ԵՐԵՎԱՆ, 07 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի թվում հաստատվել է «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» որոշումը: Սա «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի շրջանակում ոլորտը համակարգող առաջին ընդունված կարգն է:
Ինչպես նշվում է ԿԳՄՍ նախարարության հիմնավորման մեջ «ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի վիճակագրական հաշվառման և պահպանության մեխանիզմները, հետևաբար չի գործում մեկ միասնական տեղեկատվական հարթակ, որտեղ հավաքագրված կլինեն հայկական արտադրության ֆիլմերի վերաբերյալ ամբողջւական տեղեկատվությունը: Միաժամանակ՝ Ազգային ֆիլմերի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու համար ազգային ֆիլմի փաստաթղթերը պետք է հանձնվեն մշտական պահպանության՝ Ազգային մարմին և Հայաստանի Հանրապետության Ազգային Արխիվ: Այս գործընթացը ևս ներկայում չի իրականացվում, ինչը ռիսկային է հայկական ֆիլմերի պահպանման, հեղինակային և հարակից իրավունքների կարգավորման տեսանկյունից:»:
Կինոռեեստրի ստեղծման և վարման համար պատասխանատու է «Ազգային մարմին» հիմնադրամը, որը ներկայիս պահին ստեղծված չէ: Կինոռեեստրը իր մեջ ներառելու է համապարփակ տեղեկություն պետական ֆինանսավորում ստացած կինոնկարների մասին և բաց է լինելու բոլորի համար: Հարթակը իրենից չի ներկայացնելու առցանց կինոթատրոն: Ինչպես նշվում է որոշման մեջ՝ «Կինոռեեստրում գրանցվում են ազգային ֆիլմերի, դրանց ստեղծագործական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները:»:
Կինոռեեստրը հիմք ընդունելով օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, ներառում է իր մեջ միայն տեղական ազգային ֆիլմերի մասին տեղեկատվություն՝ «ստվերում» թողնելով արտասահմանյա կինոնկարները և այն ժապավենները, որոնք չեն համարվի «ազգային»:
Որոշման երկրորդ մասում ընդգծվել է ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը: Համաձայն 2005 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառության մեջ էր դրվում «վարձութային վկայական» հասկացությունը: Վկայականը տրվում էր նյութերի հանձնման հիման վրա, սակայն չկար սահմանված լիազոր մարմին, որը պետք է ընդուներ նյութերը և տրամադրեր վարձութային վկայական: Մոտ 20 տարի անց այդ օրենքը ստացավ տրամաբանական շարունակություն:
«Ազգային ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ ազգային մարմին` համաձայն «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» օրենքով սահմանված ժամկետների և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով սահմանված իրավունքների: Ազգային մարմինը՝ ազգային ֆիլմի փաստաթղթերի (այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութեր ու ֆիլմի բնօրինակ) պատճենները հանձնում է Հայաստանի ազգային արխիվ՝ համաձայն «Արխիվային գործի մասին» օրենքի: Ազգային մարմին և Հայաստանի ազգային արխիվ հանձնման ենթակա նյութերի ցանկը սահմանում է ազգային մարմինը:»
Օրենքով Կառավարությանը պետք է հաստատի՝
1) պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում (այսուհետ` պետական ֆինանսավորում) տրամադրելու կարգը.
2) ֆիլմի առանձին կատեգորիաների պետական ֆինանսավորման մասնաբաժինները և սահմանաչափերը.
3) ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները.
3.1) ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող` ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները.
4) համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը.
5) վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը.
6) ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը.
7) դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը.
8) կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը.
Համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթների «օրենքի 10-23-րդ հոդվածների դրույթները գործելու են դրանք կանոնակարգող Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից։»:
Ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ: