Marvel կինոստուդիան թարմացրել է իր վարձույթի գրաֆիկները: Ինչպես հաղորդում է Deadline պարբերականը, նախկինում արդեն հայտարարված թողարկումներին ավելացել են եւս հինգ դեռեւս անանուն նախագծեր: Դրանք հանդիսատեսին կներկայացվեն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, 2023 թվականի փետրվարի 17-ին, 2023 թվականի մայիսի 5-ին, 2023 թվականի հուլիսի 28-ին եւ 2023 թվականի նոյեմբերի 3-ին:
Այսպիսով, սկսած 2021 թվականից ստուդիան մտադիր է թողարկել տարեկան չորս լիամետրաժ ֆիլմ: Նրանք կմտնեն արդեն գոյություն ունեցող կինոտիեզերքի զարգացման հաջորդ փուլ, որը համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենահաս դրամարկղային ֆրանշիզան է:
Հիշեցնենք, որ 2020 թվականին հանդիսատեսին կներկայացվի «Սեւ Այրի» մենաֆիլմը՝ նվիրված Նատաշա Ռոմանոֆի արկածներին՝ Սքարլեթ Յոհանսոնի կատարմամբ: Այն կթողարկվի ապրիլի 30-ին: Նոյեմբերին վարձույթում կհայտնվի «Հավերժները» կոմիքսների էկրանավորումը:
Աշնանը նաեւ Disney+ հոսքային ծառայությունը կթողարկի «Բազեն եւ Ձմեռային զինվորը» հեռուստատեսային սերիալի առաջին եթերաշրջանը, որը նվիրված է Վրիժառուների մասին լիամետրաժ ֆիլմերի երկրորդական կերպարներին: