Լոնդոնի Muso գործակալության վերլուծաբանների թարմ տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի խոշոր տարածքներում կարանտինային միջոցառումների հայտարարումից եւ մեկուսացման ռեժիմից հետո տեսահենային կայքերում տրաֆիկը բարձրացել է ավելի քան 40 տոկոսով:
ԱՄՆ-ում հոսքային եւ ֆիլմերի ներբեռնման կայքերի հաճախելիությունն աճել է 41,4 տոկոսով, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 42,5 տոկոսով: Դա մարտի վերջին յոթ օրերի տվյալներն են՝ փետրվարի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Նույն պատկերը նկատվել է նաեւ Եվրոպայի այլ երկրներում՝ Իտալիայում ֆիլմերով եւ սերիալներով տեսահենային կայքերի այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում աճել է 66 տոկոսով, Իսպանիայում՝ 50,4 տոկոսով, Գերմանիայում՝ 35,5 տոկոսով: Այդ տարածքներում տեսահենության բռնկումները փոխկապակցված են կարանտինի սահմանման ժամկետների հետ:
Muso-ում ենթադրել են, որ տեսահենության բռնկումը մոտավորապես համապատասխանում է օնլայն կինոթատրոնների օրինական ծառայությունների պահանջարկի աճին: Որպես օրինակ, նրանք բերեցին Netflix-ի տվյալները, որը հաշվետվություն է ներկայացրել այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում բաժանորդների թվի ռեկորդային աճի մասին: Ստրիմինգ-հսկան մասնակիորեն բացատրել է այն հարկադիր տնային ռեժիմով: