Բոլոր չինացի մասնակիցները հրաժարվել են Լաս Վեգասում CinemaCon այցելությունից, հաղորդում է THR-ը: Պատճառը կորոնավիրուսի հետագա տարածման աճող ռիսկերն են: Դրա հետ մեկտեղ միջազգային կինոշուկան նախատեսվում է անցկացնել պլանավորված ամսաթվերի ընթացքում:
Հաշվի առնելով, որ այս շաբաթ կորոնովիրուսի օջախները բռնկվել են Իտալիայում եւ Հարավային Կորեայում, աճում է հավանականությունը, որ Հոնկոնգյան Filmart-ից հետո այլ միջազգային կինոշուկաներ եւս կչեղարկվեն: Այնուամենայնիվ, CinemaCon-ի տնօրինությունը երեկ հատուկ հայտարարություն է տարածել, որ կինոշուկան ոչ միայն տեղի կունենա, այլեւ կանցնի ամբողջ ծավալով, առանց ծրագրի կրճատումների: Հայտարարության մեջ ընդգծվել է, որ մասնակիցների անվտանգությունն ու արդյունավետ աշխատանքը մնում են գլխավոր առաջնահերթությունը կազմակերպիչների համար:
Տնօրինությունը նաեւ հավելել է, որ իրենք մշտական կապի մեջ են Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (CDC) եւ առողջապահության այլ մարմինների հետ եւ հետեւողականորեն հետեւում են նրանց առաջարկություններին: