Այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որով ապրիլի 16-ը Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր: Նախագիծը խորհրդարանին ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյանը:
Նախագիծը ստացավ 76 կողմ և 13 դեմ ձայն, 23 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց:
«Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա այդ դեպքը չէ և հարցը տեւական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ, նախագիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց:
Շնորհակալ եմ խորհդարանի բոլոր խմբակցություներին՝ աջակցության համար եւ կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին: Առաջիկայում խորհրդարանը կվավերացնի «Եվրոպական միասնական արտադրանքի» կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից:
Առաջիկայում արդեն պատրաստ կլինի «Կինոյի մասին» օրենքը, և Հայաստանը կկարողանա վավերացնել «Ստեղծագործ Եվրոպայի» Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում», – իր ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ գրել է պատգամավորը: