Հայաստանն այս տարի մասնագիտական ներկայություն է ունեցել Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի և դրա արդյունաբերական հարթակների շրջանակում, սակայն այդ մասնակցությունը պատշաճ ուշադրության չի արժանացել Հայաստանի պետական կինոկառույցների կողմից։ Այս մասին իր հրապարակումներում հայտարարել է ռեժիսոր, պրոդյուսեր և Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի համահիմնադիր Հովհաննես Գալստյանը։
Նրա գնահատմամբ՝ հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի մասնակցությանը չեն անդրադարձել ո՛չ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ո՛չ էլ Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ չնայած Վենետիկում հայկական կողմի ունեցած մասնագիտական հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին։
«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որևէ կերպ չանդրադարձավ Վենետիկի միջազգային կինոփառատոնին և Հայաստանի ներկայությանը Վենետիկի Բիենալեում», — գրել է Հովհաննես Գալստյանը։
Գալստյանը շեշտում է, որ խոսքը միայն խորհրդանշական ներկայության մասին չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանը Վենետիկում ներգրավված էր միջազգային կինոարտադրության, համատեղ արտադրությունների, դիստրիբուցիայի և կինոհանձնաժողովների համագործակցության մի շարք մասնագիտական գործընթացներում։
«Որքան էլ ՀՀ ԿԳՄՍ-ն ջուր էր առել բերանը, արձանագրենք, որ այս տարի Հայաստանը Վենետիկում ուներ պատկառելի ներկայություն», — նշել է նա՝ առանձնացնելով Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի մասնակցությունը։
Գալստյանի գնահատմամբ՝ միջազգային կինոարդյունաբերության տարվա ընթացքում կան մի քանի առանցքային հարթակներ, որոնցում կինեմատոգրաֆիական ավանդույթ ունեցող երկրի ներկայությունը պետք է լինի համակարգված և շարունակական։
Հայաստանը՝ Venice Production Bridge-ի ծրագրում
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանը առաջին անգամ ներկայացվել է Venice Production Bridge-ի պաշտոնական մասնագիտական ծրագրում։
Սեպտեմբերի 7-ին Spazio Incontri սրահում անցկացված՝ կինոհանձնաժողովների խթանման ծրագրերին նվիրված հանդիպման ընթացքում ներկայացվել են 11 երկրների փորձն ու կինոարդյունաբերության զարգացման նախաձեռնությունները։
Գալստյանի խոսքով՝ Հայաստանը ծրագրում առանձնահատուկ դիրքում էր․ այն միակ մասնակից երկիրն էր, որի ներկայությունն ապահովվել էր մասնագիտական հասարակական կազմակերպության, այլ ոչ պետական կինոհանձնաժողովի կամ պետական աջակցության միջոցով։
Ֆեդերացիան Վենետիկում ներկայացրել է «Սինեմա Ալյանս» նախաձեռնությունը, որի նպատակը միջազգային նկարահանող խմբերի ներգրավումն ու Հայաստանի՝ որպես կինոարտադրական ուղղության առաջխաղացումն է։
Գալստյանն ընդգծել է, որ այդ նախաձեռնությունը նույնպես իրականացվում է պետական համակարգից անկախ։
Հանդիպումներ «Եվրիմաժ»-ի և միջազգային կինոկառույցների հետ
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Վենետիկում հանդիպումներ է անցկացրել մի շարք միջազգային կինոկառույցների ներկայացուցիչների հետ։
Ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզան Նյուման-Բոդեի և կինոնախագծերի ղեկավար Մարի Գեգանի հետ։
Գալստյանի փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքում հստակեցվել են միջազգային համատեղ արտադրության ֆինանսավորման հնարավորությունները, և Ֆեդերացիայի էստոնացի գործընկերները նախատեսում են 2027 թվականի սկզբին «Եվրիմաժ» ներկայացնել ֆինանսավորման հայտ։
Հանդիպումներ են անցկացվել նաև Եգիպտոսի կինոհանձնաժողովի գլխավոր տնօրեն Ահմեդ Բադավիի, Եվրոպական պրոդյուսերների ակումբի գործադիր ղեկավար Ժյուլի-Ժան Ռենյոյի, Venice Production Bridge-ի գործադիր տնօրեն Պասկալ Դիոտի և Կյարա Մարինիի, Իտալիայի կինոհանձնաժողովների ներկայացուցիչների և այլ մասնագետների հետ։
Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Բոլոնիա
ՖԱՀՖ-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի կինոհանձնաժողովի հետ համաձայնեցվել է եռամյա համագործակցության ծրագիր։
Ֆեդերացիան նաև հրավեր է ստացել «ՎԵՐԱ» միջազգային կինոնախագիծը և «Սինեմա Ալյանս» ծրագիրը ներկայացնելու Սաուդյան Արաբիայի Red Sea կինոփառատոնի շուկայում։
Բոլոնիայի կինոգործիչների միջազգային ակադեմիայի հետ քննարկվել է Հայաստանից երիտասարդ ռեժիսորի մասնակցությունն ակադեմիայի ծրագրերից մեկին։
Եվրոպական պրոդյուսերների ակումբի հետ, ըստ Գալստյանի, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական համագործակցության վերաբերյալ․ ՖԱՀՖ-ը հնարավորություն կունենա օգտվելու ակումբի միջազգային ցանցից՝ իր հերթին փորձագիտական տեղեկատվություն տրամադրելով Հայաստանի կինոոլորտի վերաբերյալ։
«ՎԵՐԱ»-ն և նոր միջազգային կապերը
Վենետիկում ներկայացվել է նաև «ՎԵՐԱ» միջազգային կինոնախագիծը՝ Հայաստանի, Էստոնիայի, Լեհաստանի և Բելգիայի մասնակցությամբ։
Գալստյանի փոխանցմամբ՝ շվեյցարական SRG SSR-ի ներկայացուցիչ Արիանե Գամբինոյի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ֆիլմի վաճառքի վերաբերյալ։
Ուզբեկստանի ազգային կինոհանձնաժողովի ներկայացուցիչների հետ կողմերը պայմանավորվել են նկարահանումների փոխաջակցության հուշագրի շուրջ։
Ֆեդերացիան հանդիպումներ է ունեցել նաև միջազգային դիստրիբուցիոն և հեռուստատեսային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Միջազգային բովանդակություն հայկական հեռուստաշուկայի համար
Վենետիկի արդյունաբերական ծրագրի շրջանակում ՖԱՀՖ-ը հանդիպել է Warner Bros. Discovery HBO Europe-ի փոխնախագահ Յանա Մալիրովայի և ընկերության գնումների բաժնի ղեկավար Օլգա Ժուրովայի, ինչպես նաև Neterra Communications-ի և Pilot Film-ի ներկայացուցիչների հետ։
Գալստյանի փոխանցմամբ՝ այդ բանակցությունների հիման վրա Ֆեդերացիան ցանկանում է Հայաստանում գործող հեռուստաալիքներին և սթրիմինգային հարթակներին առաջարկել միջազգային ընկերությունների լիցենզավորված արտադրանք՝ հայերեն ենթագրերով կամ կրկնօրինակմամբ։
Խոսքը խաղարկային և անիմացիոն ֆիլմերի, հեռուստասերիալների, վավերագրական ու կրթական ծրագրերի, համերգային ձայնագրությունների և այլ աուդիովիզուալ բովանդակության մասին է։
Գալստյան․ պետական արձագանքը բացակայել է
Վենետիկյան արդյունքների մասին խոսելիս Գալստյանը բազմիցս անդրադարձել է Հայաստանի պետական կառույցների արձագանքի բացակայությանը։
Նրա քննադատության առանցքում ոչ միայն ԿԳՄՍ նախարարությունն է, այլև պետական կինոհամակարգի վերաբերմունքը՝ այն պայմաններում, երբ, ըստ նրա, միջազգային հարթակներում Հայաստանի անունով արդեն ընթացել են կոնկրետ մասնագիտական բանակցություններ։
«Աշխարհում իսկապես էլ կա 5-6 կինոարդյունաբերական հավաք, որտեղ «բարեկիրթ» երկիրը պետք է ներկա լինի։ Ու եթե Հայաստանը ունի այնպիսի կառույց, ինչպիսին է Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան, որն իր գործընկերների մասնավոր աջակցությամբ կարողանում է «ծածկել» այդ 6 միջոցառումներից 3-ը, ուրեմն պետության բեռը կիսով չափ թեթևանում է», — գրել է Գալստյանը։
Նա նաև հարց է բարձրացրել, թե ինչու պետական կառույցների պաշտոնական հաղորդակցություններում չեն ներկայացվում այն ձեռքբերումները, որոնք ապահովվում են պետական համակարգից դուրս գործող հայկական մասնագիտական կազմակերպությունների կողմից։
Գալստյանի խոսքով՝ ՖԱՀՖ-ի համար Վենետիկը դարձել է վերադարձ միջազգային կինոարդյունաբերության առանցքային հարթակներ։
Ֆեդերացիան նախատեսում է առանձին ամփոփիչ հաղորդագրությամբ ներկայացնել Վենետիկում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Առաջիկա հնարավոր միջազգային ուղղությունների թվում Գալստյանը նշել է Կահիրեն, Տալլինը և այլ կինոարդյունաբերական հարթակներ։















