Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026 թվականի պետական ֆինանսավորման մրցույթին ներկայացված հայտերի ընդհանուր թիվը։ Օգոստոսի 3-ին հայտարարված լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերի մրցութային փուլերին ներկայացվել է ընդհանուր 90 հայտ, որոնցից հետագա գնահատման փուլ է անցել 43 նախագիծ։
Լիամետրաժ կինոնախագծերի 2026.1 մրցույթին ներկայացվել է 55 հայտ։ Դրանցից 25-ը վերաբերում էին զարգացման, 22-ը՝ արտադրության, 8-ը՝ հետարտադրության փուլերին։ Մեկ հայտ հետագայում չեղարկվել է հայտատուի կողմից, ևս չորս նախագիծ ներկայացվել է վերջնաժամկետից ուշ։ Արդյունքում ուսումնասիրվել է 50 հայտ, որոնցից մրցույթում ընդգրկվել է 25-ը։
Կարճամետրաժ կինոնախագծերի 2026.2 մրցույթին ներկայացվել է ևս 35 հայտ՝ 12 անիմացիոն, 17 խաղարկային և 6 վավերագրական։ Դրանցից մրցույթում ընդգրկվել է 18 նախագիծ՝ 9 անիմացիոն, 7 խաղարկային և 2 վավերագրական։
Այսպիսով՝ ներկայացված 90 հայտերից փորձագիտական գնահատման փուլ է հասել 43-ը՝ ներկայացված հայտերի շուրջ 48 տոկոսը։
| Մրցույթ | Ներկայացված հայտեր | Մրցույթում ընդգրկված | Խաղարկային | Վավերագրական | Անիմացիոն |
| 2026.1՝ լիամետրաժ | 55 | 25 | 16 | 6 | 3 |
| 2026.2՝ կարճամետրաժ | 35 | 18 | 7 | 2 | 9 |
| Ընդամենը | 90 | 43 | 23 | 8 | 12 |
Այս 43 նախագծերի միջև բաշխվելու է պետական ֆինանսավորման համար նախատեսված 272 մլն 715 հազար 300 դրամանոց մրցութային ընդհանուր բյուջեն։ Դրա 65 տոկոսը՝ 177 մլն 264 հազար 945 դրամը, նախատեսված է լիամետրաժ նախագծերի, իսկ 35 տոկոսը՝ 95 մլն 450 հազար 355 դրամը, կարճամետրաժ նախագծերի համար։ Հիմնադրամը լիամետրաժների դեպքում սահմանել է առնվազն երկուական խաղարկային, վավերագրական և անիմացիոն նախագծի, իսկ կարճամետրաժների դեպքում՝ երկու խաղարկային և մեկական վավերագրական ու անիմացիոն նախագծի ֆինանսավորման նվազագույն քանակական ցուցանիշ։
Հատկանշական է նաև հրապարակումների ժամանակագրությունը։ Հայտերի ընդունումն ավարտվել էր դեռ սեպտեմբերի 2-ին։ Մրցույթում ընդգրկված նախագծերի անվանացանկերն ու փորձագիտական հանձնախմբերը Հիմնադրամը հրապարակեց հոկտեմբերի 28-ին, իսկ մրցույթին առհասարակ ներկայացված հայտերի ամբողջական քանակական պատկերը՝ միայն հոկտեմբերի 30-ին։ Այսպիսով, ոլորտը ներկայացված 90 հայտերի ընդհանուր թվի մասին պաշտոնական տեղեկություն ստացավ հայտերի ընդունման ավարտից գրեթե երկու ամիս անց։
Տվյալների այս մասնատված հրապարակումն առանձնապես ուշագրավ է այն պատճառով, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության շուրջ թափանցիկության և հաշվետվողականության հարցերը շարունակվում են արդեն երկրորդ տարին։ 2025 թվականին Հիմնադրամը ապրիլի 25-ին հայտարարել էր տարվա «առաջին»՝ 2025.1 պետական ֆինանսավորման մրցույթը, որին ներկայացվել էր 62 հայտ, սակայն Հիմնադրամի հրապարակված մրցութային նյութերում տարվա երկրորդ պետական ֆինանսավորման մրցույթի հայտարարություն չի ներկայացվել։ 2026 թվականին պետական աջակցության մրցութային գործընթացը ևս մեկնարկել է մեկ ժամանակահատվածում՝ օգոստոսի 3-ին։
2026 թվականի դեպքում Հիմնադրամը լիամետրաժ և կարճամետրաժ մասերը անվանել է առանձին՝ 2026.1 և 2026.2 մրցույթներ։ Սակայն երկուսն էլ հայտարարվել են նույն օրը, իրականացվում են նույն N 32-Ն կանոնակարգով և ունեն մեկ ընդհանուր՝ 272,7153 մլն դրամ բյուջե, որը պարզապես բաժանված է 65 և 35 տոկոս համամասնությամբ։ Ավելին՝ գործող կանոնակարգի 6-րդ կետը մրցույթը սահմանում է երկու տեսակով՝ լիամետրաժ և կարճամետրաժ, և երեք անվանակարգերով՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն։
Միևնույն ժամանակ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական ֆինանսավորման մրցույթներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ՝ ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն։ Նույն պահանջը կրկնված է նաև ԿԳՄՍ նախարարի N 32-Ն հրամանով հաստատված գործող կանոնակարգի 4-րդ կետում։ Հետևաբար պարզաբանման կարիք ունի՝ արդյոք նույն օրը հայտարարված և մեկ ընդհանուր բյուջե ունեցող լիամետրաժ ու կարճամետրաժ փուլերը Հիմնադրամը համարում է օրենքով նախատեսված երկու առանձին տարեկան մրցույթ, թե դրանք մեկ մրցույթի երկու տեսակներն են, ինչպես դրանք նկարագրում է հենց կանոնակարգը։
Հոկտեմբերի 28-ին հրապարակված ցանկերի համաձայն՝ 2026.1 լիամետրաժ նախագծերի մրցույթում ընդգրկվել է 25 հայտ՝ 11-ը զարգացման, 13-ը արտադրության և մեկը հետարտադրության փուլում։
Զարգացման փուլում անիմացիոն նախագծերից ընդգրկվել է «Ասոն և Մասկոն»-ը։ Դեբյուտային նախագիծը ներկայացրել է «Սեվուն» ՍՊԸ-ն՝ Մարիամ Սևոյանի ղեկավարությամբ։ Պրոդյուսերը և ռեժիսորը Ջանիկ Սևոյանն է, սցենարի հեղինակը և նկարիչը՝ Մարիամ Սևոյանը։ Մյուս անիմացիոն նախագիծը՝ «Հայտնված աշխարհի լեգենդը», ներկայացրել է «Հոշկի Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Արմինե Աբրահամյանի (Արմինե Անդա) ղեկավարությամբ։ Արմինե Աբրահամյանը նաև նախագծի պրոդյուսերն է, սցենարի հեղինակը և ռեժիսորը, նկարիչների թվում նշված են Աննա Հակոբյանն ու Հեղնար Պետրոսյանը։
Զարգացման փուլի խաղարկային նախագծերից «Ամահին Ամանոր»-ն ներկայացրել է «Պիանո Գրուպ» ՍՊԸ-ն՝ Շուշանիկ Արևշատյանի ղեկավարությամբ։ Արևշատյանը նաև պրոդյուսերն է, սցենարի հեղինակներն են Դավիթ Սարգսյանն ու Հարություն Վիրաբյանը, իսկ ռեժիսորը՝ Դավիթ Սարգսյանը։ «Ամենն ի բարի»-ն ներկայացրել է «Ին փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ Իննա Սահակյանի ղեկավարությամբ։ Պրոդյուսերը Իննա Սահակյանն է, սցենարի հեղինակները՝ Ռուբեն Ղազարյանն ու Ագապի Ազարյանը, ռեժիսորը՝ Ռուբեն Ղազարյանը։ «Արևի Ասպետը» ներկայացրել է «Արև Ֆիլմ Ստուդիա» ՍՊԸ-ն՝ Հրանտ Վարդանյանի ղեկավարությամբ, պրոդյուսերներն են Հրանտ Վարդանյանը և Արփի Ջոբանյանը, Հրանտ Վարդանյանը նաև նախագծի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է։
«Գտիր նրան»-ը ներկայացրել է «Արեմակ» ՍՊԸ-ն՝ Արամ Շահբազյանի ղեկավարությամբ։ Նախագծի պրոդյուսերն է Ալեսսիա Բելլոտտո և Նաիրա Սարգսյանը, որը նաև սցենարի հեղինակն ու ռեժիսորն է։ «Խաննա»-ն ներկայացրել է «Մուսո Ստուդիա» ՍՊԸ-ն։ Պրոդյուսերներն են Կարինե Սիմոնյանն ու Նանե Մնացականյանը, սցենարի հեղինակները՝ Աննա Դավթյանն ու Րաֆֆի Մովսիսյանը, որոնք նաև հանդես են գալիս որպես ռեժիսորներ։ «Ճակատագիր»-ը ներկայացրել է «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ Արամայիս Հայրապետյանի ղեկավարությամբ։ Հայրապետյանը նաև պրոդյուսերն է, սցենարի հեղինակը՝ Էդգար Բաղդասարյանը, ռեժիսորը՝ Արամայիս Հայրապետյանը։
Զարգացման փուլում ընդգրկվել են նաև «Սալոմեն և Հովհաննես Գեղեցիկը», «Ամուսնուս կոստյումը» և «Մերի, Գիշեն, սերի, Ֆրանսիա» նախագծերը։ «Սալոմեն և Հովհաննես Գեղեցիկը» ներկայացրել է «Ֆերմատա Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանի ղեկավարությամբ, որը նաև նախագծի ռեժիսորն, սցենարի հեղինակն ու պրոդյուսերն է։ Նախագծի պրոդյուսերներն են նաև Սոնա Մարգարյանը և Ֆրանսուա դ’Արտեմարը: «Ամուսնուս կոստյումը» ներկայացրել է «Մակուր Մ» ՍՊԸ-ն՝ Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ․ պրոդյուսերը Մարինե Ադամյանն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը՝ Արտակ Սիմոնյանը։ «Մերի, Գիշեն, սերի, Ֆրանսիա»-ն ներկայացրել է «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ՍՊԸ-ն՝ Մանվել Սարիբեկյանի ղեկավարությամբ․ Սարիբեկյանը նաև պրոդյուսերն է, սցենարի հեղինակը՝ Վալերի Գասպարյանը, ռեժիսորը՝ Արմեն Խաչատրյանը։
Արտադրության փուլում ընդգրկվել է 13 լիամետրաժ նախագիծ։ Անիմացիոն «Զակո»-ն ներկայացրել է «ՕնՕֆֆ Ստուդիա» ՍՊԸ-ն՝ Տիգրան Առաքելյանի ղեկավարությամբ։ Պրոդյուսերների թվում են Սուսաննա Խաչատրյանը և միջազգային համապրոդյուսերներ Ռոն Դայենսը (Ֆրանսիա) և Յուստե Միխայլինաիտեն (Լիտվա), սցենարի հեղինակն է Էդգար Բաղդասարյանը, ռեժիսորը՝ Տիգրան Առաքելյանը։ Նախագիծը նոր չէ պետական ֆինանսավորման համակարգում և նախորդ տարիներին արդեն ստացել է պետական աջակցություն զարգացման փուլի համար։
Խաղարկային արտադրության նախագծերի թվում են «Անավարտ»-ը՝ «Օրդեր Ֆիլմ Փրոդաքշն» ՍՊԸ-ից, պրոդյուսեր Հայկ Օրդյան, սցենարիստներ Վիգեն Չալդրանյան և Սաթա Նալբանդյան, ռեժիսոր Վիգեն Չալդրանյան, ինչպես նաև «Եթե հանկարծ…» նախագիծը՝ «Կինոկետ Փրոդաքշն» ՍՊԸ-ից, պրոդյուսերներ Մկրտիչ Բարոյան և Զարեհ Արևշատյան, սցենարի հեղինակներ Զարեհ Արևշատյան և Աննա Պետրոսյան, ռեժիսոր Զարեհ Արևշատյան։
«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2. Մարդասպանը ես եմ» նախագծի պրոդյուսերների թվում են Ռուբեն Եսայանը, Մարի Մկրտչյանն ու Ռուզաննա Հարությունյանը, սցենարի հեղինակը՝ Մարիամ (Մանո) Հովհաննիսյանը, ռեժիսորը՝ Գոռ Հարությունյանը։ «Ինտեռո ինկոգնիտո»-ն ներկայացրել է «ՀԱՅԱՍԱ ՖԻԼՄ» ՍՊԸ-ն՝ Տաթևիկ Սարգսյանի ղեկավարությամբ, պրոդյուսերը Արմեն Սիմոնյանն է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը՝ Բենիամին Գևորգյանը։ Նախագիծը նախկինում ևս ներկայացվել է 2023.2 և 2024.1 պետական ֆինանսավորման մրցույթին «Էյ Դի ֆիլմս» ՍՊԸ-ի և այլ պրոդյուսերի կողմից, սակայն ֆինանսավորման համար չի հաստատվել։
«Ծիրանագույն երկինք» ներկայացրել է «Լայֆթրի Փիքչըրզ» ՍՊԸ-ն՝ Ջիվան Ավետիսյանի ղեկավարությամբ։ Ավետիսյանը նախագծի պրոդյուսերներից է, ռեժիսորներն են Ջիվան Ավետիսյանն ու Վլադիմիր Բայչերը։ «Կարո+»-ը ներկայացրել է «Միտոյան» ՍՊԸ-ն՝ Արման Սիմոնյանի ղեկավարությամբ․ պրոդյուսերներն են Արման Սիմոնյանն ու Նարեկ Հարությունյանը, սցենարի հեղինակը՝ Րաֆայել Տեր-Սարգսյանը, ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը։ «Ձայնդ կտրի՛ր»-ը ներկայացրել է «Կրեատիվ փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ Օֆելյա Թովմասյանի ղեկավարությամբ։ Պրոդյուսերներն են Օֆելյա Թովմասյանն ու Վարդան Հակոբյանը, սցենարի հեղինակները՝ Դիանա Կարդումյանն ու Սարգիս Հովսեփյանը, ռեժիսորը՝ Դիանա Կարդումյանը, նկարիչը՝ Լուսինե Սարգսյանը։ Նախագիծը ևս նախկին պետական մրցույթի մասնակից է։ 2023.2 մրցույթին նախագիծը չհաստատվեց, սակայն 2024.1 մրցույթում նախագիծը ստացավ զարգացման ֆինանսավորում:
«Մեռների տունը» ներկայացրել է «Ինկոգնիտո Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ Սարգիս Գալստյանի ղեկավարությամբ։ Պրոդյուսերների թվում են Մարինե Գալստյանն ու Լիլիթ Մարտիրոսյանը, իսկ սցենարի հեղինակն ու ռեժիսորը Սարգիս Գալստյանն է։ «Պարտք» ներկայացրել է «Բիլիվ Փրոդակշն» ՍՊԸ-ն՝ Աննա (Մաքսիմ) Հարությունյանի ղեկավարությամբ․ Հարությունյանը նաև նախագծի պրոդյուսերը, սցենարի հեղինակն ու ռեժիսորն է։
Արտադրության փուլի վավերագրական նախագծերից «Կասեցված»-ը ներկայացրել է «Ավա Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Անի Որսկանյանի ղեկավարությամբ, իսկ ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է։ «Սպասելով խաղաղությանը» ներկայացրել է «Դավոս Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ․ Սարգսյանը նաև նախագծի պրոդյուսերներից է, սցենարի հեղինակն ու ռեժիսորը։ «Վերհիշելով ներկան»-ը ներկայացրել է «Էդգար Բաղդասարյան Ֆիլմ Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ Կարինե Սիմոնյանի ղեկավարությամբ․ պրոդյուսերը Կարինե Սիմոնյանն է, սցենարի հեղինակը՝ Սեդրակ Ավետիսյանը, ռեժիսորը՝ Արման Այվազյանը։
2026.1 մրցույթի միակ հետարտադրության նախագիծը վավերագրական «Սև կոկոն»-ն է։ Այն ներկայացրել է «Բացատ Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Աշոտ Միքայելյանի ղեկավարությամբ։ Նախագծի պրոդյուսերն ու ռեժիսորը Մերի Միքայելյանն է։
2026.2 կարճամետրաժ մրցույթում ընդգրկված 18 նախագծերից ինը անիմացիոն են՝ «Ակվարիում», «Գաղտնիքների գիշերը», «Թռչունն ու Երջանիկը», «Խրամատ», «Մեծերն ու փոքրերը», «Տան մեջ գայլ կա», «Տատիկը և ստվերը», «Փախուստ» և «Քութո»։
«Ակվարիում»-ը ներկայացրել է «Դիջիֆիլդ» ՍՊԸ-ն՝ Իզաբելլա Ներսիսյանի ղեկավարությամբ, իսկ Անդրանիկ Թորոսյանը նախագծի պրոդյուսերը, սցենարի հեղինակը, ռեժիսորն ու նկարիչն է։ «Գաղտնիքների գիշերը» ներկայացրել է «Հոշկի Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Արմինե Աբրահամյանի (Արմինե Անդա) ղեկավարությամբ․ նախագծի պրոդյուսերը, սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արմինե Անդան է։ «Թռչունն ու Երջանիկը»-ի պրոդյուսերն է Անի Օրդյանը, իսկ Մարիամ Արզումանովան հանդես է գալիս որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր և նկարիչ։
«Խրամատ»-ը ներկայացրել է «Ռեակտ Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Վրեժ Քասունին նախագծի պրոդյուսերը, սցենարի հեղինակը, ռեժիսորն ու նկարիչն է։ «Խրամատ»-ը պետական մրցույթների համար նոր նախագիծ չէ․ նույն անունով և նույն հիմնական ստեղծագործական կազմով այն ներկայացված էր դեռ 2021 թվականի առաջին պետական ֆինանսավորման մրցույթին, սակայն ֆինանսավորումը չեր հաստատվել։
«Մեծերն ու փոքրերը» ևս ներկայացրել է «Հոշկի Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ նախագծի պրոդյուսերն, ռեժիսորն, նկարիչն ու սցենարի հեղինակը Արմինե Անդան է, ֆոների նկարիչ Հեղնար Պետրոսյանը: Դեբյուտային «Տան մեջ գայլ կա» անիմացիոն նախագիծը ներկայացրել է «Ռեակտ Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ Վրեժ Քասունու ղեկավարությամբ։ Քասունին նաև նախագծի պրոդյուսերն է։ Սցենարի հեղինակը Սոֆյա Միրզոյանն է, որը հանդես է գալիս նաև որպես ռեժիսոր և նկարիչ։
Դեբյուտային «Տատիկը և ստվերը» ներկայացրել է «Փիքարտիքս» ՍՊԸ-ն՝ Անահիտ Զաքարյանի ղեկավարությամբ։ Զաքարյանը նաև նախագծի պրոդյուսերն է։ Սցենարի հեղինակը Լիանա Գևորգյանն է, որը նաև ֆիլմի ռեժիսորն է, իսկ նկարիչը՝ Մարիամ Հովհաննեսյանը։
Դեբյուտային «Փախուստ» անիմացիոն նախագիծը ներկայացրել է «ՕնՕֆֆ ստուդիա» ՍՊԸ-ն՝ Տիգրան Առաքելյանի ղեկավարությամբ։ Նախագծի պրոդյուսերը Սուսաննա Խաչատրյանն է, սցենարի հեղինակը՝ Ռուսաստանից Սոֆյա Մարտինովան։ Ռեժիսորներն են Սոֆյա Մարտինովան և Սուսաննա Խաչատրյանը, իսկ նկարիչը՝ Տիգրան Գրիգորյանը։ «Փախուստ»-ը պետական ֆինանսավորման մրցույթին առաջին անգամ չի մասնակցում․ նախագիծը նույն ընկերության, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի, սցենարիստ Սոֆյա Մարտինովայի և նույն ռեժիսորական կազմի մասնակցությամբ ներկայացվել էր նաև 2025.1 մրցույթին։ Նախորդ տարվա հայտում, սակայն, որպես նկարիչ նշված էր Միլենա Ադամյանը։
Ոչ դեբյուտային «Քութո» անիմացիոն նախագիծը ներկայացրել է «Մուֆլոն Փրոդաքշն» ՍՊԸ-ն՝ Գրիգոր Պողոսյանի ղեկավարությամբ։ Պրոդյուսերների թվում են Գրիգոր Պողոսյանը, ԱՄՆ-ից Մարկ Հոլդերը և Ճապոնիայից համապրոդյուսեր Կենտո Իվամուրան։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Գրիգոր Պողոսյանն է։
Կարճամետրաժ խաղարկային նախագծերից ոչ դեբյուտային «Ամա»-ն ներկայացրել է «Էյ Դի Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Դիանա Ավետիսյանի ղեկավարությամբ։ Նախագծի պրոդյուսերներն են Դիանա Ավետիսյանը և Ռուսաստանից Արթուր Նազարեթյանը։ Արթուր Նազարեթյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է։
Ոչ դեբյուտային «Երբ գիշերը հանդիպում է օրվան» նախագիծը ներկայացրել է «Կինորա» ՍՊԸ-ն՝ Կարեն Մուրադյանի ղեկավարությամբ։ Նախագծի պրոդյուսերներն են Կառլեն Մուրադյանն ու Անդրանիկ Սահակյանը։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Օվսաննա Շեկույանն է։
Ոչ դեբյուտային «Թև»-ը ներկայացրել է «ՍԱԹԻ ՍԻՆԵՄԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն՝ Սաթիկ Ստեփանյանի ղեկավարությամբ։ Նախագծի պրոդյուսերը Կարեն Ծատուրյանն է, իսկ սցենարի հեղինակն ու ռեժիսորը՝ Սահակ Գրիգորյանը։ «Թև»-ը պետական ֆինանսավորման մրցույթին առաջին անգամ չի մասնակցում․ նույն նախագիծը նույն արտադրող ընկերությամբ, պրոդյուսեր Կարեն Ծատուրյանով և սցենարիստ-ռեժիսոր Սահակ Գրիգորյանով ներկայացված էր նաև 2025.1 մրցույթում։
Դեբյուտային «Խոսք» նախագիծը ներկայացրել է «ԴԵՖԻՆ Պրոդակշն» ՍՊԸ-ն՝ Նարեկ Նազարյանի ղեկավարությամբ։ Պրոդյուսերներն են Նարեկ Նազարյանն ու Աշխեն Գրիգորյանը։ Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Նալբանդյանն է։
Ոչ դեբյուտային «Կայուն թեքություն» նախագիծը ներկայացրել է «Ռեկորդ Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Տիգրան Մանուկյանի ղեկավարությամբ։ Մանուկյանը նաև նախագծի պրոդյուսերն է։ Սցենարի հեղինակը Սերգո Ուստյանն է, որը նաև ֆիլմի ռեժիսորն է, իսկ նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։
Ոչ դեբյուտային «Շախմատ»-ը ներկայացրել է «Դավոս Ֆիլմ» ՍՊԸ-ն՝ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ։ Նախագծի պրոդյուսերներն են Դավիթ Սարգսյանն ու Օքսաննա Գևորգյանը։ Սցենարի հեղինակը Օքսաննա Գևորգյանն է, իսկ ռեժիսորը՝ Դավիթ Սարգսյանը։
Դեբյուտային «Վարդ» նախագիծը ներկայացրել է «Ֆորմլաբ» ՍՊԸ-ն՝ Արամ Պետրոսյանի և Լուսինե Պապոյանի ղեկավարությամբ։ Նախագծի պրոդյուսերը Էլեն Նահապետյանն է, իսկ սցենարի հեղինակն ու ռեժիսորը՝ Վահե Պապոյանը։
Վավերագրական կարճամետրաժ նախագծերից ոչ դեբյուտային «Արևի կարոտ»-ը ներկայացրել է «Ստուդիա 33» ՍՊԸ-ն՝ Գուրգեն Պարոնյանի ղեկավարությամբ։ Պարոնյանը նաև նախագծի պրոդյուսերն է։ Սցենարի հեղինակը Արտավազդ Եղիազարյանն է, իսկ ֆիլմի ռեժիսորներն են Րաֆֆի Մովսիսյանն ու Սիլվա Խնկանոսյանը։
Դեբյուտային «Միկրո աղետ» վավերագրական նախագիծը ներկայացրել է «ԴԵՖԻՆ ՊՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն՝ Նարեկ Նազարյանի ղեկավարությամբ։ Նազարյանը նաև նախագծի պրոդյուսերն է, իսկ սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արթուր Սահակյանն է։
2026.1 լիամետրաժ նախագծերը գնահատող հանձնախմբում ընդգրկվել են ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Արա Մնացականյանը՝ ԱՄՆ-ից, պրոդյուսեր Արամ Մովսեսյանը՝ Ռուսաստանից, սցենարիստ, բեմադրիչ և պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը, դերասան, կինոռեժիսոր և պրոդյուսեր Նորա Արմանին՝ Ֆրանսիայից, և թատերագետ, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը։
2026.2 կարճամետրաժ նախագծերի հանձնախմբում ընդգրկվել են ռեժիսոր Գագիկ Ղազարէն, կինոգետ Կարեն Ավետիսյանը, պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը, ռեժիսոր, անիմատոր, նկարիչ և սցենարիստ Նաիրա Մուրադյանը և Ֆրանսիայից կինոռեժիսոր, սցենարիստ ու դերասան Սերժ Ավեդիկյանը։
Հրապարակված 43 նախագծերի ցանկը դեռ պետական ֆինանսավորման արդյունքը չէ։ Գործող կանոնակարգի համաձայն՝ այժմ նախագծերը փոխանցվում են փորձագիտական հանձնախմբերին, որոնց նախնական գնահատման համար տրվում է մինչև 25 աշխատանքային օր։ Դրանից հետո նախատեսված են հաջորդ փուլ անցած նախագծերի հրապարակումը, ռեժիսորների և պրոդյուսերների հետ անհատական հանդիպումները, վերջնական գնահատումը, վարկանիշային և ֆինանսավորման ամփոփաթերթիկի կազմումը և նախագծերի հաստատման նիստերը։
Հատկանշական է, որ 2026 թվականի մրցույթը կազմակերպվում է որպես ոլորտի լայն մասնակցությամբ մշակված նոր համակարգ։ Կինոյի հիմնադրամը 2026 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել էր, որ նոր կանոնակարգը նախորդ տարվա վերջին մշակվել է կինեմատոգրաֆիստների ակտիվ ներգրավմամբ՝ շնորհակալություն հայտնելով Կինոգործիչների միությանը, ոլորտային գիլդիաներին և մասնագիտական կառույցներին համագործակցության համար։ Դեռ 2025 թվականի հուլիսին Հիմնադրամում ձևավորվել էր նաև իրավակարգավորումների և ընթացակարգային բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբ, որում ընդգրկված էին Հիմնադրամի ներկայացուցիչների հետ նաև Արտյոմ Բաղդասարյանը, Արմինե Անդան, Տիգրան Առաքելյանը, Րաֆֆի Մովսիսյանը, Զառա Ջյանը, Կարինե Սիմոնյանը, Հովհաննես Գալստյանը և Թամարա Ստեփանյանը։ Հիմնադրամը խմբի նպատակը ներկայացրել էր որպես ոլորտային առաջարկների և բարեփոխումների մեխանիզմների համատեղ մշակում։ Հետևաբար ներկայիս մրցույթի ընթացքը նաև հնարավորություն է գնահատելու այն կանոնակարգի գործնական կիրառությունը, որը Հիմնադրամն ինքն է ներկայացրել որպես ոլորտի մասնակցությամբ և ավելի թափանցիկ, արդար ու արդյունավետ գործընթաց ապահովելու նպատակով մշակված փաստաթուղթ։
Մրցույթի ժամանակացույցի վերաբերյալ հարցերը, սակայն, շարունակում են մնալ։ Հայտերի ընդունումն ավարտվել էր սեպտեմբերի 2-ին։ N 32-Ն հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ աշխատանքային խումբը փաստաթղթերի ուսումնասիրությունը պետք է իրականացներ վերջնաժամկետին հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Առանց ժամկետի կասեցումների այդ ժամանակահատվածը լրանում էր սեպտեմբերի 24-ին, իսկ աշխատանքային խմբի որոշումից հետո մրցույթում ընդգրկված հայտերի անվանացանկերն ու փորձագիտական հանձնախմբերի կազմերը պետք է հրապարակվեին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Կանոնակարգը նախատեսում է ժամկետի կասեցման հնարավորություն, եթե հայտատուին ժամանակ է տրվել թերություններն ու բացթողումները շտկելու համար։ Սակայն Հիմնադրամի հոկտեմբերի 28-ի և 30-ի հրապարակումներում չի ներկայացվել՝ երբ են սկսվել նման կասեցումները, որքան են տևել և երբ է աշխատանքային խումբը յուրաքանչյուր մրցույթի վերաբերյալ կայացրել վերջնական որոշումը։ Հետևաբար հանրությանը հասանելի տվյալներով հնարավոր չէ ստուգել՝ արդյոք հոկտեմբերի վերջին կատարված հրապարակումները համապատասխանել են նախարարի հաստատած ժամկետներին։
Փաստացի մրցույթում ընդգրկված նախագծերի և փորձագետների անունները հրապարակվել են հայտերի ընդունման ավարտից 56 օր անց, իսկ ներկայացված հայտերի ընդհանուր քանակական հաշվետվությունը՝ ևս երկու օր հետո։ Այդ հանգամանքը հատկապես հակասական է Հիմնադրամի՝ 2026 թվականի համար հռչակած «առավել թափանցիկ, արդար և արդյունավետ» մրցութային գործընթացի համատեքստում։
Այժմ ժամանակային խնդիրը տեղափոխվում է հաջորդ փուլ։ Հոկտեմբերի վերջին 43 նախագիծ նոր է անցնում փորձագիտական գնահատման, որի միայն առաջին փուլի համար նախատեսված է մինչև 25 աշխատանքային օր։ Դրանից հետո դեռ պետք է տեղի ունենան վերջնական գնահատման և պետական ֆինանսավորման հաստատման փուլերը։
Հետևաբար բաց է մնում ոչ միայն այն հարցը, թե ինչպես են 43 նախագծերը մրցելու 272,7153 մլն դրամի համար, այլև ավելի գործնական հարցը՝ արդյոք 2026 թվականին հայտարարված պետական աջակցության այս մրցութային ցիկլով ընտրված նախագծերը կհասցնեն պայմանագրեր կնքել և փաստացի պետական ֆինանսավորում ստանալ մինչև բյուջետային տարվա ավարտը։
















