Ռիդլի Սքոթի եւ YouTube-ի «Կյանքը մեկ օրում» հավակնոտ պրոդյուսերական նախագիծը կվերադառնա առաջին վավերագրական ֆիլմի թողարկումից 10 տարի անց: Ռեժիսոր Քևին Մաքդոնալդը կրկին կզբաղեցնի ռեժիսորական աթոռը և կպատմի մոլորակի կյանքի մեկ օրվա մասին՝ ամբողջ աշխարհից օգտատերերի սիրողական տեսանյութերը միավորելով մեկ ֆիլմում, հաղորդում է Variety-ն:
«Կյանքը մեկ օրում 2020» ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի «Սանդենս» կինոփառատոնում և YouTube-ում: Նոր վավերագրական ֆիլմը կկազմվի այն տեսահոլովակներից, որոնք նկարահանվել են մոլորակի տարբեր անկյուններից մեկ օրում՝ 2020 թվականի հուլիսի 25-ին: YouTube-ը տեսանյութեր կընդունի lifeinaday.youtube կայքում մինչև օգոստոսի 2: Տեսանյութը կարող է նկարահանվել ցանկացած լեզվով, իսկ հայտերի ներկայացման ավարտից հետո 30 հոգանոց թիմը կդիտի, կընտրի և կթարգմանի ուղարկված նյութերը: Մոնտաժով կզբաղվեն ռեժիսոր Քևին Մաքդոնալդը և նրա թիմը: Ֆիլմի գործադիր պրոդյուսերն են Ռիդլի Սքոթը և Քայ Լու Հսյունգը:
«Ես ուրախ եմ, որ տասը տարի անց մենք անում ենք «Կյանքը մեկ օրում 2020» նախագիծը: Ինչպե՞ս ենք փոխվել այս ընթացքում: Ինչպե՞ս է փոխվել մեր վերաբերմունքը ինքներս մեզ նկարահանելու նկատմամբ: Ի՞նչ ենք ակնկալում ապագայում պատմության այս արտակարգ բեկումնային պահին», – ասում է Քևին Մաքդոնալդը:
«Կյանքը մեկ օրում» առաջին ֆիլմը YouTube-ը պատվիրել էր իր հինգերորդ տարեդարձին: Ընդամենը ծառայությունը ստացել էր մոտ 80 հազար հայտ: Արդյունքում, 2010 թվականի հուլիսի 24-ին նկարահանված նյութի 6000 ժամից ստացվել է մեկուկես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանն ու դերասան Արսեն Գրիգորյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականին «Սանդենս» կինոփառատոնում: YouTube-ում ֆիլմը դիտել են արդեն ավելի քան 16 մլն անգամ: