Մարտի 26-ին Հայաստանի կառավարությունը ընդունեց որոշում, որով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Որոշումն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող հարց և ընդունվել է առանց առանձին ներկայացման։
Ըստ որոշման՝ բաժնետոմսերի փոխանցման գործընթացը պետք է կազմակերպվի մեկամսյա ժամկետում՝ ԿԳՄՍ նախարարության և պետական գույքի կառավարման կոմիտեի մասնակցությամբ։
Տարբեր մոտեցումներ «Հայֆիլմ»-ի ապագայի շուրջ
Վերջին ամիսներին «Հայֆիլմ»-ի շուրջ պետական մակարդակում քննարկվում էին տարբեր կառավարման մոդելներ։
ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած տարբերակը նախատեսում էր պահպանել ընկերությունը և կենտրոնացնել դրա կառավարումը ոլորտային մարմնում՝ դիտարկելով կինոստուդիան որպես կինոարտադրական ենթակառուցվածքի հիմք։
Միաժամանակ, պետական գույքի կառավարման համակարգում շրջանառվում էր նաև այլ նախագիծ, որով առաջարկվում էր «Հայֆիլմ»-ի լուծարում և դրա գույքի փոխանցում պետությանը։
Նախագծի քննարկման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ «Հայֆիլմ»-ը հանդիսանում է առևտրային կազմակերպություն, և նման ընկերությունների կառավարումը պետք է իրականացվի համակարգող մարմնի կողմից, այլ ոչ թե ոլորտային նախարարության։
Նույն մարմինը նաև ընդգծել է, որ ներկայացված ծրագրում բացակայում են հստակ տվյալներ՝ ֆինանսավորման աղբյուրների, ծավալների և իրականացման ժամկետների վերաբերյալ, ինչը դժվարացնում է նախաձեռնության գնահատումը։
Այս դիտարկումները, սակայն, չեն ներառվել ընդունված որոշման մեջ։
Ինչ է փոխվում
Կառավարության որոշմամբ «Հայֆիլմ»-ի կառավարման լիազորությունները փոխանցվում են ԿԳՄՍ նախարարությանը՝ առանց ընկերության լուծարման։
Եթե, ինչպես պետական լրատվամիջոցներն են ներկայացնում, խոսքը պետական քաղաքականության կարևոր և ռազմավարական քայլի մասին է, ապա անհասկանալի է, թե ինչու «Հայֆիլմ»-ի նման պատմական և խորհրդանշական նշանակություն ունեցող կառույցի վերաբերյալ որոշումն ընդունվեց չզեկուցվող հարցերի շարքում՝ առանց առանձին քննարկման և պատշաճ հանրային ուշադրության։
Այսպիսով, այս փուլում ընտրվել է կինոստուդիայի կառավարման փոփոխության մոդելը, մինչդեռ «Հայֆիլմ»-ի հետագա զարգացման կոնկրետ ծրագիրը դեռևս չի ներկայացվել։
Ըստ ընդունված որոշման՝ նախատեսվում է կյանքի կոչել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման ծրագիրը․ կմշակվի կինոարդյունաբերական համալիրի զարգացման «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» հայեցակարգը, որը կընդգրկվի նաև «Հայկական կինոժառանգության պահպանման» 2027-2032 թթ. ծրագրում։ «Հայֆիլմ կինոարտադրական քաղաքը» կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ ստեղծելով ընդլայնված հնարավորություններ կինոարդյունաբերության և միջազգային համագործակցության զարգացման, մրցունակ կինոարտադրանքի և մշակույթի տնտեսավարման ապահովման համար:
Ընդունված որոշումը փաստում է, որ պետական մարմինների միջև նախկինում արձանագրված տարբեր մոտեցումները ցույց են տալիս, որ «Հայֆիլմ»-ի ապագայի շուրջ քննարկումները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն։
Հայաստանի կինոյի հիմնադրամի ուղերձը
Սիրելի կինոգործիչներ,
Այսօր կարևոր օր է հայկական կինոյի համար։
2026 թվականի մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ընդունվեց որոշում, համաձայն որի՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Տարիներ շարունակ «Հայֆիլմը» եղել է հայկական կինոյի սիրտը։ Այստեղ են ստեղծվել ֆիլմեր, որոնք ձևավորել են մեր ինքնությունը, մեր կինոյի լեզուն, մեր մշակութային հիշողությունը։ Սակայն երկար ժամանակ կինոստուդիան փաստացի դուրս էր մնացել իր երբեմնի դերակատարությունից, և հայկական կինոյի գլխավոր հենարանը կորցրել էր իր ակտիվ նշանակությունը։
Այսօր ընդունված որոշումը սոսկ կառավարման փոփոխություն չէ։ Սա կարևոր քայլ է դեպի «Հայֆիլմի» վերակենդանացում, դեպի հայկական կինոարտադրության համակարգված զարգացում և ազգային կինոժառանգության պահպանման ու արդյունավետ կառավարման նոր փուլ։
Այս գործընթացում հատկապես կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևողական դերակատարությունը։ Անձամբ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանի ուշադրությունն ու աջակցությունը նշանակալի են եղել այս որոշման կայացման ճանապարհին։ Տիկին Անդրեասյանը, հանդիսանալով նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, մշտապես կարևորել է կինոյի ոլորտի զարգացումը և «Հայֆիլմի» վերակենդանացման անհրաժեշտությունը՝ որպես հայկական կինեմատոգրաֆիայի ապագայի կարևոր բաղադրիչ։
Այս որոշումը նաև վստահության կարևոր ազդակ է կինոհամայնքին՝ ցույց տալու, որ հայկական կինոն կրկին դառնում է պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
«Հայֆիլմի» վերակենդանացումը նշանակում է ոչ միայն ժառանգության պահպանում, այլ նաև՝ հայ կինոյի երիտասարդացում և, իհարկե, նոր հնարավորությունների ստեղծում երիտասարդ հեղինակների, պրոդյուսերների, ռեժիսորների ու ողջ կինոհամայնքի համար։ Սա հնարավորություն է վերադառնալու այն տարածք, որտեղ ձևավորվել է հայկական կինոյի պատմությունը, և սկսելու հայկական կինոարտադրության նոր կենսափուլ։
Վստահ եմ՝ այս որոշումը նոր էջ է բացում հայկական և՛ կինոարտադրության, և՛ կինոարվեստի զարգացման համար և կարող է դառնալ ոլորտի համակարգային վերափոխման կարևոր հենասյուներից մեկը։
Սրտանց շնորհավորում եմ։
Դավիթ Բանուչյան
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն







































