսկապես ամրագրում է այս սկզբունքները։ Մասնավորապես՝ 4-րդ հոդվածի 1 մասի 3-րդ կետը պետական աջակցման թափանցիկությունը դասում է հիմնարար սկզբունքների շարքը։ Սակայն թափանցիկության ապահովման համար օրենքը նախատեսում է կոնկրետ մեխանիզմներ՝ պարտադիր մրցութային ընթացակարգեր (հոդված 24), որոշումների արձանագրում, դիմումների գնահատման չափանիշներ, ինչպես նաև շահերի բախման կառավարման պահանջներ (հոդված 9, մաս 1, կետ 1)։
Մրցութային հանձնաժողովների արձանագրությունների, տարեկան կամ ընթացիկ հաշվետվությունների, գնահատման չափանիշների և ծախսերի վերաբերյալ տվյալների բացակայությունը ցույց է տալիս, որ օրենքով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները ամբողջությամբ չեն իրականացվում։ Այստեղ խնդիրը գնահատական տալը չէ, այլ այն, որ ելույթում հնչեցված սկզբունքները փաստացի չեն ամրապնդվում օրենքով սահմանված հրապարակային հաշվետվողականության գործիքներով։
Թափանցիկության խնդիրը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի գրանցումից՝ 2024 թ. հուլիսի 15-ից ի վեր, հիմնադրամի պաշտոնական կայքում մինչև այսօր բացակայում է կառույցի կառուցվածքի և պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկատվությունը։ «ԿինոՊրես»–ի գրավոր հարցումներին հիմնադրամը և նախարարությունը պատասխանում պատճառաբանում են կայքի «տեխնիկական աշխատանքներով», մինչդեռ հիմնադրամը առանց որևէ խոչընդոտի շարունակում է հրապարակել իր գործունեության վերաբերյալ PR նյութեր։
Կինոռեեստր․ նորմատիվ կա, իրականացում՝ ոչ
Ելույթում առանձնահատուկ ուշադրություն էր դարձված ազգային կինոռեեստրին։ Սակայն այս ոլորտը հստակ կարգավորվում է օրենքի 14-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2023 թ. դեկտեմբերի 7-ի № 2127-Ն որոշմամբ, որը սահմանում է ռեեստրի կառուցվածքը, տվյալների կատեգորիաները, դրանց ներմուծման ժամկետները և ազգային մարմնի պարտականությունը՝ ապահովել տեղեկատվության բաց հասանելիություն պաշտոնական կայքի միջոցով։
Իրական վիճակը զգալիորեն տարբերվում է ներկայացվածից։ Չնայած իրավական կարգավորմանը՝ կինոռեեստրն այս պահի դրությամբ վարվում է Google աղյուսակում և ընտրողական կազմով։ Գրանցումների թափանցիկությունն ու տեղեկատվության ենթախախտումների կանխման մեխանիզմները բացակայում են, ինչի հետևանքով ռեեստրն առնչված հայտարարությունները («ստեղծվում է», «վարվում է») մնում են ձևական, իսկ կառավարության որոշմամբ սահմանված պարտավորությունները չեն իրականացվում։
Այսպիսով, խնդիրը ոչ թե օրենսդրական դաշտի բացակայությունն է, այլ այն, որ ներկայացված պատկերը չի արտացոլում օրենքի և № 2127-Ն որոշման փաստացի կատարումը։
«Հայֆիլմ»․ իրավական կարգավիճակը vs հրապարակային հայտարարությունները
Ելույթում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում «Հայֆիլմ» կինոստուդիայի «գործունեության վերականգնումը» և նրա տարածքում «կինոարտադրական կամպուսի» ստեղծումը։ Սակայն ստուդիայի տարածքի փաստական և իրավական կարգավիճակը հակասում է այդ հայտարարություններին։
ՀՀ կառավարության 2024 թ. օգոստոսի 22-ի № 1323-Ն որոշմամբ «Հայֆիլմ» կինոստուդիայի հողամասը համարվել է գերակա շահ՝ Ակադեմիական քաղաքի կառուցման շրջանակում։ Այս կարգավիճակը ենթադրում է տարածքի օտարում և պետական կարիքների համար օգտագործում՝ համալսարանական կլաստեր տեղակայելու նպատակով։ Կինոստուդիայի տարածքն ու հարակից հողերը ճանաչվել են որպես օտարման ենթակա գոտիներ։
Բացի այդ, կինոստուդիան շարունակում է ընդգրկված մնալ մասնավորեցման ենթակա գույքերի ցանկում։ Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «ԿինոՊրես»–ին 2025 թ. մայիսին տրամադրած տվյալներով՝ տարածքի փոխանցման գործընթացը դեռ չի մեկնարկել՝ նրա ապագա իրավական կարգավիճակի շուրջ առկա անորոշության պատճառով։
Վերականգնման գործընթացի իրական վիճակը լրացուցիչ է բարդացնում մասնավորեցման պատմությունը։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ ներդրումային պարտավորությունները տարիներ շարունակ չեն կատարվել, պետությանը հասցվել է վնաս, իսկ կինոստուդիայի գույքի մի մասը ենթարկվել է հափշտակության։ Թեև պայմանագիրը լուծարվել է, բայց կինոստուդիայի շենքերն ու տեխնիկան պահպանման անբավարար վիճակում են, իսկ գույքային կորուստները մինչ այժմ ընդգրկված են քրեական գործի նյութերում։
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը չի նախատեսում ստուդիական տարածքներում կինոարտադրական կամպուսների ստեղծման որևէ մեխանիզմ, ինչպես նաև չի վերապահում Հայաստանի կինոյի հիմնադրամին անշարժ գույքի կառավարում, վերակառուցում կամ արտադրական ենթակառուցվածքների ստեղծում։ Հիմնադրամի գործառույթները սահմանափակվում են մրցույթների կազմակերպմամբ, կինոռեեստրի վարմամբ, պետական միջոցների նպատակային օգտագործման վերահսկմամբ և ֆիլմերի ստեղծման աջակցմամբ։
Cash Rebate․ օրենքը, կառավարության որոշումը և հրապարակային մեկնաբանությունը
Ելույթում ֆիլմարտադրության ծախսերի մասնակի վերադարձի ծրագիրը ներկայացվեց որպես մեխանիզմ, որը «թույլ է տալիս արտադրողներին վերադարձնել մինչև 25% ծախսերը, ինչպես նաև հավելյալ 10%՝ Հայաստանի առաջմղման համար»։ Սակայն այս ձևակերպումը չի համապատասխանում գործող օրենսդրությանը։
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է 10–40% վերադարձի միջակայք, սակայն ՀՀ կառավարության 2025 թ. ապրիլի 10-ի № 412-N որոշմամբ սահմանվում է այլ մոդել՝ վերադարձի նվազագույն շեմ՝ 25%։ Բարձրացման մեխանիզմը ևս սահմանված է որոշմամբ՝ առավելագույնը 5% ռեզիդենտների և 10% ոչ ռեզիդենտների կամ համարտադրությունների համար։
Այսպիսով՝ հրապարակված բանաձևը՝ 25% + 10%, չի համապատասխանում ո՛չ օրենքի սահմանած միջակայքին, ո՛չ էլ կառավարության որոշման սահմանած հաշվարկային մոդելին։
Վերջապես, ելույթում հիմնադրամը ներկայացվեց որպես կառույց, որը ապահովում է Հայաստանի միջազգային ներկայացվածությունը։ Սակայն օրենքի 8-րդ հոդվածով այդ գործառույթը վերապահված է լիազոր պետական մարմնին, մինչդեռ հիմնադրամը միայն նպաստում է ֆիլմերի մասնակցությանը միջազգային միջոցառումներին (հոդված 9, կետ 8)։
Այս ամենը ցույց է տալիս, որ ելույթում հնչած մի շարք թեզեր ներկայացնում են հիմնադրամի գործառույթների ընդլայնված և օրենսդրությանը չհամապատասխանող մեկնաբանություն։
Հրապարակային հռետորաբանության և իրավական իրականության միջև այս անհամապատասխանությունը գնահատողական բնույթ չունի․ այն բխում է Հայաստանի Հանրապետության «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի ուղիղ դրույթներից։
Ուստի ոլորտի կառավարման կառուցվածքը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է պաշտոնական հայտարարությունները համադրել գործող օրենսդրության հետ․ հիմնադրամը կատարում է կարևոր, բայց օրենքով խիստ տարանջատված դեր՝ տեխնիկական, մրցութային և սպասարկող, և ոչ թե ռազմավարական կամ քաղաքական-կառավարչական։









































