ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության կողմից մշակված Հայաստանում թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ծրագրի ներկայացումը, որը քննարկվել է հեռուստաընկերությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ։
Ծրագրի ներկայացմանը մասնակցել են աշխատանքային խմբի անդամները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Ստանդարտների ազգային ինստիտուտի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց ընկերության, մի շարք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:
Ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ տրվել է Թվային ինտերակտիվ հեռուստատեսության զարգացման ներդրման աշխատանքների մեկնակը։
Հիբրիդ հեռարձակման լայնաշերտ հեռուստատեսային համակարգի ֆունկցիոնալ նկարագիրը բերված է ստորև.
Հեռուստադիտողը, ցանկության դեպքում, հեռակառավարման վահանակի մեկ կոճակի սեղմամբ կմիանա տվյալ հեռուստաալիքի HBBTV հավելվածին: Հավելվածն իրենից ներկայացնում է ինտերնետային կայք, որի մի հատվածում շարունակվում է ցուցադրվել եթերից ընդունված գծային հեռուստատեսային կոնտենտը, իսկ էկրանի մնացած հատվածներում կարող է արտացոլվել ինտերնետից ներբեռնվող այլ լրացուցիչ ինֆորմացիա:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում թվային եթերային հեռարձակում են իրականացնում. հանրապետական սփռման թվով 8, մայրաքաղաքային սփռման թվով 10 և մարզային սփռման թվով 7 հեռուստաալիքներ: Բոլոր հեռուստաալիքները հեռարձակվում են պետության սեփականությունը համարվող թվային հաղորդիչ ցանցի միջոցով:
HBBTV համակարգին միացող հեռուստաընկերությունները պետք է իրականացնեն հեռուստադիտողին մատուցվող լրացուցիչ WEB կոնտենտի ձևավորումը և առաջխաղացումը, որտեղից HBBTV օպերատորի կողմից մշակվող HBBTV հավելվածը պետք է վերցնի ինֆորմացիան և արտացոլի հեռուստացույցի էկրանին: Catch-Up, Time Shift, VoD և նմանատիպ ծառայությունների մատուցման պարագայում հեռուստաընկերությունը պետք է ստեղծի կամ վարձակալի նաև համապատասխան ունակությամբ ինֆորմացիայի պահոցներ:
HBBTV հավելվածի ներդրմամբ հեռուստաընկերությունը հնարավորություն է ստանում ձևավորել և հեռուստադիտողին մատուցել լսարանի ժամանակակից պահանջներին համապատասխան ինտերակտիվ կոնտենտ: