Irates.am կայքում հրապարակվել է Մարտին Հուրիխանյանի «Հայ կինոյի առայժմ հավերժական ժ/պ-ն ու նրա ձախավեր գործունեությունը» հոդվածը, որը առընչվում է Կինոկենտրոնին: Ստորև ներկայացնում ենք հոդվածը:
«Շուշանիկ Միրզախանյանը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գլխին հայտնվեց 2017 թ. հուլիսից, ՀՀ մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանի թեթև ձեռամբ, սակայն նրա նշանակումը կինոհանրույթի կողմից լրջորեն չընդունվեց, որովհետև այս միջանկյալ լուծումով Արմեն Ամիրյանը հեռահար խնդիր էր լուծում՝ հող նախապատրաստելով կինոկենտրոնի տնօրինումն Ամերիկայից հրավիրված, կինոարվեստում կասկածելի վաստակ ունեցող Ա. Բաղդասարյանի միջոցով իրականացնելու համար, ում, ըստ այդպես էլ շրջանառության վերջը չգտած լուրերի, այդ նույն կինոյի միջոցներից ամսական 1000 դոլարի հասնող գումար էին հատկացնում բնակարանի վարձակալության համար, ում, ըստ դարձյալ շրջանառության վերջը չգտած լուրերի, ամսական 4000 դոլար աշխատավարձ էին տալիս ու որի տակից կինոկենտրոնը փաստաթղթային ինչ-ինչ մանիպուլյացիաների արդյունքում միայն կարծես կարողացավ դուրս գալ, թեպետ տարուց ավելի շարունակվող ու այդպես էլ վերջ չգտած ստուգումները հայտնի չէ, թե դեռ ինչ հանգուցալուծման կբերեն:
Ֆիլմ-հանձնակատարի հորինված պաշտոնին անցած Արսեն Բաղդասարյանին այդպես էլ չհաջողվեց ամբողջությամբ ընդունել կինոկենտրոնի միանձնյա կառավարումը, քանի որ երկրում վրա հասավ իշխանափոխությունը։ ՈՒ մինչ հեղափոխական նորերը կհասցնեին հասկանալ` ինչ իրավիճակ է հայ կինոյում, մի քանի ամիս աշխատած Լիլիթ Մակունցը փոխարինվեց Նազենի Ղարիբյանով, որն իր նախորդից ոչ պակաս կարճ նախարարական կյանք ունեցավ։ Վերջինիս իր հերթին եկավ փոխարինելու Արայիկ Հարությունյանը, որը սուպերնախարարի կարգավիճակում ոլորտի համակարգումը հանձնեց փոխնախարար նշանակված Արա Խզմալյանին։
Դեպքերի ու դեմքերի արագահոսում փաստորեն շահող կողմը եղավ կինոկենտրոնի տնօրենի ժ/պ նշանակված, ներկայումս էլ այդ կարգավիճակում հարատևող Շուշանիկ Միրզախանյանը, ում համար այդպես էլ չգործեց ժ/պ լինելու ժամանակավորության կարգը։ Թե քանի՞ վեց ամիս լրացավ վերջինիս պարագայում, դժվար չէ հաշվել, բայց որ սույն տիկինն այս ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվեց իր անփոխարինելի լինելու համոզմունքի մեջ ու թե դա ինչ գին ունեցավ կինոկենտրոնի համար, հիմնովին ներկայացնելու թեմա է։
«Լռությունը ոսկի է» ժողովրդական իմաստությունը բնազդական մակարդակով սերտած Շուշանիկ Միրզախանյանն անգամ ծպտուն չհանեց, երբ Արսեն Ամիրյանի ցուցումով 97,8 միլիոն դրամ կտրվեց ֆիլմարտադրության աջակցության համար կինոկենտրոնին հատկացված միջոցներից ու տրամադրվեց DMH ստուդիային, որը ներառված էր «Սուսերով պարը» կինոնկարի աշխատանքների մեջ: Նա ծպտուն չհանեց և այն առնչությամբ, որ համաձայն ընդունված կարգի, Հայաստանում որևէ նախագծի չի կարող գումար տրվել առանց մրցույթի հայտարարման՝ լավ էլ իմանալով, որ այսպես վարվելը հնարավոր «ատկատների» կողմն է ցուցանում։ Շուշանիկ Միրզախանյանը ծպտուն չհանեց և այն ժամանակ, երբ այդ հատկացումով քաոսային վիճակ ստեղծվեց կինոկենտրոնի 2018-ի մի քանի տասնյակ կինոնախագծերի ֆինանսական աջակցության հարցում՝ հարկադրաբար վերահաշվարկվեցին դրանց ֆինանսական մասհանումները, արդյունքում կազմաքանդվեց հիմնարկության առնվազն մեկ տարվա աշխատանքը, սակայն Շ. Միրզախանյանը կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ի պաշտոնում մնալու մասի՞ն մտածեր, թե հերն էլ անիծած ինչ-որ կինոկենտրոնի ու հայ կինոյի։
Ի բարեբախտություն հայ մշակույթի, «Սուսերով պարի» պրեմիերայի ժամանակ (2019-ի դեկտեմբեր) Ա. Ամիրյանն արդեն խոր անցյալ էր, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց Շ. Միրզախանյանի լռությունն այն առնչությամբ, որ կինոնկարի ստեղծման կամ նրա ամբողջացման համար հատկացված մոտ 100 միլիոն դրամի դիմաց լուսագրերում հանրությունը կարդաց ընդամենը հետևյալը՝ «Մարս մեդիա» ինտերթեյմնթն ու DMH ստուդիան ներկայացնում են «Ֆլագման» կինոընկերության արտադրության «Սուսերով պարը» կինոնկարը»՝ այդպես էլ չունենալով կինոկենտրոնի մասին որևէ հղում նշմարելու բախտը։
Քանի որ վերը բերված փաստերը խոսունությունից պայթում են առաջին հայացքից լոկ անմեղսունակության թվացյալությամբ, կուսական լավ էլ հիմնովին մաշված ամոթխածությամբ, առանձնապես շա՞տ սխալված կլինենք՝ ենթադրելով, որ Ա. Ամիրյանի թույլ տված անօրենությունների, դրանց վրա Շ. Միրզախանյանի աչք փակելու առեղծվածն իրականում կոռուպցիոն բնույթի խորքային պատճառներ ունի ու դրանց վերհանման համար մասնագիտացված կառույցների խորատես հայացքն է պետք, այլապես այս լռությունը վերածվում է պետության նկատմամբ դավադրության, տանում է նրա հիմքերի կազմաքանդման, խարխլման։
Սակայն Հայաստանն ու նրա կինոկենտրոնը միայն «Սուսերով պարի» լուսագրերում չէ, որ անտեսված, արհամարհված եղան։ Նույնն է վիճակը և տեղեկատվական Kinopoisk.ru կայքի առնչությամբ։ ՈՒ այսքանից հետո պիտի հավատալ, որ սա պարզ թյուրիմացության հետևանք է ու ոչ հանցագործ գործելաոճի՞, ներքին ինչ-ինչ կեղտոտ գործարքների՞, սեփական երկրի, մշակույթի հանդեպ եղած արհամարհական, սպառողական վերաբերմունքի՞։ Թերևս միակ բանը, որ կարող է փոքրիշատե երկընտրանքի տեղ թողնել, Շ. Միրզախանյանի մարտնչող անգրագիտությունն է, որի մասին ավելի քան առարկայական դիտարկումներ են արված «Եթե բարձրացնենք քողը, ապա միանգամայն ակնհայտ է դառնում, որ…» հոդվածում (տպագրվել է «Իրատեսի» 2020-ի հունվարի 17-ի համարում), որտեղ առարկայական օրինակներ են բերված ազգայինի ու համազգայինի մասին նրա այն աստիճանի խայտառակ, անմակարդակ դատողություններից, որոնք անգամ պարտեզի տարիքի երեխաների ծիծաղը կարող են շարժել իրենց մանկամտության պատճառով։
Սակայն «Սուսերով պարի» հետ կապված պատմությունը սառցալեռան ընդամենը վերնամասն է։ Ոչ պակաս հետաքրքրություն է ներկայացնում, թե ինչպես է տնօրինվում հիմնարկության արտաբյուջեն։ ՈՒնենալով տարածքի վարձակալության, ջեռուցման (մեկ-երկու բացառությամբ, նախորդ երկու տարիների հանգույն, ամբողջ ձմեռը հիմնարկում ջերմաստիճանը չի բարձրացել +14-ից ու դա տնօրենության, դրա գլխին վերադասության կարգով կանգնած կառույցի քար անտարբերության պայմաններում), տեխնիկական միջոցները համալրելու (անձամբ ինքս արդեն երրորդ տարին աշխատում եմ իմ սեփական համակարգչով), հիմնարկի աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու, կենսական նշանակության այլ խնդիրներ՝ տնօրենի ժ/պ-ն դրանք ուղղորդել է իր գործուղումներին ու ճամփորդություններին, որոնց արդյունավետությունը հայ կինոյի համար գրեթե ամբողջապես եղել է զրոյական, իսկ ձեռք բերված ոչ արդյունավետ պայմանավորվածությունները հանգիստ կարելի էր կարգավորել էլեկտրոնային կապի միջոցներով ու ոչ թե արտասահմանյան ծախսատար վոյաժների վրա գումարներ մսխելով։
Աշխատանքի վատ կառավարման օրինակները պարզապես խայտառակ վիճակագրության են։ Հենց միայն ի՛նչ արժե տարեվերջյան աշխատավարձի ու հավելավճարի հետ կապված նախարարության ջանքերի չեզոքացում-զրոյացումը Շ. Միրզախանյանի կողմից. գումարը կինոկենտրոնի հաշվեհամարին է փոխանցվել դեկտեմբերի 25-ին, իսկ մարդիկ դրանք ստացել են երկու և հինգ օր ուշացումով, երբ ավարտվող տարվա հոգեբանությամբ գները շուկայում տիեզերականի մոտ թռիչք էին կատարել՝ արժեզրկելով ստացած աղքատավարձը։
Աշխատանքի վատ կառավարմանը մենք լայն անդրադարձ չենք կատարում՝ հատուկ դիտավորությամբ չխոսելով կամային գրաֆիկով աշխատանքի ներկայացող ժ/պ-ի խանական հակումների, աշխատաժամանակից դուրս աշխատողներին բանեցնելու, նրանց հետ արհամարհանքով հարաբերվելու, բարձր տոնով խոսելու, իր չիմացածն ու չկարողացածը աշխատողների գլխին բարդելու ու բազում այլ բաների մասին, քանզի միակ բանը, որին փայլուն տիրապետում է, ինտրիգներ հյուսելն է, մեկին մյուսի դեմ լարելը, յուրաքանչյուրի հետ հարցերն առանձին-առանձին պարզելը, վարչական ռեւսուրսների գործադրմամբ մարդկանց թույլ լարերի վրա խաղալը։ Իր չկայացածությամբ այս կինն այնքան խորամիտ է, որ չնայած կինոկենտրոնում աշխատանքի անցնելու երեք տարիներին, մինչև այժմ «Հայկ» ստուդիայում պահում է աշխատասենյակը «տնօրեն՝ Շ. Միրզախանյան» մակագրությունով՝ փոխարենն այդպիսին՝ ցուցանակը, չունենալով կինոկենտրոնում։ Հենց միայն սույն փաստը խոսում է այն մասին, թե նա որքան օտար է զգում իրեն կինոկենտրոնում ու ինչ դավադիր մտադրությամբ է կառուցվածքային փոփոխություններ փորձում իրականացնել կազմակերպությունում, երբ կատարյալ ապօրինությամբ երեք տարի մնում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի որակում, ներքաշված է դատական գործընթացի մեջ, ինչն արդեն իսկ անհամաչափ է դարձնում նրա գործողությունները, իրավունքի տեսակետից ոչ թե խոցելի, այլ՝ խոցված։
Կերպարային առումով թերատ կլիներ Շ. Միրզախանյանը, եթե չանդրադառնանք նրա գործունեության անբաժանելի մաս կազմող ստախոսությունը։ Բացեք կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջը, որտեղ յուրաքանչյուր ոչ միայն տող, այլև բառ նրա բացառիկ համաձայնությամբ է միայն տեղ գտնում, ու կիմանաք, որ կինոկենտրոնում «ֆիլմերի վերականգնման և թվայնացման կարևոր գործընթացը» սկսվել է 2018 թվականից, և սա այն դեպքում, երբ իր ողջ արատավորությամբ ու փաստական ձախողումով հանդերձ այն սկսվել է… 2006 թվից, իսկ միրզախանյանական ժամանակների արդյունք է ներկայացվում լեհական, կրկնում ենք, լեհական FIXAFILM ընկերության կողմից վերականգնված և թվայնացված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ., 10 րոպե) վավերագրական կինոնկարն այն դեպքում, երբ դրա վերջնարդյունքին նախորդել էին ընկերության հետ նախկին տնօրենության կողմից պայմանավորվածությունների ու համաձայնեցումների տարիներ ու Շ. Միրզախանյանի շնորհքը կամ աշխատանքի արդյունքը չէ Ս. Փարաջանովի ստեղծագործության վերականգնումն ու թվայնացումը. պարզապես աշխատանքների ամբողջացման ժամկետի սոսկական համընկնում է եղել։ Ի միջի այլոց, լրջագույն տագնապ կա, որ սույն ֆիլմը փառատոնից փառատոն տանող ու դրանով ներկայանալու խնդիր լուծող Շ. Միրզախանյանն այսպես շարունակելու դեպքում կարող է ունենալ անձի երկվություն ու ժամանակի ընթացքում իրեն նույնականացնել ֆիլմի հեղինակի հետ՝ անգամ չվարանելով սեռերի տարբերությունից, մտածելով, որ սա էլ կարելի է սվաղելով անցկացնել։
Թվայնացման մասին այսպես բարձրաձայնող ու իրականում փաստորեն ստող Շ. Միրզախանյանին բարեկամաբար կարելի էր խորհուրդ տալ Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ ոչ թե վեց հարյուր օրինակով գրողի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված անիմացիոն ֆիլմերի պատկերաձայնային խոտան որակավորված DVD տարբերակներին դեռ կարդալ չիմացող օտարազգի երեխաների համար նախատեսված ռուսերեն ենթագրեր ավելացնել, տիրաժավորել ու պետական միջոցները փաստացի ջուրը լցնել, այլ այդ գումարներն ուղղորդել դրանց պատշաճ թվայնացումն ապահովելուն ու պահպանելուն, թեպետ թվայնացումից բարբառող սույն ժ/պ-ն անգամ գաղափար չունի, որ դրա համար պիտի անհրաժեշտ սարքավորումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործել, մասնագիտական ռեսուրսներ, հիմնանյութերի թվայնացման տեխնիկական փորձագիտության արհեստավարժ մասնագետներ, ի վերջո ժամանակակից կինոլաբորատորիա ունենալ և ոչ թե անձնական քինախնդրության ու վրեժխնդրության դրդմամբ կինոկենտրոնի փորձագետ մասնագետի վերջը տալ՝ կրճատումի ճանապարհով։
Անգործության, անտեղյակության, անգրագիտության բազմաթիվ օրինակներ կարելի է բերել Շ. Միրզախանյանի գործունեությունից, որը վերևներում ունեցած կապերի շնորհիվ դեռևս գոյատևում է տարածության ու ժամանակի մեջ՝ աղետալի հարվածներ հասցնելով հայ կինոյին։ ՈՒ որ կարևորն է՝ առայժմ անպատիժ։
Ի պատասխան Շ. Միրզախանյանի թվացյալ ամենակարողության, մենք, որպես կռվան, ունենք մեր անբասիր անցած կյանքի ուղին իր անխոցելիությամբ, երկրի նկատմամբ ունեցած խոր հավատով ու նվիրվածությամբ, մատուցած ծառայություններով, որոնք առարկայնորեն դրսևորվել են ոչ միայն մեր հրապարակումներում, այլև պետական կառավարման ապարատներում ծավալած գործունեությունում։
Մարտին Հուրիխանյան
Հ. Գ. 1. Այնպես որ ակնթարթի տագնապ իսկ չունենք հնարավոր չարաշահումների մասով հրապարակման մեջ տեղ գտած փաստական նյութի առնչությամբ ու պահանջում ենք այդ մասով սույն հրապարակումն ընդունել որպես հայտարարություն կատարված հանցագործության մասին։
Հ. Գ. 2. Խնդրում եմ չընկալել որպես քնարական զեղում, սակայն ես լրջորեն անհանգստացած եմ կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ի աշխատասենյակում գտնվող, կինոյին ու կինոգործիչներին նվիրված հեղինակային ու թարգմանական գրքերիս առնչությամբ՝ տագնապելով, որ Շ. Միրզախանյանի ունեցած գրագիտությունը կարող է կորոնավիրուսի ազդեցություն ունենալ դրանց վրա։»