Berlinale Talents-ը, թերևս, երիտասարդ կինոգործիչների համար ամենահայտնի կրթական ֆորումն է, որը եզակի հնարավորություն է տալիս մտնել մեծ կինոյի աշխարհ։ Միջոցառումը տեղի է ունենում ամեն տարի Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում և հավաքում է 250 «տաղանդ» ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակներում մասնակիցներն այցելում են տարբեր վարպետության դասեր, շփվում համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետների հետ և, իհարկե, դառնում Բեռլինի միջազգային կինոփառատոնի մի մասը՝ հնարավորություն ստանալով մասնակցել պրեմիերաների ցուցադրություններին:
Berlinale Talents-2021-ի հայտերի ընդունումը կտևի մինչև 2020-ի սեպտեմբերի 1-ը:
Մրցութային ընտրությանը կարող են մասնակցել ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, մոնտաժողներ, կոմպոզիտորներ, դերասաններ, սեյլզ գործակալներ, բեմադրող նկարիչներ, դիստրիբյուտորներ:
Հայտը անհրաժեշտ է լրացնել անգլերեն լեզվով, ինչպես նաև դրան կցել ստեղծագործական պորտֆոլիո, ուստի խորհուրդ ենք տալիս չհետաձգել և ծանոթանալ հարցաթերթիկին արդեն հիմա: Կամպուսի կազմակերպիչները պոտենցիալ մասնակիցների համար պատրաստել են հարցեր, որոնք իսկապես խոհուն և հասուն պատասխաններ են պահանջում:
Բոլոր մանրամասները՝ Berlinale Talents կայքում:
Այս տարի Հայաստանից մասնակցում էր Ջիվան Ավետիսյանը: Տարբեր տարիներին մասնակցել են Մարիա Սահակյանը, Արմինե Անդան, Օվսանա Շեկոյանը, Լիլիթ Մովսիսյանը և այլոք: