Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեմերոն Դիազը դուստր է ունեցել: Սա 47-ամյա Դիազի եւ նրա 40-ամյա ամուսնու՝ երաժիշտ Բենջի Մեդդենի առաջին երեխան է:
«Շնորհավոր Նոր Տարի Մեդեններից: Մենք այնքան երջանիկ, օրհնված եւ շնորհակալ ենք, որ այս նոր տասնամյակը սկսում ենք մեր դստեր՝ Ռադդիքս Մեդդենի ծննդյան հայտարարությունից: Նա անմիջապես գերեց մեր սրտերը և համալրեց մեր ընտանիքը», – նշվում է զույգի հայտարարության մեջ:
Ամուսինները հավելել են, որ մտադիր են պաշտպանել դստեր անձնական կյանքը կողմնակի աչքերից: «Չնայած նրան, որ մենք շատ ուրախ ենք կիսել այս լուրը ձեր հետ, մենք նաեւ զգում ենք երեխայի անձնական կյանքը պաշտպանելու բնազդային ցանկությունը: Այնպես որ, մենք չենք հրապարակելու լուսանկարներ կամ այլ մանրամասներ, բացառությամբ, որ նա իրոք շատ լավիկն է:
Նշենք, որ Դիազը եւ Մեդդենը սկսել են հանդիպել 2014 թվականին, իսկ 2015 թվականին ամուսնացել են: Հուդայական արարողությանը ներկա են եղել միայն նորապսակների մտերիմները: Այդ ժամանակից ի վեր դերասանուհին չի հայտնվել մեծ էկրաններին: Նրա խոսքով՝ նա ցանկանում է կենտրոնանալ իր անձնական կյանքի վրա: