Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Բեռլինալե 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում առաջին անգամ կմասնակցի առանձին տաղավարով: Այդ մասին տեղեկացնում է Կինոկենտրոնի մամուլի հաղորդգրությունը:
Հայկական տաղավարը հնարավորություն կընձեռի հայաստանյան կինոարտադրողներին՝ ներկայացնելու իրենց նախագծերը և ֆիլմերը: Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ հատուկ Բեռլինալեի Եվրոպական կինոշուկայի համար հրատարակելու է կատալոգ, որտեղ կարող են ընդգրկվել 2019-2020թթ. հայկական արտադրության նախագծերը, այդ թվում՝ 2019-2020թթ. պետական աջակցություն ստացած ֆիլմերն ու կինոնախագծերը, ինչպես նաև այն կինոարտադրողները, որոնք մասնակցելու են կինոշուկային և ցանկություն ունեն ընդգրկվել (ֆիլմերով, ֆիլմերի նախագծերով) հրատարակվելիք կատալոգում: Հայտերն ընդունվում են միայն անգլերեն լեզվով:
Հայտադիմումը հնարավոր է լրացնել հետևյալ հղումով մինչև 2020 թ․ հունվարի 15-ը:
Եվրոպական կինոշուկան անցկացվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում: Գալիք տարում այն կանցկացվի փետրվարի 20-ից 28-ը: