Հայաստանի կինոյի հիմնադրամի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Classics բաժնում նախատեսված հայկական ծրագիրը ժամանակավորապես հետաձգվել է իրավական խնդրի պատճառով։ Հիմնադրամը տեղեկացրել էր, որ ֆրանսիական Kissani Films ընկերությունը, հղում անելով դեռևս 1990-ականներին կնքված պայմանագրին, ներկայացրել է պնդումներ հայկական կինոժառանգության կազմում ընդգրկված մոտ 250 ֆիլմերի նկատմամբ բացառիկ իրավունքների առկայության վերաբերյալ։
«ԿինոՊրես»-ին հասանելի դարձավ վեճի հիմք հանդիսացող պայմանագիրը, որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոսքը կարող է վերաբերել ոչ թե պարզապես «մոտ 250 ֆիլմի», այլ «Հայֆիլմի» 265 ֆիլմից կազմված ցանկի՝ 1918-ից մինչև 1995 թվական։ Այդ ցանկում են հայկական կինոյի պատմության առանցքային գործերից շատերը՝ «Նամուսը», «Պեպոն», «Կարինեն», «Բարև, ես եմ», «Մեր մանկության տանգոն», «Նռան գույնը», Ռոբերտ Սահակյանցի անիմացիոն աշխատանքները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի անավարտ «Երկրորդ քարավան» ֆիլմը:
Այս պատմության առանցքում միայն մեկ փառատոնի հետաձգումը չէ։ Այն բացում է ավելի լայն հարց․ Հայաստանի Հանրապետությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում արդյո՞ք ամբողջությամբ հասկացել և հաշվառել է, թե ինչ պայմանագրեր են կնքվել «Հայֆիլմի» ֆիլմերի շուրջ, ինչ տարածքներում են դրանք գործում, ինչ ժամկետներով և որ կառույցն է այսօր իրավասու այդ ֆիլմերի անունից գործել միջազգային շուկայում։
Պայմանագիր, որի սկզբնական կողմը Կինոյի հիմնադրամը չէր
1994 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում կնքվել է դիստրիբյուտորական իրավունքների զիջման պայմանագիր «Հայֆիլմ»-ի և ֆրանսիական Kissani Films-ի միջև։ Հայկական կողմը ներկայացրել է Գևորգ Գևորգյանը, ֆրանսիական կողմը՝ Անի Համելը և Գրիգոր Համելը։
Սա առանցքային հանգամանք է։ Պայմանագրի սկզբնական կողմը չի եղել ոչ ոլորտային նախարարությունը, ոչ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ոչ էլ ներկայիս Հայաստանի կինոյի հիմնադրամը։ Պայմանագիրը եղել է գործարար հարաբերություն գործող կինոստուդիայի և ֆրանսիական մասնավոր դիստրիբյուտորի միջև։
Այդուհանդերձ, Կինոյի հիմնադրամի հնարավոր կապը այս պայմանագրի հետ կարող է առաջանալ իրավահաջորդության շղթայի միջոցով։ Այսինքն՝ հարցը միայն այն չէ, որ Հիմնադրամը 1994 թվականի պայմանագրի կողմ չէր։ Ավելի կարևոր է՝ իրավահաջորդության արդյունքում նրան անցե՞լ են արդյոք ոչ միայն «Հայֆիլմի» ֆիլմերի նկատմամբ իրավունքները, այլ նաև այդ իրավունքների հետ կապված հին պայմանագրային սահմանափակումները, պարտավորությունները և վիճարկվող հարաբերությունները։
Այստեղից առաջանում է իրավական հիմնական անորոշությունը․ եթե «Հայֆիլմ»-Kissani պայմանագիրը դեռ ուժի մեջ է կամ եթե ֆրանսիական կողմը պնդում է դրա ուժը, ապա ինչ սահմաններում կարող էին Կինոյի հիմնադրամը կամ նախկինում Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնել այդ ֆիլմերը միջազգային հարթակներում՝ առանց հին պայմանագրի կարգավիճակը նախապես պարզելու կամ առանց պայմանագրային դիստրիբյուտորի հետ համաձայնեցման։
Այս պահին պարզ չէ՝ հարցը կմնա՞ նախադատական պահանջի շրջանակում, կհանգեցնի՞ բանակցությունների, թե՞ կարող է վերածվել դատական վեճի։ Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ հին պայմանագրի սկզբնական կողմ չլինելը Կինոյի հիմնադրամին չի ազատում իր կողմից ներկայացվող ֆիլմերի իրավական վիճակը ստուգելու անհրաժեշտությունից։
Ինչ էր տրվել ֆրանսիական դիստրիբյուտորին
Պայմանագիրը վերաբերում է դիստրիբյուտորական իրավունքների զիջմանը։ Սա չի նշանակում, որ ֆրանսիական ընկերությանը վաճառվել կամ օտարվել են ֆիլմերի սեփականության իրավունքները։ Խոսքը ֆիլմերի տարածման և իրացման իրավունքների մասին է։
Պայմանագրի համաձայն՝ Kissani Films-ին տրվել են ֆիլմերի բացառիկ դիստրիբյուտորական իրավունքներ։ Ձևակերպումները լայն են․ խոսքը հեռուստատեսության, մալուխային հեռարձակման, արբանյակային հեռարձակման, կինոթատերական ցուցադրման, ոչ առևտրային ցուցադրման, տեսաերիզների, վիդեոդիսկերի և այն ժամանակ արդեն գոյություն ունեցող կամ ապագայում ի հայտ եկող այլ կրիչների մասին է։ Միևնույն ժամանակ փոխանցվել են ֆիլմերի մերչենդայզինգի իրավունքները:
Տարածքային առումով պայմանագիրը վերաբերում է Ֆրանսիային, Եվրոպային և ֆրանկոֆոն երկրներին։ Այլ տարածքներում ֆիլմերի տարածումը պետք է իրականացվեր «Հայֆիլմ»-ի և Kissani Films-ի նախնական համաձայնությամբ։
Այս հանգամանքը հատկապես կարևոր է Անսիի դեպքի համար։ Անսին գտնվում է Ֆրանսիայում։ Եթե Kissani Films-ը պնդում է, որ պայմանագիրը դեռ ուժի մեջ է, ապա իր պահանջը կարող է կապել հենց Ֆրանսիայի տարածքում հայկական ֆիլմերի ցուցադրման բացառիկության հետ։
Եթե կար ֆրանսիական դիստրիբյուտոր, ինչո՞ւ չկար նախնական համաձայնություն
Այս պատմության մեջ կա նաև պարզ գործնական հարց։ Եթե 1994 թվականի պայմանագրով «Հայֆիլմի» ֆիլմերի համար Ֆրանսիայի տարածքում գոյություն ուներ ֆրանսիական դիստրիբյուտոր, ինչո՞ւ Անսիում նախատեսված ցուցադրությունների շուրջ նախապես չի փորձվել հասնել պայմանավորվածության հենց այդ ընկերության հետ։
Պայմանագրի տրամաբանության մեջ Kissani Films-ը ոչ թե արտաքին պատահական խոչընդոտ է, այլ այն կողմը, որին «Հայֆիլմ»-ը ժամանակին վստահել է ֆիլմերի տարածումը Ֆրանսիայի, Եվրոպայի և ֆրանկոֆոն երկրների տարածքում։ Եթե հայկական կողմը նախապես գիտեր կամ պարտավոր էր իմանալ այդ պայմանագրի մասին, ապա ֆրանսիական կողմի հետ համաձայնեցված ցուցադրության տարբերակը պետք է լիներ քննարկման առաջին տարբերակներից մեկը։
Փաստացի ստեղծվել է իրավիճակ, երբ հայկական ծրագիրը հետաձգվում է ոչ թե այն պատճառով, որ ֆիլմերը գոյություն չունեն կամ վերականգնված չեն, այլ որովհետև իրավական շղթան նախապես չի հստակեցվել։ Իսկ եթե հին պայմանագիրը դեռ ներկայացվում է որպես գործող, ապա հարցը դառնում է նաև կառավարման խնդիր․ ինչպե՞ս է հայկական կողմը մտել Ֆրանսիայի տարածքում անցկացվող փառատոնային ծրագիր՝ առանց նախապես պարզելու, թե Ֆրանսիայի մասով ով է պայմանագրային դիստրիբյուտորը և ինչ դիրքորոշում ունի նա։
10 տարի, որը կարող էր երկարաձգվել մինչև 2034 թվականը
Պայմանագրով իրավունքները տրվել են 10 տարի ժամկետով՝ ստորագրման օրվանից։ Սակայն նույն կետում նշված է, որ այդ ժամանակահատվածը երկարաձգվում է լռելյայն կարգով, եթե կողմերից որևէ մեկը վեց ամիս առաջ գրավոր չի հայտնում դադարեցման մասին։
Փաստաթղթում նշված է ոչ թե մեկանգամյա 10 տարվա ժամկետ, այլ 10 տարվա ժամանակահատված, որը կարող էր շարունակվել լռելյայն երկարաձգմամբ։
Եթե 1994 թվականի պայմանագիրը պատշաճ կերպով չի դադարեցվել, ապա առաջին ժամկետը կավարտվեր 2004 թվականին, հաջորդը՝ 2014-ին, երրորդը՝ 2024-ին։ Իսկ եթե մինչև 2024 թվականի հերթական ժամկետի ավարտը կողմերից որևէ մեկը վեց ամիս առաջ չի ծանուցել դադարեցման մասին, Kissani Films-ը կարող է պնդել, որ պայմանագիրը երկարաձգվել է ևս մեկ ժամանակահատվածով՝ մինչև 2034 թվականը։
Այստեղ հարցը ոչ միայն իրավական մեկնաբանության մեջ է, այլ նաև պետական հիշողության։ 1994 թվականին կնքված պայմանագիրը, որը 1997-ին գրանցվել է Ֆրանսիայում, տեսականորեն կարող էր շարունակել ազդեցություն ունենալ հայկական ֆիլմերի միջազգային շրջանառության վրա նաև 2026 թվականին։
265 ֆիլմ՝ մեկ ցանկում
Պայմանագրին կից ցանկում ներառված է 265 ֆիլմ։ Այն սկսվում է 1918 թվականի ֆիլմերից և հասնում մինչև 1995 թվական։ Ցանկը ներառում է հայկական կինոյի տարբեր շերտեր՝ համր շրջան, վաղ խորհրդային կինո, խաղարկային դասականներ, վավերագրական և անիմացիոն աշխատանքներ։
Այնտեղ կարելի է գտնել «Նամուսը», «Պեպոն», «Կարինեն», «Բարև, ես եմ», «Մեր մանկության տանգոն», «Սայաթ-Նովան» / «Նռան գույնը», ինչպես նաև Ռոբերտ Սահակյանցի «Կացինը», «Կոճակը» և այլ անիմացիոն ֆիլմեր։
Միևնույն ժամանակ այստեղ պետք է խուսափել պարզեցումից։ Այս ցանկը չի նշանակում, որ 265 ֆիլմերի սեփականության իրավունքը փոխանցվել է Kissani Films-ին։ Այն նշանակում է, որ այդ ֆիլմերի դիստրիբյուտորական օգտագործման բացառիկ իրավունքները որոշակի տարածքներում և որոշակի պայմաններով տրվել են ֆրանսիական ընկերությանը։
«Նռան գույնը»՝ նույն իրավական շղթայում
Պայմանագրի ցանկում առանձնահատուկ ուշադրության է արժանի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։ Փաստաթղթում ֆիլմը հայտնվում է ոչ թե մեկ, այլ երկու առանձին տողով՝ որպես «La couleur de grenade» և «Sayat Nova»։
Սա կարող է ունենալ կարևոր նշանակություն, քանի որ «Նռան գույնը» հայկական կինոյի ամենահայտնի և միջազգային շրջանառություն ունեցող ֆիլմերից է։ 2015 թվականին հայտարարվել էր, որ ֆիլմի վերականգնված տարբերակը էկրան կբարձրանա Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում և Իսպանիայում։ Նույն հրապարակման համաձայն՝ վերականգնման աշխատանքները կատարվել էին Բոլոնիայի L’Immagine Ritrovata լաբորատորիայում՝ World Cinema Foundation-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ռուսաստանի Գոսֆիլմոֆոնդի աջակցությամբ։
Այստեղ առաջանում է լրացուցիչ իրավական հարց։ Եթե 1994 թվականի «Հայֆիլմ»-Kissani պայմանագրում «Նռան գույնը» և «Սայաթ-Նովան» նշված են որպես պայմանագրային ցանկի առանձին դիրքեր, իսկ պայմանագիրը տարածվում է Ֆրանսիայի, Եվրոպայի և ֆրանկոֆոն երկրների վրա, ապա ի՞նչ իրավական հիմքով են հետագայում կազմակերպվել ֆիլմի եվրոպական ցուցադրությունները և տարածումը։ Արդյո՞ք այդ ժամանակ հաշվի է առնվել 1994 թվականի պայմանագիրը, եղե՞լ է համաձայնություն ֆրանսիական դիստրիբյուտորի հետ, թե՞ այս հանգամանքը նույնպես դուրս է մնացել պետական կառույցների իրավական վերահսկողությունից։
«Բարև, ես եմ»՝ Կաննում, MK2-ի հետ պայմանագիր և նույն հին ցանկը
Նույն իրավական հարցը կարող է առնչվել նաև Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմին։ 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնի Classics բաժնում տեղի է ունեցել ֆիլմի 4K վերականգնված տարբերակի պրեմիերան։ Հրապարակման համաձայն՝ թվային վերականգնումն իրականացվել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման աշխատանքները կատարվել էին ֆիլմի բնօրինակ սևապատկերից՝ լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» ստուդիայի կողմից։
Նույն հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ ցուցադրության նախօրեին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական MK2 դիստրիբյուցիոն ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի շնորհիվ ֆիլմը պետք է ներկայացվեր միջազգային տարբեր հարթակներում։
Սակայն «Հայֆիլմ»-Kissani պայմանագրի հավելվածում «Բարև, ես եմ» ֆիլմը նույնպես ներառված է փոխանցված ֆիլմերի ցանկում՝ ֆրանսերեն «Bonjour c’est moi» վերնագրով։ Այսինքն՝ նույն ֆիլմի շուրջ առկա է առնվազն երկու տարբեր իրավական շերտ․ 1994 թվականի պայմանագրով Ֆրանսիայի, Եվրոպայի և ֆրանկոֆոն երկրների մասով տրված դիստրիբյուտորական իրավունքների հարցը և 2023 թվականին Կինոկենտրոնի կողմից ֆրանսիական MK2 ընկերության հետ կնքված միջազգային ներկայացման պայմանագիրը։
Այս դրվագը լրացուցիչ սրում է ընդհանուր խնդիրը։ Եթե 1994 թվականի պայմանագիրը չի դադարեցվել կամ դրա իրավական հետևանքները չեն չեզոքացվել, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ իրավական հիմքով է հետագայում նույն ֆիլմի միջազգային տարածման շուրջ պայմանագիր կնքվել այլ ֆրանսիական դիստրիբյուտորի հետ։ Արդյո՞ք նախապես ստուգվել է «Հայֆիլմ»-Kissani պայմանագիրը, եղե՞լ է համաձայնեցում հին դիստրիբյուտորի հետ, թե՞ «Բարև, ես եմ»-ի դեպքը նույնպես իրականացվել է առանց «Հայֆիլմի» հին պայմանագրերի ամբողջական քարտեզի։
EVN Report-ի հրապարակման մեջ ևս նշվում էր, որ «Բարև, ես եմ» ֆիլմի համաշխարհային վաճառքները վարում է MK2-ը, իսկ ցուցադրություններից ստացված շահույթը կիսվում է հայկական կողմի հետ։ Ըստ նույն հրապարակման՝ Հայաստանում ցուցադրությունների թույլտվությունները ստացվում են հայկական իրավատերերից, իսկ միջազգային ցուցադրությունների դեպքում դրանք կարգավորում է MK2-ը։
Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը միայն Անսիի հետաձգված անիմացիոն ծրագրով չի սահմանափակվում։ Եթե «Բարև, ես եմ»-ը և «Նռան գույնը» նույնպես եղել են «Հայֆիլմ»-Kissani ցանկում, ապա հայկական կինոժառանգության միջազգային շրջանառության մեջ կարող են արդեն գոյություն ունենալ պայմանագրային շերտեր, որոնք միմյանց հետ առնվազն պարզաբանման կարիք ունեն։
Հարցականի տակ են նաև նախկին եվրոպական գործողությունները
«Նռան գույնի» և «Բարև, ես եմ»-ի օրինակները ավելի լայն հարց են բացում։ Եթե 1994 թվականի պայմանագիրը դեռ կարող է ներկայացվել որպես գործող կամ չդադարեցված, ապա հարցականի տակ են հայտնվում ոչ միայն ապագա ցուցադրությունները, այլ նաև այն գործողությունները, որոնք նախկինում իրականացվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի կամ պետական աջակցությամբ եվրոպական շուկայում։
Խոսքը ոչ թե այն մասին է, որ այդ գործողությունները անպայման ապօրինի են եղել։ Այդպիսի եզրակացություն կարելի է անել միայն ամբողջական փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։ Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ յուրաքանչյուր նման դեպք պահանջում է հին պայմանագրերի հետ համադրում․ հատկապես, եթե ֆիլմը ներառված է եղել «Հայֆիլմ»-Kissani ցանկում, իսկ նոր գործարքը կամ ցուցադրությունը իրականացվել է Ֆրանսիայում, Եվրոպայում կամ ֆրանկոֆոն տարածքում։
Այսինքն՝ Անսիի հետաձգումը բացել է ոչ միայն մեկ ծրագրի իրավական ռիսկը, այլ հնարավոր ռիսկերի ամբողջ շղթա։ Եթե 1994 թվականի պայմանագիրը ժամանակին չի դադարեցվել կամ դրա հետևանքները չեն պարզաբանվել, ապա հայկական կինոժառանգության եվրոպական շրջանառության մի շարք քայլեր կարող են հետադարձ հարցեր առաջացնել։
Այս հարցը կարող է մտահոգել նաև այն արտադրողներին, որոնք նոր ֆիլմերում օգտագործել են «Հայֆիլմ»-ի դասական ֆիլմերից կադրեր կամ հատվածներ։ Եթե Հայաստանի կինոյի հիմնադրամը կամ նախկինում Կինոկենտրոնը արտադրողներին թույլատրել է ներառել «Հայֆիլմ»-Kissani պայմանագրի ցանկում գտնվող ֆիլմերից հատվածներ նոր ստեղծագործությունների մեջ՝ հետագա ցուցադրության կամ տարածման իրավունքով նաև Ֆրանսիայի տարածքում, ապա այստեղ ևս կարող է առաջանալ իրավունքների հնարավոր բախում։ Առանց փաստաթղթային հստակ ապացույցի, որ համապատասխան իրավունքները «Հայֆիլմ»-ից փոխանցվել են նախարարությանը, Կինոկենտրոնին կամ Հիմնադրամին, բաց է մնում հարցը՝ արդյո՞ք այդ կառույցները լիազորված էին նման թույլտվություններ տրամադրել հատկապես այն տարածքի համար, որտեղ նախկինում գրանցվել էին ֆրանսիական դիստրիբյուտորի բացառիկ իրավունքները։
2015․ պետությանը վերադարձան կրիչները, ոչ թե պարզ դարձավ իրավունքների ամբողջ շղթան
2015 թվականի օգոստոսի 31-ի N 1050-Ա որոշումը այս պատմության մեջ առանցքային նշանակություն ունի։ Այդ որոշմամբ պետությունը լուծում էր 2005 թվականի մասնավորեցման հետևանքով առաջացած հարաբերությունները և վերադարձնում էր «Հայֆիլմ»-ի բաժնետոմսերը։
Սակայն որոշման ձևակերպումները ցույց են տալիս կարևոր տարբերակում։ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն պարտավորվում էր վերադարձնել իրեն օգտագործման իրավունքով տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Ֆիլմաֆոնդի ցանկի թվայնացված կրիչների բնօրինակները Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Մշակույթի նախարարության։
Այսինքն՝ նախարարությանը վերադարձվում էին թվայնացված կրիչների բնօրինակները։ Դա ինքնին չի նշանակում, որ նախարարությունը դարձել է ֆիլմերի գույքային իրավունքների անմիջական իրավատերը։
Նույն որոշմամբ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն պարտավորվում էր Մշակույթի նախարարությանը վերադարձնել նաև Ֆիլմաֆոնդի գույքային իրավունքների օգտագործման վերաբերյալ երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերի պատճենները։ Սա ուղիղ կապ ունի այսօրվա խնդրի հետ։ Եթե 2015 թվականին նախարարությանը պետք է փոխանցվեին նման պայմանագրերի պատճենները, ապա ինչպե՞ս ստացվեց, որ 2026 թվականին ֆրանսիական պահանջը կարող էր կանգնեցնել Անսիի ծրագիրը։
Այստեղ պետք է տարբերակել երեք բան՝ ֆիլմի նյութական կամ թվային կրիչը, ֆիլմի գույքային իրավունքները և այդ իրավունքների օգտագործման պայմանագիրը։ 2015 թվականի որոշմամբ նախարարությանը վերադարձվում էին թվայնացված կրիչների բնօրինակները և պայմանագրերի պատճենները, սակայն այդ ձևակերպումից ինքնին չի բխում, որ նախարարությունը դարձել է ֆիլմերի գույքային իրավունքների անմիջական իրավատեր։
Երկու իրավական գիծ․ Կինոյի հիմնադրամը և գործող «Հայֆիլմ» ՓԲԸ-ն
Այս պատմության մեջ կարևոր է չխառնել երկու տարբեր իրավաբանական գծեր։ Մի կողմից կա իրավահաջորդության շղթա՝ «Հայֆիլմ» պետական ձեռնարկություն, այնուհետև «Հայֆիլմ» ՊՈԱԿ, ապա Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ և վերջում Հայաստանի կինոյի հիմնադրամ։ 2024 թվականի կառավարության որոշմամբ Կինոյի հիմնադրամը ստեղծվել է Կինոկենտրոնի վերակազմավորման արդյունքում և համարվում է դրա իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան։
Մյուս կողմից, սակայն, գոյություն ունի նաև «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն՝ առանձին իրավաբանական անձ, որի շուրջ ձևավորվել են 2005 թվականի մասնավորեցման, գույքի ներդրման, բաժնետոմսերի վերադարձի և հետագա կառավարման հարաբերությունները։ Այսինքն՝ Հայաստանում միաժամանակ առկա են և՛ Կինոյի հիմնադրամը, որը իրավահաջորդության շղթայով կապվում է Կինոկենտրոնի և «Հայֆիլմ» ՊՈԱԿ-ի հետ, և՛ գործող «Հայֆիլմ» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերը պատկանում են պետությանը։
Այս երկակիությունը հատկապես տեսանելի դարձավ 2026 թվականին։ Նախ շրջանառվեց նախագիծ, որով առաջարկվում էր որպես նվիրատվություն ընդունել «Հայֆիլմ» ՓԲԸ-ի գույքը, այն ամրացնել պետական մարմնին, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Կինոյի հիմնադրամին և լուծարել հենց «Հայֆիլմ» ՓԲԸ-ն։ Սակայն վերջնականում պետությունը գնաց այլ ճանապարհով․ ընդունվեց որոշում, որով «Հայֆիլմ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին ԿԳՄՍ նախարարությանը։
Սա նշանակում է, որ պետությունը չգնաց «Հայֆիլմ» ՓԲԸ-ի լուծարման և դրա գույքը Կինոյի հիմնադրամին փոխանցելու ճանապարհով։ Փոխարենը պահպանվեց գործող ՓԲԸ-ն, իսկ փոխվեց դրա բաժնետոմսերի կառավարման մարմինը։ Այս հանգամանքը կարևոր է, որովհետև բաժնետոմսերի կառավարումը, գույքի օգտագործումը, թվայնացված կրիչների վերադարձը և ֆիլմերի գույքային իրավունքները նույն իրավական երևույթները չեն։
Հետևաբար բաց է մնում հիմնական հարցը․ «Հայֆիլմի» ֆիլմերի նկատմամբ իրավունքներն ու հին պայմանագրային պարտավորությունները ո՞ր գծով են այսօր շարունակվում՝ ՊՈԱԿ–Կինոկենտրոն–Կինոյի հիմնադրամ իրավահաջորդության շղթայո՞վ, գործող «Հայֆիլմ» ՓԲԸ-ի կորպորատիվ գծո՞վ, թե՞ դրանց միջև մինչ օրս գոյություն ունի չպարզաբանված իրավական բաժանում։ «Հայֆիլմ»-Kissani պայմանագրի համատեքստում այս տարբերակումը կարող է վճռորոշ լինել, որովհետև հարցը վերաբերում է ոչ միայն նրան, թե ով է պահում կրիչները կամ կառավարում բաժնետոմսերը, այլ նրան, թե ով է իրավասու թույլատրել ֆիլմերի օգտագործումը, վերականգնումը, միջազգային ցուցադրությունը կամ դրանց հատվածների ներառումը նոր ստեղծագործություններում։
2018․ «գույքային իրավունքների օգտագործում», բայց ոչ անպայման սեփականություն
Հայաստանի կինոյի հիմնադրամի կայքում «Հեղինակային իրավունք» բաժնում նշվում է, որ հիմնադրամը հիմք է ընդունում 2018 թվականի օգոստոսի 8-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության միջև կնքված «Գույքային իրավունքների օգտագործման մասին» պայմանագիրը, ինչպես նաև նույն պայմանագրի հիման վրա Կինոկենտրոնի և ՀՀ տարածքում գործող հեռուստաընկերությունների միջև կնքված լիցենզային պայմանագրերը։
Նույն էջում նշվում է, որ այդ հիմքով իրականացվում է ՀՀ հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական արտադրության խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմերի հեղինակների կամ օրենքով ժառանգ համարվող անձանց վարձավճարների գործընթացը։
Այս ձևակերպումը կարևոր է, որովհետև խոսքը կրկին «գույքային իրավունքների օգտագործման» մասին է։ Այն կարող է վկայել, որ նախարարությունը և Կինոկենտրոնը ստեղծել են ֆիլմերի հեռուստատեսային ցուցադրության և հեղինակների վարձատրության գործընթացի իրավական մեխանիզմ։ Սակայն այն ինքնին չի պատասխանում ավելի հիմնարար հարցին՝ արդյո՞ք «Հայֆիլմ» կինոստուդիայից ֆիլմերի գույքային իրավունքները պատշաճ կերպով փոխանցվել են նախարարությանը, Կինոկենտրոնին կամ հետագայում Կինոյի հիմնադրամին։
Այլ կերպ ասած՝ բաց է մնում իրավունքների ծագման հարցը։ Եթե 2015 թվականին նախարարությանը վերադարձվել են կրիչները և երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերի պատճենները, ապա ինչ փաստաթղթով, ինչ ծավալով և որ պահին են ֆիլմերի գույքային իրավունքները անցել նախարարությանը։ Եվ եթե 2018 թվականին Կինոկենտրոնը ստացել է այդ իրավունքների օգտագործման հնարավորություն, ապա արդյո՞ք դա լիարժեք իրավունք էր միջազգային դիստրիբյուցիայի, վերականգնված տարբերակների, եվրոպական ցուցադրությունների և նոր դիստրիբյուտորների հետ պայմանագրերի համար։
Այս հարցերը հատկապես կարևոր են, քանի որ 1994 թվականի պայմանագիրը կնքվել է ոչ թե նախարարության կամ Կինոկենտրոնի, այլ «Հայֆիլմ»-ի և Kissani Films-ի միջև։ Եթե ֆիլմերի նկատմամբ հիմնական գույքային իրավունքները կամ դրանց միջազգային օգտագործման լիազորությունները երբեք հստակ ու հրապարակային ձևով չեն փոխանցվել պետական կառույցներին, ապա հետագա եվրոպական գործողությունների իրավական հիմքը պահանջում է լրացուցիչ բացատրություն։
Հիմնադրամի հայտարարության իրավական սահմանը
Կինոյի հիմնադրամը իր հայտարարության մեջ նշել է, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ կիրականացվի համապարփակ ուսումնասիրություն՝ ներգրավելով համապատասխան մասնագիտական և իրավասու կառույցներին, իսկ հետագա քայլերը կձեռնարկվեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հայկական կինոժառանգության պահպանության ու պետական շահի պաշտպանության սկզբունքներով։
Այս ձևակերպումը հասկանալի է որպես հրապարակային արձագանք, սակայն այն ունի իրավական սահմաններ։
Առաջինը՝ 1994 թվականի պայմանագրի սկզբնական կողմը Կինոյի հիմնադրամը չէր։ Հետևաբար Հիմնադրամը պետք է նախ պարզաբանի ոչ միայն իր իրավահաջորդության հիմքերը, այլ նաև այն, թե այդ իրավահաջորդությամբ իրեն անցե՞լ են արդյոք տվյալ պայմանագրից բխող իրավունքներն ու պարտավորությունները։
Երկրորդը՝ պայմանագրով վեճերի լուծման դաշտը կապված է Փարիզի դատարանների հետ։ Այսինքն՝ եթե հարցը հասնի դատական վեճի, այն չի լուծվելու միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում։ Ֆրանսիայի իրավական դաշտը և պայմանագրային իրավազորության դրույթը այստեղ կարող են վճռորոշ նշանակություն ունենալ։
Երրորդը՝ պետական շահի պաշտպանության մասին ձևակերպումը դուրս է բերում հարցը միայն Կինոյի հիմնադրամի վարչական տիրույթից։ Եթե խոսքը պետական սեփականության, պետական ակտիվների, մշակութային ժառանգության և հնարավոր իրավական վնասների մասին է, ապա դա արդեն ոչ միայն Հիմնադրամի, այլ նաև իրավասու պետական մարմինների, այդ թվում՝ դատախազության քննության առարկա կարող է լինել։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ դատախազությունը «Հայֆիլմ» կինոստուդիայի վերաբերյալ 2023 թվականին քննություն էր նախաձեռնել, որի արդյունքում, ըստ հրապարակված տեղեկությունների, հարուցվել էր քրեական վարույթ։
Այս պատճառով Հիմնադրամի հայտարարությունը բացում է ոչ միայն Kissani Films-ի պահանջի ուսումնասիրության հարցը, այլ նաև Հայաստանի ներսում իրավասությունների հարցը․ ո՞վ է իրավասու խոսել «Հայֆիլմի» ֆիլմերի անունից, ո՞վ է իրավասու վիճարկել կամ ճանաչել հին պայմանագրերի ուժը, և ո՞վ է իրականում պատասխանատու պետական շահի պաշտպանության համար։
Երբ ֆիլմը կա, բայց իրավական քարտեզը՝ ոչ
Հայկական կինոժառանգությունը հաճախ ներկայացվում է որպես ազգային հիշողության և մշակութային ինքնության կարևոր մաս։ Սակայն ժառանգությունը միայն վերականգնված պատճեն, փառատոնային ցուցադրություն կամ հոբելյանական ծրագիր չէ։ Այն նաև պայմանագրերի հաշվառում է, իրավունքների քարտեզագրում, տարածքային սահմանափակումների ստուգում, հեղինակների և ժառանգների շահերի պաշտպանություն։
Kissani Films-ի պահանջը ցույց տվեց, որ հայկական կինոյի միջազգային ճանապարհին կարող են հայտնվել 1990-ականների պայմանագրեր՝ ստորագրված Ֆրանսիայի, ԱՊՀ տարածքի, ԱՄՆ-ի, Կանադայի և այլ ուղղությունների վերաբերյալ, որոնք պետական համակարգը կամ մինչև վերջ չի ուսումնասիրել, կամ չի օգտագործել որպես ռիսկերի քարտեզ։
Այս պահին քննարկման կենտրոնում են 265 ֆիլմեր՝ «Նամուսից» և «Պեպոյից» մինչև «Բարև, ես եմ», «Մեր մանկության տանգոն», «Նռան գույնը» և Ռոբերտ Սահակյանցի անիմացիան։ Բայց հարցը ավելի լայն է․ Հայաստանի Հանրապետությունը գիտի՞, թե իր կինոժառանգության նկատմամբ ինչ իրավունքներ, պայմանագրեր և սահմանափակումներ են գործում աշխարհում։



























