Ուկրաինայի Պետկինոյի ղեկավար Ֆիլիպ Իլյենկոն սեփական ցանկությամբ ազատման դիմում է գրել, հաղորդում է ուկրաինական «ՈՒԱՆ» գործակալությունը: Իլյենկոն այդ մասին պատմել է տեսաուղերձում, որը հրապարակվել է սոցցանցերում:
«Ուկրաինայի Կինոյի հարցերով Պետական գործակալության ղեկավարի պաշտոնում իմ առաքելությունն ավարտված է:.. Այսօր ես Ուկրաինայի վարչապետին սեփական ցանկությամբ ազատման մասին դիմում եմ գրել, – ասել է Իլյենկոն: Դա թույլ կտա նոր կառավարությանը մոտ ժամանակներս անցկացնել համապատասխան բաց մրցույթ եւ նշանակել ոլորտի նոր ղեկավար»:
Իլյենկոն նշել է, որ կատարել է ուկրաինական կինեմատոգրաֆի վերականգնման խնդիրը՝ անցնելով «կինոարդյունաբերության լիակատար կոլապսից 2014 թվականին մինչեւ անկախության ողջ ընթացքում ոլորտի զարգացման լավագույն ցուցանիշներն այսօր»: Մոտ ժամանակներս պաշտոնյան պլանավորում է հանգստանալ, որպեսզի հետագայում շարունակի իր գործունեությունը ուկրաինական կինեմատոգրաֆում:
Ֆիլիպ Իլյենկո՝ ուկրաինացի դերասան, պրոդյուսեր եւ քաղաքական գործիչ: Կինոռեժիսոր Յուրի Իլյենկոյի եւ դերասանուհի Լյուդմիլա Եֆիմենկոյի որդին: Նա Ուկրաինայի կինոյի հարցերով Պետական գործակալության նախագահ է դարձել 2014 թվականին: