Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» մեկամսյա կինոծրագիրը՝ նվիրված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին։
Ծրագիրն իրականացնում է Մշակույթի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներին նվիրված ֆիլմերի ցուցադրություններ։
Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզի Վերին Դվին գյուղում կանցկացվի ասորական համայնքին նվիրված ցուցադրությունը։ Կներկայացվի Ջեսի Արաբուի, Ռամսին Էդվարդի և Ռամի Ջաջոյի «Ասորեստան․ մեր թվարկություն» (2021) ֆիլմը։ Հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բելառուսական համայնքին նվիրված ծրագրով կցուցադրվի Դարյա Ժուկի «Բյուրեղ» (2018) ֆիլմը, իսկ հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գերմանական համայնքին նվիրված ցուցադրության շրջանակում՝ Վիմ Վենդերսի «Երկինքը Բեռլինի վրա» (1987) ֆիլմը։
Հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում եզդիական համայնքին նվիրված ծրագրով կներկայացվի Հուսեյն Հասանի «Ռեշեբա» (2016) ֆիլմը։ Հոկտեմբերի 16-ին Երևանի Կինոյի տան «Մալյան» դահլիճում հրեական համայնքին նվիրված ծրագրով կցուցադրվի Նորման Ջուիսոնի «Ջութակահարը տանիքին» (1971) ֆիլմը, իսկ հոկտեմբերի 18-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հունական համայնքին նվիրված ցուցադրության շրջանակում՝ Թեո Անգելոպուլոսի «Հավերժություն և մեկ օր» (1998) ֆիլմը։
Հոկտեմբերի 21-ին Գյումրիում լեհական համայնքին նվիրված ծրագրով կցուցադրվի Պավել Պավլիկովսկու «Իդա» (2013) ֆիլմը։ Հոկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում քրդական համայնքին նվիրված ցուցադրության շրջանակում կներկայացվի Հիներ Սալիմի «Իմ քաղցր Փեփերլենդը» (2013) ֆիլմը, իսկ հոկտեմբերի 25-ին Վանաձորում ռուսական համայնքին նվիրված ծրագրով՝ Միխայիլ Լոկշինի «Վարպետը և Մարգարիտան» (2024) ֆիլմը։
Հոկտեմբերի 30-ին Երևանի Կինոյի տան «Մալյան» դահլիճում ուկրաինական համայնքին նվիրված ցուցադրության շրջանակում կներկայացվի Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (1965) ֆիլմը։ Նոյեմբերի 4-ին նույն դահլիճում կցուցադրվի վրացական համայնքին նվիրված Գիորգի Շենգելայայի «Փիրոսմանի» (1969) ֆիլմը։ Բոլոր ցուցադրությունները կմեկնարկեն ժամը 18:00-ին։















