Մայիսի 2-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում նախատեսվում է ընդունել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը։
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամ»-ի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանըև այլն։
Հիմնադրամի գործունեության նպատակներն են՝
1) կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր և մշակութային պահանջների ձևավորումն ու բավարարումը.
2) կինոարվեստի բարձրարժեք և որակյալ գործերի ստեղծմանն աջակցությունը.
3) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը.
4) ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման ու պահպանման աջակցությունը.
5) կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը.
6) համատեղ կինոարտադրության խթանումը.
7) կինոժառանգության և կինոտարեգրության պահպանումը.
8) Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ազգային կինոարվեստի հանրահռչակումը.
9) միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցությունը և համատեղ արտադրությամբ իրականացվող կինոնկարներին աջակցությունը.
10) կինոարտադրության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին տեղական և միջազգային շուկաներին ինտեգրման աջակցության իրականացումը.
11) կինոոլորտի զարգացմանն ուղղված կինոծրագրերի իրականացումը.
12) օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու Դավիթ Բանուչյանը։
Որոշման նախագծի ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից: Որոշման ընդունումից հետո մեկնարկելու է հիմնադրամի գրանցման աշխատանքները և գույքի հանձնման-ընդունման գործընթացը։
Հիշեցնենք, որ Կառավարությունը արդեն հաստատել է համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը, վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը, կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման էր հանել ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու կարգը և ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները.