«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը դարձել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամում Հայաստանի ազգային ներկայացուցիչ։ Նշանակման մասին առանձին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։
Ավետիսյանի անունը ներառվել է «Եվրիմաժ»-ի՝ անդամ պետությունների ներկայացուցիչների պաշտոնական ցանկում։ Հիմնադրամը նրան ներկայացնում է նաև որպես Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն։ Հայաստանի ազգային ներկայացուցչի փոխարինող է նշված Հայաստանի կինոյի հիմնադրամի միջմշակութային հաղորդակցության համակարգող Սուսաննա Հարությունյանը։
Նշանակման վերաբերյալ հրապարակումներ չեն հայտնաբերվել ո՛չ «Եվրիմաժ»-ի լրահոսում, ո՛չ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի կամ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական հարթակներում։ Հայտնի չէ նաև, թե երբ է Ավետիսյանը ստանձնել լիազորությունները։
KinoPress-ը 2026 թվականի հուլիսին, հղում կատարելով «Ոսկե ծիրան»-ի կայքում հրապարակված կենսագրականին, հայտնել էր Վրեժ Քասունու՝ «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ վերանշանակվելու մասին։ Այդ տեղեկության վերաբերյալ ևս հայկական կողմը կամ «Եվրիմաժ»-ը առանձին հայտարարություն չէին տարածել։ Ներկայում Քասունու անունը հիմնադրամի պաշտոնական ցանկում բացակայում է։
Կարեն Ավետիսյանը կինոքննադատ, մշակութային լրագրող և FIPRESCI-ի անդամ է։ 2023 թվականին նա դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, իսկ ներկայում ղեկավարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մշակույթի զարգացման հիմնադրամը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ծրագիրը։
Հայաստանը «Եվրիմաժ»-ին անդամակցում է 2016 թվականի հունվարի 1-ից։ Անդամ պետության ներկայացուցիչը մասնակցում է հիմնադրամի Կառավարման խորհրդի աշխատանքներին և ներգրավվում դրա քաղաքականության ու ռազմավարական ուղղությունների ձևավորման գործընթացում։














