«Օսկարի» գլխավոր կանխատեսողներից մեկը՝ պրոդյուսերների գիլդիան (PGA) հայտնել է ամենամյա մրցանակի դափնեկիրներին: Գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերական նվաճումների համար հաղթող է դարձել «1917» ռազմական դրաման:
Մրցանակներն ստացել են ֆիլմի ռեժիսոր (եւ միաժամանակ պրոդյուսեր) Սեմ Մենդեսը, Պիպա Հարիսը, Ջեյն էն-Թեգգրենը եւ Քալում ՄըքԴուգալը: «1917»-ի մրցակիցներն էին «Մակաբույծները», «Իռլանդացին», «Մի անգամ Հոլիվուդում», «Փոքրիկ կանայք», «Ջոկերը», «Ջոջո Ճագարը», «Ամուսնական պատմություն», «Ford ընդդեմ Ferrari» և «Դանակները դուրս»:
Հաղթողի օգտին քվեարկելիս պրոդյուսերների գիլդիայի անդամներն օգտագործում են այսպես կոչված նախապատվությունների համակարգը՝ ձայների մշակման մեթոդը, որում լավագույնը դառնում է այն ֆիլմը, որը հավաքել է նախապատվությունների ավելի քան 50 տոկոսը: Իսկ եթե ոչ մի թեկնածու չի կարողանում հասնել այդ շեմին, ապա ձայները բաշխվում են մյուսների միջեւ, քանի դեռ հաղթողը 50 տոկոս + մեկ ձայն չի ունեցել:
Նույն համակարգն օգտագործվում է «Օսկարի» «Լավագույն ֆիլմ» անվանակարգի համար: Անցյալ տարի գիլդիան տվեց «Կանաչ գրքին» գլխավոր մրցանակը, որը հետագայում նվաճեց նաեւ ոսկե արձանիկը: PGA մրցանակի գոյության 31 տարիների ընթացքում 21 համընկնում է եղել:
Ավելի վաղ «1917»-ը ստացել էր «Ոսկե Գլոբուս» մրցանակը՝ որպես լավագույն դրամա եւ «Օսկարի» տասը անվանակարգ: Ֆիլմը հայկական վարձույթում կհայտնվի հունվարի 30-ին: